Տուգանային միավորների համակարգը արդյունավետ կգործի միայն այն դեպքում, երբ ճանապարհային ոստիկանության կարողությունները զարգանան․ Տիգրան Քեյան

Ճանապարհային երթևեկության ոլորտի տուգանային միավորների համակարգը արդյունավետ կգործի միայն այն դեպքում, երբ ճանապարհային ոստիկանության կարողությունները զարգանան, տուգանքներն արձանագրվեն ոչ թե տեսանկարահող սարքերի, այլ ճանապարհային ոստիկանության կողմից։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը։ «Վարորդի ընկերն» առաջարկություններ էր ներկայացրել, սակայն դրանք չեն ներառվել նախորդ տարեվերջին ընդունված օրենքում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ, որ վարորդական վկայական ունի, տարեկան ստանում է 9 տուգանային միավոր, որը վարորդները «բալ» են անվանում։ Խախտումների դիմաց, տուգանվելուց բացի, վարորդները նաև տուգանային միավորներ են կորցնելու։

Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով:

Առավել տարածված խախտումների համար հետևյալ սկզբունքն է գործելու։

Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը դիտավորությամբ փակելը` 25.000 դրամ և 2 տուգանային միավոր: Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր: 

Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը` 10.000 դրամ և 1 տուգանային միավոր։ Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`20.000 դրամ և 2 տուգանային միավոր: Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` 20.000 և 2 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը`5000 դրամ և 0,5 տուգանային միավոր: Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող 
ազդանշանին չենթարկվելը առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 2 տուգանային միավոր:

Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 3 տուգանային միավոր:

Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 դրամ և 4 տուգանային միավոր:

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանք չի պարունակում, առաջացնում է տուգանքի նշանակում` 25.000 և 4 տուգանային միավոր:

Եթե ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, հենց առաջին խախտման դեպքում վարորդական իրավունքից 6 ամսով կզրկվի։ Եթե անձն սպառել է իր տուգանային միավորները, և նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում, բայց այդ որոշումից հետո նա վարել է տրանսպորտային միջոց, ապա այս դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:

Քրեական պատասխանատվություն նախատեսվում է նաև այն դեպքում, երբ անձը վարելու իրավունք չունի, բայց մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մեքենա է վարում։

Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում են տուգանային միավորների ու տուգանքի չափերի հարցը։ Տիգրան Քեյանն ասում է, որ տուգանային միավորների քանակի հետ կապված քննարկումներն ինքն անհիմն է համարում, որովհետև քննադատողների կողմից չկա կոնկրետ առաջարկ։ 

Քեյանն ասում է, որ իրենց վերջին առաջարկը նախքան օրենքի ընդունումը եղել է հետևյալը։

«Քանի որ տեսանկարահանող սարքերով հսկողություն իրականացվում է միայն Երևան քաղաքում, մարզերում առհասարակ չկա, իսկ միջպետական ու միջմարզային ճանապարհներին լուսանկարահանող սարքեր են, այդ դեպքում անհավասար պայմաններ չունենալու, նաև ոստիկանության դերը բարձրացնելու համար մենք առաջարկում ենք, որ տեսանկարահանող սարքերով կարելի է բալային համակարգը կիրառել ավելի կոպիտ խախտումների դեպքում։ Ըստ վիճակագրության՝ այդ կոպիտ խախտումներն են հենց մահացու ելքով վթարների հանգեցնում»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Քեյանը։ 

Ըստ նրա՝ մնացած պարագայում ևս պետք է բալային համակարգը կիրառվի, բայց խախտումները պետք է արձանագրվեն ճանապարհային ոստիկանության տեսուչների արձանագրման հիման վրա։ Դրա շնորհիվ մի քանի խնդիր էլ կլուծվի։ Մասնավորապես, այն իրավիճակը չի ստեղծվի, որ մեքենան կվարի այլ մարդ, բայց կտուգանվի երրորդ անձ։ «Այսինքն՝ ճանապարհային ոստիկանությունը վարորդին կկանգնեցնի, կտեսնի, որ սխալ է արել, կտուգանեն նրան, ով այդ պահին ղեկին է։ Տեսուչը տեղում արձանագրելու է խախտումը»,- հավելեց Քեյանը։

Այս առաջարկությունը կյանքի կոչելու դեպքում, ըստ մասնագետի, ճանապարհային ոստիկանության գործառույթները պետք է մեծացվեին։ «Ճանապարհային ոստիկանությունը պետք է աշխատի, որպեսզի այդ բալային համակարգը գործի։ Իսկ առանց ՃՈ աշխատանքի այդ համակարգը, անկախ նրանից, կմնա այս ձևով, թե իմ նշած տարբերակով, չի գործելու։ Օրինակ՝ ճանապարհային ոստիկանը պետք է արձանագրի՝ անձն առանց վարորդական իրավունքի՞ է երթևեկում, թե՞ ոչ»,- նշում է նա։

Քեյանը հիշեցնում է, որ ապագայի համար կա նպատակ, որ ոստիկանության գործառույթները ճանապարհային ոլորտում ուժեղանալու են։ «Ապագայի մասին ենք խոսում, բայց մենք ուզում ենք, որ մեր անվտանգությունն այսօրվանից բարձրանա, դրա համար ենք բալային համակարգը կիրառում։ Պետք է ստեղծենք մի իրավիճակ, որ այլ խնդիրների առաջ չկանգնենք, պետք է այդ խնդիրներն ի սկզբանե վերացնենք։ Ես դրա համար եմ ասում՝ եկեք այդ խնդիրներն ի սկզբանե վերացնենք»,- ասում է նա։

«Վարորդի ընկեր» ՀԿ առաջարկը չեն հաստատել։ Տիգրան Քեյանի խոսքով՝ իրենք վերջին փուլում էին այն ներկայացրել, գուցե այդ պատճառով չեն ներառել օրենքում։

«Քանի որ շատ հապճեպ ընդունվեցին այս որոշումները, ինձ թվում է՝ չհասցրեցին քննարկել։ Ամեն դեպքում այդ առաջարկը մեր կողմից նորից բարձրաձայնվելու է։ Օրենքի փոփոխություն միշտ էլ հնարավոր է անել, և՛ մեխն է իշխանության ձեռքին, և՛ մուրճը, եթե ցանկություն կա՝ կանեն։ Եթե չընդունեն էլ, մի քանի ամիս անց կտեսնենք, թե ի՛նչ խնդիրների առաջ ենք կանգնելու։ Իսկ խնդիրները շատ են՝ վարորդների գրանցման խնդիր կա, տարբեր հարցեր կան՝ սկսած մեքենաների վարձույթից, վերջացրած նրանից, որ մեկ օրվա մեջ նույն մեքենան մի քանի հոգի շահագործում է։ Այս ամենը բարդություններ է ստեղծելու համակարգի գործունեության համար»,- հավելում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am