«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը
– 2026 թվականին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը դիմորդների ավելի քան մեկ հինգերորդը անբավարար գնահատական է ստացել, իսկ 18-20 միավոր՝ ընդամենը 5-8 տոկոսը։ Միջին միավորը մոտ 10 է եղել։ Տիկի՛ն Դիլբարյան, ի՞նչ է այս պատկերը ասում դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցման մակարդակի մասին, և ինչո՞վ եք պայմանավորում նման արդյունքները։
– Համոզված եմ, որ այս արդյունքներն ուղղակի հետևանք են դպրոցում անընդհատ առարկայական նոր չափորոշիչներ ընդունելու ու, ըստ էության, այդ նոր մրցույթների արդյունքում տպագրվող դասագրքերի: Մենք կարող ենք եզրակացնել, որ այդ նոր չափորոշիչները, դասագրքերն ու ուսուցման նոր մեթոդները, որոնք, ըստ նախարարության, բարենորոգիչ էին, իրականում այդքան էլ այդպես չէին, ինչը ցույց են տալիս ընդունելության քննությունների այս ցուցանիշները: Ոլորտում ոչ թե բարեփոխումներ են առաջացրել այդ նորարարությունները, այլ ընդհակառակը՝ ճգնաժամի առաջին վտանգավոր ահազանգերն են:
Մայրենի լեզվի վատ իմացությունը ես ուղղակի նաև կապում եմ այն ընդհանուր վերաբերմունքին, որն առկա է հասարակության ու դպրոցական ուսուցման մեջ, որ մայրենի լեզուն ու հայոց պատմությունը այնքան էլ կարևոր չեն: Մայրենի լեզվի ուսուցիչների, մայրենի լեզուն ուսումնասիրող գիտնականների ձևավորման կրթօջախներում մենք բոլորովին էլ չունենք ուսանողների մեծաքանակությունը, ինչ կար առաջ: Սա ոչ միայն մայրենի լեզվին է վերաբերում, այլ նաև բնագիտությանը, որտեղ ևս խիստ ճգնաժամային իրավիճակ ունենք, բազմաթիվ դպրոցներում քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի ուսուցիչների մեծագույն պակաս կա:
– Ասացիք, որ նախարարության բարեփոխումներն են նաև նման արդյունքի պատճառը, բայց Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նման պատկեր է, որովհետև այդ բարեփոխումներն ուշանում են, որոշ տեղերում հապաղում են, պատճառներից մեկն էլ, ըստ նրա, ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներն են, որոնք շարունակում են դասավանդել դպրոցում, այնինչ նման ուսուցիչներին պետք է հեռացնել դպրոցից, առաջարկում է Փաշինյանը: Համակարծի՞ք եք այս պնդումներին:
– Բոլորովին: Ինչքան դիտարկում ենք, այդ կամավոր արտոնագրման բարձրացման քննությունները ոչ թե ստուգում են տվյալ մասնագետի խորքային գիտելիքները, այլ՝ հմտությունը՝ որոշակի կարճ ժամանակահատվածում պատասխանելու այնպիսի հարցերի, որոնք ըստ էության կապ էլ չունեն տվյալ առարկայի տիրապետման բարձր մակարդակի հետ: Այսինքն՝ մեզ մոտ այդ հարցաշարերը կազմվում են ոչ թե ստեղծագործական միտք առաջացնելու կամ հանձնողի լեզվի խորքային, համակարգային գիտելիքները բացահայտելու, այլ՝ արագությունը բացահայտելու:
Ըստ էության, սրա հետևանքով ձևավորվեց այնպիսի մի համակարգ, որտեղ ուսուցիչները գնում են կրկնուսույցների մոտ, մինչ այդ աշակերտներն էին դիմում կրկնուսույցներին, հիմա էլ ձևավորվել է ուսուցիչներին վերապատրաստող կրկնուսույցների ինստիտուտ:
Փաշինյանի այդ պնդումը, թե արտոնագրման քննությունը տապալած ուսուցիչն այլևս չպետք է աշխատի, շատ սխալ, մի տեսակ բոլշևիկյան մոտեցում է, որովհետև արդեն ասացի, որ այդ գործընթացը միտված չէ խորքային գիտելիքները բացահայտելուն, այն ընդամենը մասնագետի արագությունն է ստուգում: Եթե առաջնորդվեն այդ սկզբունքով, մենք մեծ աղետի առաջ կկանգնենք, որովհետև կունենանք նաև մայրենի լեզուն դասավանդողների պակաս, ինչպես բնագիտական առարկաների ոլորտում է:
Ես ընդամենը մեկ օրինակ բերեմ. մակբայը, որը չթեքվող խոսքի մաս է, այսինքն՝ պարզ խոսքի մաս է, բայց ունի տեսակներ՝ ժամանակի, տեղի, չափի, ձևի և այլն, այդ ամենը մտցված է մեկ շրջանի մեջ, ու մակբայի բոլոր տեսակները դպրոցում անցնում են միանգամից: Երեխան չի կարողանում դրանք տարբերակել, մեկ դասաժամի ընթացքում ուսուցիչը չի կարողանում համապարփակ ու խորքային գիտելիքը մատուցել:
Այսինքն՝ մայրենիի ուսուցման համար դասաժամերը խիստ նվազագույնի են հասցված, վիճակը նույնքան տխուր է գրականության առումով: Երեխաները շատ քիչ են կարդում, վիթխարի հեղինակներ, որոնք մեծագույն ազդեցություն կարող են գործել մարդու ստեղծարար մտածողության, բառապաշարի զարգացման վրա, բացարձակապես դուրս են մնացել դասագրքերից:
Դասագիրք գրողներին էլ չես կարող մեղադրել, որովհետև նրանք գրում են պահանջվող չափորոշիչներին համապատասխան, հակառակ դեպքում մրցույթից դուրս կմնան: Այսինքն՝ այդ օղակը սեղմվում է, ու այդ օղակով մենք ստանում ենք դիլետանտական կրթությունը, այսինքն՝ մարդիկ ամեն ինչից մի փոքր բան գիտեն, ու դա համարվում է բավական: Ընդհանուր բանավոր խոսքի մակարդակն է զարհուրհելի իջնում, մենք գրագետ մայրենի լսելու հարթակներ էլ չունենք, մարդիկ աղճատված, քրեական ենթամշակույթին բնորոշ լեզուն են լսում, ու դրա հիման վրա էլ ձևավորվում է նրանց գիտելիքների չափազանց աղքատիկ պաշարը:
Հիմա բոլորը ջանում են պարապել օտար լեզուներ, իսկ մայրենիի պարագայում կարիքը չեն տեսնում, որովհետև կարծում են՝ եթե իրենք հայերեն են խոսում, ապա գիտեն հայերեն: Բուհերում ևս չափազանց շատ են կրճատվել հայոց լեզվի դասաժամերը, էլ չեմ ասում, որ դպրոցներում բանավոր հարցումներ չեն արվում երեխաների հետ, գնահատականը չկա: Գնահատականի լինել-չլինելը վեճերի տեղիք տվեց, բայց դա երեխային խրախուսելու միջոց էր ու ամենևին չէր նշանակում, թե անառողջ մրցակցություն ես ստեղծում:
– Տիկի՛ն Դիլբարյան, առկա պատկերն ինչպե՞ս կարելի է փոխել:
– Պատկերը փոխելու համար նորից պետք է անդրադառնալ այն մայրենի լեզվի դասավանդման խորքային բոլոր խնդիրների բացահայտմանը, պետք է փոխել մեթոդաբանությունը, դասագրքերում ժամաքանակները ավելացնել: Ընդ որում, պետք չէ նոր գյուտ կատարել, մինչ այդ եղածը պետք է ստեղծագործաբար զարգացնել ու գնալ առաջ, այլ ոչ թե մտածել կրճատելու կամ ուսուցիչներին հեռացնելու մասին:
Ես հիմա մամուլում նայում եմ, ու շատ պետություններ վերցնում են խորհրդային դպրոցի մեթոդը: Ժամանակն է կանգ առնելու, դադարեցնելու այդ չափորոշիչներն անընդհատ փոփոխելու պրակտիկան, դադարեցնելու դասաժամերի ու դասածրագրերի նվազեցումը, առաջարկվող հարցաշարերը ևս փոփոխության կարիք ունեն: Տարբեր հիմնախնդիրներ գալիս բախվում են, ու վերջում մենք ստանում ենք այսպես թերգրագետների մի սերունդ, որը կարծում է՝ եթե ինքը խոսում է հայոց լեզվով, ուրեմն գիտի հայոց լեզու, բայց դա իրականում այդպես չէ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















