Այնպես չէ, որ օրինախախտ վարորդին այդ բալերը կանգնեցնելու են, երթևեկության անվտանգության առումով ոչինչ չի փոխվելու. Տիգրան Քեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը

– Պարո՛ն Քեյան, Կառավարությունը հավանություն տվեց օրենսդիրների մշակած նախագծին, որով նախատեսվում է մայիսի 1-ից վարորդների տուգանային 9 բալը փոխարինել 13-ով: Նախ կխնդրեմ ասեք, թե ի՞նչ արդյունավետություն ապահովեց այդ 9 բալը, ու ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող փոփոխությունը:

– Արդյունքն այդքան տեսանելի չէ, ավելի շատ խնդիրներ են ստեղծում վարորդների համար, երթևեկության անվտանգության առումով էական մեծ փոփոխություն չի տվել, հետևաբար չեմ էլ կարող ասել, թե այս փոփոխությունն ի՛նչ արդյունք է տալու կամ ի՛նչ է լինելու: 

Փաթեթը դեռ ամբողջական էլ չէ, շատ խախտումներ էլ ուզում են խստացնել, դեռ չգիտեմ՝ ի՛նչ խախտումներ են ու հետագայում ինչի՛ կհանգեցնեն, բայց բալային համակարգը որոշակի առումով վարորդներին ավելի զգուշավոր է դարձրել, նրանք ավելի զգույշ են լինում, որպեսզի բալեր չկորցնեն ու չզրկվեն վարորդական իրավունքից: 

Բայց մենք գիտենք, որ մեր վարորդները շատ ճարպիկ են  ու կարողանում են իրենց խախտումը մեկ այլ անձի վերագրել ու իրենց բալերը պահպանել, դրա համար էլ էական արդյունք, փոփոխություն չբերեց:  

– Հիմա որ դառնում է 13, է՞լ ավելի անարդյունավետ է լինելու:

– Երթևեկության անվտանգության առումով ոչինչ չի փոխվելու: Այնպես չէ, որ օրինախախտ վարորդին այդ բալերը կանգնեցնելու են, որովհետև վերջերս վարչապետն ասաց, որ իրեն քաղաքացի է մոտեցել ու ասել, որ 30 հազար դոլարի  տուգանք ունի, Կառավարությունն էլ ուզում է համաներում անի: 

Ես չեմ հասկանում՝ ինչի՞ է համաներում արվում, այդ մարդուն ուղղակի պետք է զրկել վարորդական իրավունքից, նրան պետք է դատապարտեն, այդ մարդը չպետք է երթևեկության մեջ լինի, ո՞նց կարելի է այդ անկարգ վարորդի համար մի հատ էլ համաներում հայտարարվի: Այս մոտեցումները չեմ հասկանում ու այս բալային փոփոխությունների նպատակն էլ չեմ հասկանում: 

– Արդեն կարծիքներ կան, որ այս կերպ ստացվում է, որ պետական մակարդակով խրախուսվում է անկանոն երթևեկությունը, օրինախախտ վարորդների վարքը, համակարծի՞ք եք, պարո՛ն Քեյան:

– Չեմ կարող ասել, թե խրախուսում է, որովհետև այդ 9 բալը, որ նախատեսված էր, հաշվարկներ չուներ՝ արդյոք խի՞ստ է այդ պատիժը, թե՞ ավելի մեղմ է, այս 13 բալն էլ չենք կարող ասել: Բայց մի բան փաստ է, որ այդ տուգանքների համաներումները չպետք է այդքան հաճախակի լինեն, որովհետև դա ինքնին խրախուսում է անկարգ վարորդների էլ ավելի անկարգ լինելը: 

– Դուք բազմիցս եք նշել, որ երթևեկության մեջ էական փոփոխություններ արձանագրելու համար պետք է սկսել կրթությունից՝ այն էլ վաղ հասակից մարդը պետք է տիրապետի երթևեկությանը վերաբերող գիտելիքներին: Նկատո՞ւմ եք այդ ուղղությամբ տարվող աշխատանքներ:

– Մի երկու տարի առաջ կային այդ ուղղությամբ արվող նախադրյալներ, բայց գնալով մարեցին: Միակ բանը, որ պետք է անեն, օր առաջ կրթական ռեֆորմն է, այս մարդիկ պետք է կրթվեն, մնացածն արդեն տեխնիկական հարցեր են, որ պետք է լուծեն՝ լուսավորություն, ճանապարհների վիճակ, ճանապարհային նշաններ և այլն, և այլն: Այս բոլոր տեխիկական միջոցները պետք է կանոնակարգվեն, ու հսկողություն սահմանվի: 

Իսկ արդեն պետք է կրթվեն, որ հասկանան, օրինակ՝ ամրագոտի կապելը կամ ղեկին sms չգրելը ու նմանատիպ այլ արարքները իրենց և դիմացինի անվտանգության համար են անհրաժեշտ, այլ ոչ թե տուգանվելուց խուսափելու: Կրթական լրջագույն ռեֆորմներ պետք է իրականացվեն, որ ապագայում անվտանգ երթևեկություն ունենանք, քանի դա չկա՝ այս պատժիչ միջոցներով չենք հասնի այն արդյունքին, ինչ ակնկալում ենք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab .am