«Ամեն վայրկյան կարում ենք, 100 քնապարկ՝ միայն վերջին օրերին». զինվորներին օգնող կամավորական խումբը ակտիվացրել է աշխատանքները

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի սահմաններին Ադրբեջանի հարձակման լուրն իմանալով 24-ամյա Մարիամն ասում է՝ իր սոցիալական ցանցի էջերում արագ հայտարարություն տարածեց, որպեսզի կրկին համախմբի ընկերներին ու կամավորների մեծ խմբի՝ զինվորներին օգնություն ցուցաբերելու համար։

«44-օրյայի ժամանակ էինք սկսել մեր նախաձեռնությունը, այս երկու տարվա ընթացքում չէինք դադարեցրել քնապարկեր կարել, տաք ժիլետ, գուլպա, գլխարկ գործել զինվորների համար, բայց սեպտեմբերի 13-ից նոր թափով սկսեցինք ու ավելի շատ մարդ ներգրավեցինք»,- «Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ լեզվաբան Մարիամ Հովհաննիսյանը։

Մարիամն ասում է, որ նախաձեռնությունը միայնակ է սկսել, սակայն կարճ ժամանակ անց արձագանքել և իրեն են միացել մոտ 500 կամավոր Երևանից և տարբեր մարզերից՝ Լոռի, Տավուշ, Սյունիք, ինչպես նաև այլ նախաձեռնությունների հետ է սկսել աշխատել, օրինակ՝ «Միասնության դրոշի» հետ։ 

«Հիմա էլ նույն ձևով բոլորս հավաքվել ենք»,- ասում է Մարիամը ու նշում՝ քանի որ տեղեկացել են, որ սննդի անհրաժեշտություն չկա, կամավորներով փորձում են ապահովել քնապարկերի ու տաք հագուստի հարցը։

Մարիամը պատմում է, որ Երևանի կենտրոնում տարածք ունեն, որտեղ հավաքվում են կամավորներից մի քանիսը, իսկ մյուսները իրենց տներում են կարում, գործում։ 

Այնուհետև արդեն պատրաստի իրերը նախաձեռնության անդամները հավաքում են և ուղարկում զինվորներին։

««Միասնության դրոշ» նախաձեռնության հեղինակ Արա Շահինյանը քնապարկի մատերիալն է բերում՝ սինտիպոն, կտոր ու թել, մեր գրասենյակում ձևում ենք և ուղարկում կարողներին։

Տարբեր աղջիկներ, կանայք միացել են մեզ, որի տանը կարի մեքենա կա, իրենց տներում հավաքվում են, տանը կարում։ 

Մեր գրասենյակում մի սենյակ էլ ունենք, թել ենք հավաքել. մեր ընկերներից մեկը, որը ծանոթ ունի «Մեգերյան կարպետում», խնդրել էր, մեծ քանակությամբ բրդե թել են տվել, բայց՝ խճճված: Կամավորները գալիս են, բացում են, կծկում և ուղարկում գործողներին, բրդե թելից գործում են գուլպա, ձեռնոց, ժիլետ և այլն»,- աշխատանքն է նկարագրում Մարիամը։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 13-ից սկսած մոտ 100 քնապարկ են կարել: 

«Ամեն վայրկյան կարում ենք, 2 տարի անընդմեջ կարել-ուղարկել ենք, ուղղակի հիմա իրավիճակով պայմանավորված ակտիվացրել ենք»,- ասում է Մարիամը։

Մարիամը նշում է՝ երբեմն գերհոգնում է, քանի որ կամավորական աշխատանքին զուգահեռ նաև աշխատում է, լեզվի ուսուցում է իրականացնում, սակայն նրա խոսքով՝ հոգնությունը պատճառ չէ, որ կանգ առնի, ընդհակառակը՝ ամեն օր ավելի եռանդով է փորձում գործը շարունակել։

«Պետք ա անենք, ես դա որպես պարտականություն եմ դիտարկում։ Յուրաքանչյուր հայ, որ ապրում ա Հայաստանում և Հայաստանից դուրս, պետք ա զբաղվի սենց բաներով, փորձի օգնել ինչով կարող է, այլ տարբերակ չի կարող լինել»,- ասում է Մարիամն ու նշում, որ միշտ նոր կամավորների կարիք կա, աջակցել ցանկացողները կարող են միանալ նախաձեռնությանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am