Նիկոլ Փաշինյան. «Իշխանությունը ամիսը մի քանի անգամ գործարքը է առաջարկել անձամբ ինձ եւ ես նրանց ցույց եմ տվել շատ հայտնի ճանապարհը»

Նիկոլ Փաշինյան. «Իշխանությունը ամիսը մի քանի անգամ գործարքը է առաջարկել անձամբ ինձ եւ ես նրանց ցույց եմ տվել շատ հայտնի ճանապարհը»
Նիկոլ Փաշինյան. «Իշխանությունը ամիսը մի քանի անգամ գործարքը է առաջարկել անձամբ ինձ եւ ես նրանց ցույց եմ տվել շատ հայտնի ճանապարհը»

Մայիսի 27-ին` Հանրապետության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ին ներկայացված համաներմամբ, «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ արձակված Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր հաջորդ քայլը լինելու է «Հայ ազգային Կոնգրեսի հետ Հայաստանում ժողովրդի իշխանության վերականգնումը»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
Գրեթե երկու տարի անազատության մեջ անցկացնելուց հետո քրեակատարողական հիմնարկից աջակիցների բուռն բացականչությունների ներքո ՔԿՀ-ն լքելուց հետո Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է վերջին ժամանակներում մեծ հետաքրքրություն առաջացրած հարցերին:
Խոսելով իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսության մասին, նա նշել է, որ այդ երկխոսությունը հնարավորություն կնձեռի, որպեսզի «մենք անցնցում եղանակով Հայաստանում հաստատենք օրինական իշխանություն եւ անցնցում եղանակով, ի վերջո, Հայաստանը ազատենք ավազակապետությունից»:

«Եթե մի բան չկա, ի՞նչն են քննարկում: Հիմա կմտնենք այդ ենթադրվող երկխոսության փուլ, եւ երբ որ երկխոսություն կլինի, իսկ բնականաբար այդ երկխոսությունը կլինի հրապարակայնության միջազգային ընդունված ստանդարտներով, այն ժամանակ կգնահատենք»,- ասել է Փաշինյանը:

Խոսելով երկխոսությունից իր ակնկալիքների մասին, Փաշինյանը նշել է, որ «երկխոսությունը կարող է վերաբերվել մի հարցի` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին»:

«Ուրիշ երկխոսելու բան մենք չունենք իշխանության հետ: Ոչ թե այն պատճառով որ մենք ենք այդպես ուզում, այլ որովհետեւ իմաստ չունի որեւէ այլ թեմա: Դուք հիշում եք, երբ 2008-ին իշխանությունը ինքը այդ թեզը առաջ քաշեց, որ իրենք երկխոսելու են ոչ թե քաղաքական ուժերի, այլ` ուղղակի երկխոսելու են հասարակության, հանրության հետ` իբր այդ ճանապարհով իրենք հաղթահարելու են ներքաղաքական խոչընդոտը: Բայց մենք տեսանք, որ երեք տարվա ընթացքում` իշխանությունները, թե գործադիր, թե օրենսդիր, ամբողջությամբ տապալվել են: Այսինքն, չկա մի ոլորտ, որտեղ իշխանությունը վստահության թեկուզ փոքր ռեսուրս ունենա:

Ենթադրենք վերցնենք տաս ոլորտ, հնարավոր է` այս տաս ոլորտից հինգում կառավարությունը, իշխանությունը տապալված լինի, այն հինգում դեռ շանս լինի, որ իշխանությունը հնարավոր է այդ հարցը լուծի: Այդ դեպքում գուցե ոմանք ասեն, որ շանս է պետք տալ իշխանությանը:

Իշխանությանը երեք տարի այդ շանսը տրվել է: Այսինքն, ինքն է վերցրել այդ պատասխանատվությունը, ասել է` ես շանս ունեմ, երկիրը ճգնաժամից կհանեմ եւ երեք տարվա ընթացքում բոլոր շանսերը սպառել է:

Այսինքն, այսօր իշխանությունը գոյատեւում է, շարունակում է գոյատեւել Հայաստանի Հանրապետության հաշվին, ՀՀ քաղաքացու հաշվին, ՀՀ ապագայի հաշվին: Այսօր իշխանությունը մի բան ունի անելու ՀՀ ժողովրդի եւ քաղաքացու համար` հնարավորինս անցնցում, սեփական կամքով հեռանալ:

Ուղղակի հեռանալ` սկսած Սերժ Սարգսյանից, վերջացրած` ԱԺ-ով, շարունակած` կառավարությունով, որովհետեւ այս իշխանության բուրգը որեւէ ռեսուրս այլեւս չունի: Ինքը գլխովին տապալել է ամեն ինչ, այն ամեն ինչը, ինչի համար իշխանությունը կարող է պատասխանատու լինել»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ իր գնահատականներն է տվել այն խոսակցություններին, թե ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ:

«Եթե մենք գործարքի գնացող լինեինք, մենք մի տարի չորս ամիս ընդհատակում եւ երկու տարի բանտում չէինք անցկացնի»,-ասել է նա:

«Այսինքն, համոզված եղեք, որ այս ընթացքում իշխանությունը եթե ոչ ամեն օր, գոնե ամիսը մի քանի անգամ այդ գործարքը առաջարկել է, անձամբ ինձ: Եւ ես այդ գործարքը առաջարկողներին ցույց եմ տվել շատ հայտնի ճանապարհը: Ես ասել եմ, որ մեր պայքարը սկզբունքային է, չի կարող լինել ուրիշ որեւէ խոսակցություն: Եւ որեւէ մեկը թող չկասկածի, որ մենք Հայաստանը ազատելու ենք ավազակապետությունից եւ ՀՀ-ում հաստատվելու է մշտական եւ հարատեւ ժողովրդավարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Քրիստինե Խանումյան

Արթիկ

© Medialab.am