Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացիներից ապաստանի 18 հայց է ստացել, որոնք փախստականի կարգավիճակ են խնդրում

Ռուս-ուկրաինական հակամարտության երեք շաբաթների ընթացքում Միգրացիոն ծառայությունը Ուկրաինայի քաղաքացիներից ապաստանի 18 հայց է ստացել. նրանք Հայաստանի իշխանություններից փախստականի կարգավիճակ են խնդրում։

«Այս օրերի ընթացքում Հայաստանում միգրացիոն որոշակի ակտիվություն է նկատվում»,-«Մեդիալաբին» ասում է Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը:

Ըստ կարգի՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայցերը քննվում են 3 ամսվա ընթացքում։ Հայաստանյան օրենսդրությամբ՝ պատերազմը և ռազմական գործողությունները, մարդու իրավունքների խախտումները այն հիմքերն են, որոնց հիման վրա օտարերկրյա քաղաքացին կարող է Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալ:

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Ուկրաինայից ապաստան ստանալու հայց է ներկայացրել 5 անձ:

Իսկ ի՞նչ է արվում Ուկրաինայում ապրող Հայաստանի քաղաքացիների և ծագումով հայերի համար, որոնք Հայաստան վերադառնալու ցանկություն ունեն:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի սահմանակից հինգ երկրներում՝ Լեհաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Սլովակիայում և Հունգարիայում, բացվել են հյուպատոսական ծառայություններ, որտեղ փաստաթղթային հարցերով օժանդակություն է ցուցաբերվում Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին:

«Փաստաթղթային հարցերով օգնություն կարող է ցուցաբերվել միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց»,- նշում է Ղազարյանը:

Պաշտոնյայի ներկայացմամբ՝ Եվրոպական միությունը դեռևս այս մարտի սկզբին ընդունած որոշմամբ ակտիվացրել է 2001 թվականի զանգվածային ներհոսքի վերաբերյալ իր դիրեկտիվը, որի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունները մեկ տարի ժամկետով ժամանակավոր պաշտպանություն են տրամադրում երրորդ երկրի այն քաղաքացուն, որը գտնվել է Ուկրաինայի տարածքում, ունեցել այդ երկրում մշտական կացության կարգավիճակ և ռազմական գործողությունների հետևանքով անցել է ԵՄ անդամ երկրի տարածք: Իսկ եթե անձը ուղղակի օրինական կարգով կամ ժամանակավոր կացության կարգավիճակով գտնվել է Ուկրաինայի տարածքում, ապա այդ պարագայում նրան կարող են տալ կամ չտալ ժամանակավոր պաշտպանություն:

«Բայց երկու դեպքում էլ ԵՄ անդամ երկրները տալիս են ժամանակավոր պաշտպանություն, երբ անձն ի վիճակի չէ վերադառնալ իր ծագման երկիր»,- ասում է Արմեն Ղազարյանը:

Իսկ ո՞ր դեպքում կարող է անձը ի վիճակի չլինել վերադառնալ ծագման երկիր, օրինակ՝ Հայաստան: Ըստ Ղազարյանի՝ պատճառները կարող են տարբեր լինել՝ առողջական, ընտանեկան խնդիրներ և այլն:

Նա զգուշացնում է՝ ԵՄ անդամ երկրի միգրացիոն կանոնների խախտումների դեպքում անձը կարող է հետագայում համարվել անօրինական միգրանտ և կանգնել արտաքսման (դեպորտ) վտանգի առաջ:

«Ի վիճակի չլինելու պատճառների մասին գնահատականն անում է ԵՄ անդամ երկիրը, որտեղ գտնվում է Ուկրաինայից տեղափոխված միգրանտը: Եթե այդ երկիրը համարի, որ անձն ի վիճակի է վերադառնալ իր ծագման երկիր, կարող է նաև չտրամադրել այդ ժամանակավոր պաշտպանությունը: Ուղղակի վտանգն այն է, որ եթե անձը չլեգալիզացվեց, ապա կարող է հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում, և հետագայում կարող ենք ունենալ արտաքսման դեպքեր:

Օրինակ՝ եթե Ուկրաինայում ապրած ՀՀ քաղաքացին անցել է Սլովակիա, չի օրինականացրել իր կարգավիճակը, ժամանակավոր պաշտպանություն էլ չի տրամադրվել, և որոշակի ժամանակահատվածում չի վերադարձել ծագման երկիր՝ Հայաստան, ապա կարող է հայտնվել անօրինական միգրանտի կարգավիճակում և հետագայում ենթակա լինել ռեադմիսիայով վերադարձի կամ արտաքսման»,- ընդգծում է ծառայության ղեկավարը:

Ղազարյանն ասում է՝ միգրացիայի ճանապարհը անձն է ընտրում և այդ ընտրությունը կատարելիս պետք է նաև գիտակցի այդ քայլի պատասխանատվությունը:

«Կուզեմ խորհուրդ տալ մեր հայրենակիցներին՝ ավելի շատ ծանրութեթև անել, ավելի շատ կշռադատված որոշումներ կայացնել և փորձել հաշվարկել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս մասով յուրաքանչյուր որոշում»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am