Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների ծնողները սեփական հետաքննությունն են սկսել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների գործով տուժած ճանաչված 13 իրավահաջորդներ սեփական հետաքննությունն են իրականացնում: Նրանց շահերի ներկայացուցիչը փաստաբան Նորայր Նորիկյանն է:

«Օրերս զոհված 13 զինծառայողների ծնողների հետ այցելել ենք Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարան, մանրակրկիտ ուսումնասիրել ենք տեղանքը, արձանագրել մեզ համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ և, ըստ էության, կատարել ենք տեղանքի զննում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Նորիկյանը։

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում հունվարի 19-ին խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով 15 զինծառայող մահացել էր, 3-ը տարբեր այրվածքներով հոսպիտալացվել էին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքի օրը հայտարարել էր, թե հրդեհը բռնկվել է սպայի կողմից ավտոբենզինով վառարանը վառելու հետևանքով:

Քրեական վարույթի շրջանակներում կա 4 մեղադրյալ՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, որի մասին էլ հենց խոսել էր Փաշինյանը և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն:

Քրեական վարույթի համաձայն՝ պաշտոնատար անձինք պաշտոնեական անփութություն են դրսևորել, ինչի հետևանքով կացարանում անվտանգության հետ կապված հարցերը չեն լուծվել:

Նորիկյանն ասում է՝ տուժած ճանաչված զոհված զինծառայողների իրավահաջորդները՝ նրանց ծնողներն ու հարազատները, չեն հավատում պաշտոնական վարկածին և այդ պատճառով էլ սեփական հետաքննությունն են իրականացնում:

«Տուժող կողմն այս ողբերգական դեպքի առիթով իրականացնելու է սեփական հետաքննությունը Մեր ունեցած տեղեկությունը համադրվում, ֆիլտրվում է, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր վարկածները, ծնողներին ենք լսում, թե ինչ են պատմում որդիների հետ զրույցներից: Այս ամենը համադրում ենք, որ հասկանանք՝ ինչպես շարժվել առաջ: Այս գործով մեզանից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը՝ ճշմարտությունը իմանալու համար: Ծնողները համոզված են, որ հրդեհից առաջ իրենց երեխաները կամ կենդանի չեն եղել, կամ առնվազն անգիտակից են եղել, իսկ հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը հրդեհի միջոցով շեղելու նպատակ ունի: Եթե անկեղծ՝ ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն հավատում պաշտոնական վարկածին»,- ասում է Նորիկյանը:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ այս քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ, հարցաքննվում են անձինք: Հրդեհի գործով չորս մեղադրյալներից մեկը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, անմիջապես դեպքի վայրում է եղել, և, ինչպես պաշտոնապես հայտարարվել էր, ավտոբենզինով վառարան վառելու փորձ անողը հենց ինքն է եղել: Նա ավելի վաղ ցուցմունք չէր տվել և պայմանավորվել էր առողջական վիճակը բարվոք լինելու դեպքում պատասխանել քննչական մարմնի հարցերին: Նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանն ասում է՝ օրերս է վիրահատության ենթարկվել:

«Եղիշե Հակոբյանը վիրահատվել է և այժմ պատրաստ է ցուցմունք տալու: Այս պահին քննչական գործողություններ են ընթանում, մանրամասների մասին կհայտնենք ուշ»,-«Մեդիալաբին» ասում է Սարգսյանը:

Ըստ փաստաբանի՝ չի բացառվում, որ նախաքննության ընթացքում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխվի. «Իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը խիստ նախնական է այն պարզ պատճառով, որ զոհված զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները ստացված չեն»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am