Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երկրում նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա լիակատար հրադադարի։
Այս մասին Զելենսկին հայտարարել է հոկտեմբերի 11-ին՝ ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդման ընթացքում՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը։
«Խնդրում եմ, փոխանցեք Պուտինին՝ մեզ երկու ամիս տվեք, 60 օր լիակատար հրադադար, և մենք ընտրություններ կկազմակերպենք»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Ուկրաինայի նախագահին ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների համար։ Դա տեղի էր ունեցել այն բանից մեկ օր անց, երբ ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել էր ռուսական վառելիքի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել էր Թրամփը։
Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Զելենսկին ընդգծել է, որ երկրի ղեկավարին ընտրելու իրավունքը պատկանում է Ուկրաինայի քաղաքացիներին։ Նա նաև նշել է, որ Պուտինը նույնպես ցանկանում է Ուկրաինայում իշխանափոխություն։
Անդրադառնալով վառելիքի գների բարձրացմանը՝ Զելենսկին հայտարարել է, որ հեշտ է դրա համար մեղադրել Ուկրաինային, թեև, նրա խոսքով, աշխարհում բոլորը հասկանում են, որ գների աճը պայմանավորված է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով։
Նույն օրը Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների դեմ հարվածները, եթե Մոսկվան դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը։
Միաժամանակ, Թրամփի՝ հոկտեմբերի 9-ին ներկայացրած պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանը պետք է անհապաղ ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք մատակարարի ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Այդ ծավալը համարժեք է շուրջ 2,25 միլիոն բարելի։
Reuters-ի փոխանցմամբ՝ նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններին ընդառաջ Թրամփը ճնշման տակ է՝ վառելիքի աճող գները նվազեցնելու հարցում։ Ընտրությունների արդյունքներից է կախված՝ արդյոք Հանրապետական կուսակցությունը կպահպանի վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ։
Մի շարք ամերիկացի օրենսդիրներ, այդ թվում՝ հանրապետականներ, քննադատել են ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ այն համարելով Պուտինին ձեռնտու քայլ։



















