Պետությունը դրել է մի համակարգ, որտեղ ռիսկի դիմողին պատժում է, իսկ խուսափողին՝ հանգիստ թողնում․ Խաչատրյանը՝ կամավոր ատեստավորման մասին

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Ատեստավորումը գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վե՛րջ, էլ չպետք է աշխատի դպրոցում: Գործադիրի հերթական նիստի ժամանակ նման միտք արտահայտեց Նիկոլ Փաշինյանը: Պարո՛ն Խաչատրյան, արդյոք սա ճի՞շտ մոտեցում է, թե՞ նման մոտեցումը կարող է խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

– Ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցության հարցը՝ մոտիվացիայի տեսանկյունից, ունի տրամաբանական խնդիր. խնդիրն այն է, որ կամավոր ատեստավորմանը մասնակցող ուսուցիչները հայտնվում են ռիսկային վիճակում, որովհետև կարող են սայթաքել, ու եթե երկրորդ անգամ էլ սայթաքեն, ապա հնարավոր է կորցնեն աշխատանքը: Իսկ այն ուսուցիչները, որոնք չեն մասնակցում կամավոր ատեստավորմանը, ավելի ապահով վիճակում են, որովհետև նրանց ոչինչ չի սպառնում, այսինքն՝ պետությունը դրել է մի համակարգ, որտեղ ռիսկի դիմողին պատժում է, իսկ խուսափողին՝ հանգիստ թողնում: 

Սա է պատճառը, որ մեր նախարարությունը հետ է մնացել իր սահմանած թիրախից. այսօր Հայաստանի ուսուցիչների զգալի մասը պետք է արդեն հաղթահարած լիներ կամավոր ատեստավորումը, բայց փաստացի հաղթահարել է ընդամենը 9600 մարդ, մինչդեռ նախարարությունն ավելի մեծ թվեր էր նախատեսել, ու արդեն հինգ տարվա շրջափուլն էլ է լրացել: Մարդիկ չեն ուզում մասնակցել այդ գործընթացին, որովհետև չմասնակցելն ավելի ապահով է: 

Ինչ վերաբերում է նրան, որ ատեստավորումը չհաղթահարած մարդկանց պետք է դուրս թողնենք. շատ բարի, դուրս ենք թողնում, այդ դեպքում ումո՞վ ենք փոխարինում այդ մարդկանց, սա էլ է կարևոր, չէ՞: Եթե մենք հիմա Հնդկաստանից կարող ենք սպասարկման ոլորտում մարդ բերել, որ աշխատի, ապա կրթությունն այդ ոլորտը չէ, մենք չենք կարող Հնդկաստանից կամ Պակիստանից ուսուցիչներ բերել, որ մեր դպրոցներում դասավանդեն: Այսինքն՝ այսպես թե այնպես, մեր դասավանդողների բազմությունը փոքր է, առավելևս, որ վերջին տարիներին սահմանափակ թվով մարդիկ են ընդունվում մանկավարժական բուհեր: Ավելին՝ ընդունվելն էլ չափանիշ չէ, որովհետև մանկավարժի դիպլոմ ունեցողն էլ շատ հաճախ դպրոցում աշխատելու ցանկություն չունի: 

Եթե մենք նման կոշտ քաղաքականություն որդեգրենք, ապա հարց է ծագում. ունե՞նք մենք փոխարինող, չունենք, անգամ հիմա դպրոցների համար բարդ է ուսուցիչ գտնելը, վերջին երկու-երեք տարում նախարարությանն էապես օգնեցին Արցախի տեղահանված ուսուցիչները, մոտավորապես 1500 ուսուցիչ Արցախից եկել է Հայաստան, ու այդ թափուր տեղերն իրենք են լրացրել, եթե իրենք չլինեին, ապա այսօր մենք շատ ավելի մեծ խնդիրներ կունենայինք այդ մասով: 

Մի կարևոր հանգամանք էլ կա այստեղ, որ վարչապետը անբավարար ստացող աշակերտների թվաքանակի մեծացումը կապում է չատեստավորված ուսուցիչների հետ, բայց այդ ցուցանիշն այդքան պարզ բացատրություն չունի: 

Արդեն հինգ տարի է, Հայաստանում կան ուսուցիչներ, որոնք ավելի բարձր աշխատավարձ են ստանում, հիմա ես էլ հարց եմ տալիս. եթե 9600 ուսուցիչ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, ապա ինչո՞ւ է բուհերի ընդունելության քննությունների ժամանակ կտրվողների թվաքանակը ավելանում, ինչո՞ւ ավելի բարձր արդյունք չի տալիս 300, 400, 700 հազար դրամ ստացող ուսուցիչը: 

Որովհետև դա միայն ուսուցչից կախված չէ, պատասխանը սա է, այսինքն՝ եթե ընդունելության քննությունների ժամանակ կտրվող դիմորդների թվաքանակն ավելացել է, ապա դա միայն ուսուցիչների խնդիրը չէ, չի կարելի մեղքը բարդել միայն ուսուցչի վրա, դա բազմաթիվ գործոններից է կախված: 

Վերջերս մի շատ հետաքրքիր գլոբալ հետազոտություն տարածվեց, որտեղ ասվում էր, որ եթե երեխաները վաղ տարիքից սկսում են սոցիալական ցանցերից օգտվել, ավագ դպրոցի քննությունների ժամանակ լուրջ խնդիրներ են ունենում: Հնարավոր է, որ Հայաստանում անբավարար ստացող դիմորդների վրա ազդում է սոցցանցերից օգտվելը, որ գիրք կարդալու, սովորելու փոխարեն ժամանակ են վատնում սոցցանցերում: Չատեստավորված ուսուցիչը չէ, որ դրդում է այդ երեխաներին իրենց օրն անցկացնել սոցցանցերում: 

Կրթական խնդիրները բազմապատճառ են լինում, մեր խնդիրն այն է, որ մենք դրանք հաճախ պարզունակեցնում ենք: Նույն ուսուցչի մոտ լինում են և՛ գերազանցիկ, և՛ չսովորող, և՛ միջին աշակերտներ, այսինքն՝ պետք է չէ միանշանակ ասել՝ երեխան լավ չի սովորում, որովհետև ուսուցիչը վատն է: Առաջադիմության վրա կարող են ազդել անգամ երեխայի ֆիզիկական, հոգեկան առողջությունը, ծնողների վիճակը: Հետևաբար, կտրվողների թիվը նվազեցնելու համար մենք շատ ավելի շատ բաներ նախ պետք է փոխենք, իսկ ուսուցիչներին դպրոցներից հանելուց առաջ նախ պետք է նրանց փոխարինող գտնել: 

Հայաստանի դպրոցներում հիմա կտրուկ ավելացել է մեկ դրույքից ավելի դասավանդող ուսուցիչների թիվը, իսկ սա փաստում է այն, որ դպրոցներում կա ուսուցչի խնդիր, չեն կարողանում մասնագետ գտնել ու դասաժամերը տալիս են նույն անձին: Ես մի փոքր կասկածներ ունեմ մեկուկես դրույքով դասավանդող ուսուցչի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ, որովհետև դա շատ ծանր աշխատանք է: 

– Ստացվում է, որ սա, մեղմ ասած, լավագույն լուծումը չէ՞:

– Չէ, իհարկե լուծում չէ, դա լուծում կլինի այն ոլորտներում, որտեղ մրցակցություն կա: Եթե մենք, օրինակ՝ չատեստավորված պաշտոնյաներին հեռացնենք, այ դա կարող է լուծում լինել, որովհետև Հայաստանի բնակչության զգալի մասն ուզում է պաշտոն ունենալ, այսինքն՝ այն ոլորտներում, որտեղ մրցակցություն կա, այս մոտեցումը կարող է արդարացնել, բայց եթե դու մարդ չունես, եղածին հեռացնես՝ ո՞ւմ բերես: 

Ճիշտ չէ ընդհանրապես մեկ գործոնով որոշել մարդու ճակատագիրը, լավ կլինի, որ մենք մարդկանց գիտելիքները բազմագործոն ստուգենք, որովհետև այն ուսուցիչը, որն ատեստավորումից ցածր է ստանում, հնարավոր է, որ ունի մատչելի դասավանդման ոճ: Ուսուցչի աշխատանքը կարելի է գնահատել 100, 150 ցուցիչով, հիմա դու այդքանից վերցնում ես մեկն ու ասում ես՝ սրանով որոշելու եմ ձեր ճակատագիրը: Ես էլ չեմ ասում այդ ատեստավորման թեստերի բովանդակության մասին, տեսնում ենք, որ ամեն տարի մի սկանդալ է բարձրանում այդ մասով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am