Մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը․ Փաշինյանի ելույթը հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ․ Տեսանյութ

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ:

«Ես շատ կուզենայի, որ այսօր Ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է, և հայրենիքը այլևս Ձեր զինվորական ծառայության կարիքը չունի։

Բայց դա ճշմարտություն չէր լինի։ Դուք այսօր այստեղ եք, որովհետև հայրենիքը ունի ձեր ծառայության կարիքը։ Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մոռանա իր նախորդ քաղաքացիական կարգավիճակը։ Մենք ամբողջ ազգով պետք է զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին

Մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը», -հայտարարել է Փաշինյանը։

Ելույթ ունեցա հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ

Այսօր ելույթ ունեցա հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, October 16, 2020

Վարչապետը նաև հավելել է․

«Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, խոսենք նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին: Այսօր շատ են հարց տալիս, թե արդյոք մենք աշխարհում ունենք բարեկամներ: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել՝ այո մենք աշխարհում ունենք բարեկամներ, բայց այդ բարեկամները մեր փոխարեն չեն որոշելու: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը: Եվ ես համոզված եմ, գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այսօր այստեղ այդ ամենադժվար որոշումը կայացնելու, և այդ դժվար որոշումը՝ հաղթելու որոշումն է: Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք:

Հայ ժողովուրդը երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան: Մենք այսօր գոյություն ունենք այն հաղթանակների շնորհիվ, որ հազար տարի առաջ կռել են, կոփել են և պահել են մարդիկ՝ սեփական զրկանքների գնով: Եվ մենք այսօր կերտում ենք ոչ միայն մեր այսօրվա, այլև մեր հազար տարվա ապագան: Եվ դուք հիշեք, որ ահա այս առաքելության կրողներն եք, պատմության կրողներն եք: Եվ ես կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես: Եվ եթե ամեն մեկս այսպես մոտենանք մեր առաքելությանը՝ մենք կլինենք անպարտելի և մենք կհաղթենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հավատում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ, հավատում եմ, որ դուք հերոս եք, հավատում եմ, որ դուք հաղթող եք, հավատում եմ, որ դուք արժանապատվորեն պաշտպանելու եք ձեր երեխաների, մեր երեխաների ապագան:

Եվ ուրեմն,
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՛ հայկական Սփյուռքը,
կեցցե՛ Հայոց բանակը և կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակը:
Փառքով ծառայեք, փառքով հաղթեք, շնորհակալ եմ բոլորիցդ»: