«Կամավոր ատեստավորման գործընթացում կա անարդարություն». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

 – Պարո՛ն Խաչատրյան, ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ երկար ժամանակ է, ինչ հետազոտություն էիք իրականացնում, կխնդրեմ մանրամասնեք հետազոտության նպատակների ու արդյունքների վերաբերյալ։

– Հետազոտությունը երկու գործընկերներիս ու Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) հետ ենք իրականացրել։ Մեր նպատակն էր հասկանալ կամավոր ատեստավորման առաջին տարվա արդյունքները։ Դրա համար ուսումնասիրել ենք բոլոր առարկաներից արձանագրված արդյունքները, նաև իրականացրել ենք հարցազրույցներ ուսուցիչների հետ՝ ինչպես կամավոր ատեստավորումը հաղթահարած, այնպես էլ՝ չհաղթահարածների, և զրուցել ենք բոլոր առարկաների մասնակից ուսուցիչների հետ։ Դիտարկել ենք նաև այն փաստաթղթերը, որոնց հիման վրա անցկացվել է ատեստավորումը։ 

Մեր բացահայտումները հետևյալն են եղել․ արձանագրվել են բավական էական անհամաչափություններ, մասնավորապես, դպրոցների տեսակների միջև։ Մենք ունենք մոտավորապես 1400 դպրոց Հայաստանում, որոնցից մոտավորապես 1230-ը հիմնական ու միջնակարգ դպրոցներ են: Սրանք այն դպրոցներն են, որոնք ունեն 1-9-րդ դասարան, այսինքն՝ հիմնականը, և միջնակարգը, որոնք մեծ մասամբ գյուղական դպրոցներն են՝ 1-12-րդ դասարան։ Երեխաների մեծ մասը սովորում է այդ դպրոցներում, և ունենք մոտավորապես 100 ավագ դպրոց և մի քանի հայտնի դպրոցներ, որոնք բոլորս գիտենք՝ Ֆիզմաթը, Ճարտարագիտականի հենակետային վարժարանը, այլ բուհերի վարժարաններ։ 

Արդեն ակնհայտ է, որ ուսուցիչների մեծ մասն ու աշակերտների ահռելի մասը հիմնական ու միջին դպրոցներում են, բայց երբ նայում ենք ատեստավորման արդյունքները, տեսնում ենք, որ մոտավորապես 220 ուսուցիչ՝ 70%-ը, հաղթահարել է փոքրաթիվ ավագ դպրոցներից ու վարժարաններից, իսկ մոտավորապես 240-250 հոգի էլ հաղթահարել է միջնակարգ ու հիմնական դպրոցներից, այսինքն՝ այս դպրոցների արդյունքները մոտավորապես հավասար են, բայց, ինչպես նշեցի, 1400 դպրոցից 1230-ը հիմնական են ու միջնակարգ։ 

Այս բացահայտումը ցույց է տալիս, որ ատեստավորումից հիմնականում շահել են ավագ դպրոցներն ու հայտնի դպրոցները։ Ունենք ավագ դպրոցներ, հայտնի վարժարաններ, որտեղ 11-12 ուսուցիչ միանգամից հաղթահարել է ատեստավորումը, բայց այսօր ունենք հիմնական ու միջնակարգ դպրոցներ, նույնիսկ երկրորդ տարվա արդյունքները հաշվելով, որտեղից այս պահի դրությամբ ոչ մի ուսուցիչ ատեստավորված չէ, այսինքն՝ արդյունքը զրո է։ 

Սա նշանակում է, որ այս քաղաքականությունը, ըստ էության, նպաստավոր է հատուկ վարժարանների ու ավագ դպրոցների համար, ու, ըստ էության, այդ լրացուցիչ գումարների մեծ մասն ուղղվելու է հատուկ ու ավագ դպրոցներին, իսկ հիմնական ու միջնակարգ դպրոցները շատ փոքր բաժին են ստանալու այդ գումարից, որովհետև ատեստավորված խնդիրը քիչ է։

Մյուս կարևոր խնդիրը, որը մեծ հնչեղություն ունի, կապված է հիմնական դպրոցների հետ: Ինչպես գիտեք, ուսուցիչները դժգոհում էին, որ իրենք դասավանդում էին մինչև 9-րդ դասարան, իսկ իրենց հարցեր են տալիս նաև ավագ դպրոցի ծրագրից, որն իրենք երբևէ կամ 10-15 տարի է՝ ինչ չեն դասավանդում։ Ուսուցիչներն այս առնչությամբ առաջարկություններ ներկայացրին, ու մենք դրանք ձևակերպեցինք հետևյալ կերպ. ճիշտ կլինի, որ եթե հիմնական դպրոցի ուսուցիչը հավաքում է 60-69 միավոր, նրան տան 20% հավելավճար: 

Կարծում եմ, որ այս իրավիճակում սա լավագույն լուծումը կլինի, որովհետև նախարարության ասածի մեջ էլ տրամաբանություն կա․ ասում է՝ եթե դու Հայաստանում ավարտել ես համալսարան, ունես ուսուցչի որակավորում, ապա դա նշանակում է, որ դու բոլոր դասարաններում դասավանդելու համար ես ստացել այդ դիպլոմը։ 

Բայց շատ տրամաբանական է նաև ուսուցիչների դիտարկումը, որովհետև իրենք էլ ասում են՝ կներեք, եթե ես արդեն 15 տարի է՝ չեմ դասավանդում ավագ դպրոցում, ինչպե՛ս այդ ծրագիրը հիշեմ, ինչը նորմալ է։ Ու քանի որ երկու կողմերի փաստարկների մեջ էլ ուժեղ փաստարկներ կային, մենք հետազոտության մեջ առաջարկեցինք այդ կոմպրոմիսային լուծումը։ 

Հայտնաբերել ենք նաև որոշակի անհամաչափություններ առարկաների միջև, ու սա մեր առաջարկներից մեկն է, որ առարկաների միջև առարկայական թեստերի բարդությունը պետք է համաչափ լինի։ Անցած տարվա առաջին փուլում մաթեմատիկայի ուսուցիչների 90%-ն անցել էր ատեստավորումը, իսկ քիմիայի ուսուցիչների՝ ընդամենը 12%-ը։ 

Այս տարվա արդյունքներն էլ եթե նայում ենք, նկատելի է, որ շատ են բարդացրել մաթեմատիկայի թեստերը, որի հետևանքով մարդիկ սկսեցին բողոքել, թե ինչո՛ւ էր անցած տարի հեշտ, իսկ այս տարի՝ շատ բարդ։ Մեր հետազոտության առաջարկը դա է, որպեսզի մենք արդարության սկզբունքը պաշտպանենք, այդ թեստերը պետք է համաչափ լինեն։ 

Ավելին՝ այս տարի էլ դեպք ունեցանք, երբ պատմություն առարկայի ատեստավորումն անցկացվում էր երկու տեղ՝ ԳԹԿ-ում ու Մանկավարժական համալսարանում, ու ԳԹԿ-ի թեստը մի քանի անգամ բարդ էր, քան Մանկավարժականինը։ Սա էլ է անթույլատրելի, որովհետև այս գործընթացի ամենակարևոր սկզբունքն արդարությունն է, բայց եթե մի առարկայի թեստը պարզ է, իսկ մյուսինը՝ բարդ, դա արդեն անարդար է: Նույն խնդիրը եղավ նաև ֆրանսերենի պարագայում, երբ այս տարի ոչ մի ուսուցիչ չհաղթահարեց անցողիկ շեմը։ 

Լուրջ խնդիրներ ունենք տնօրենների և փոխտնօրենների հետ կապված, որովհետև անցած տարի ունեցել ենք դեպք, երբ մարդը որպես ուսուցիչ մասնակցել է ատեստավորմանն ու շեմը հաղթահարել է, մի երկու ամիս հետո ընտրվել է դպրոցի տնօրեն ու այլևս չի դասավանդել՝ զրկվելով այդ հավելավճարից։ Այս դեպքում ճիշտ կլինի, որ եթե այդ արդյունքները ճանաչում ես, պետք է վճարես նաև այդ մարդուն, հակառակ դեպքում ստացվում է, որ ինքը մասնակցել է, հաղթահարել է շեմը, բայց չի ստանում այդ գումարը։ 

Հիմնական բացահայտումները սրանք էին, մենք, իհարկե, հույս ունեինք, որ առարկաների միջև առկա անհամաչափությունները կշտկվեին այս տարի, բայց այդպես չեղավ, թեստերն ունեին բազմաթիվ սխալներ, օրինակ՝ թեստում կաթողիկոս Վազգեն Առաջինի անունը սխալ էր գրված, ինչը շփոթեցնող կարող է լինել ուսուցիչների համար։

Կարծում եմ՝ պատճառն այն է, որ նախարարությունը թեստերը չի տալիս փորձաքննության, այսինքն՝ երեք կամ մեկ հոգի նստում գրում են, ու կողքից նայող չկա։ 

– Թեստերի բովանդակության մասով ի՞նչ բացահայտումներ եք արել, որովհետև կան ուսուցիչներ, որոնք պնդում են, թե դրանք իրենց ստիպում են զուբրիտ անել, ուրիշ ոչինչ։

– Մեր մյուս առաջարկն էլ հենց բովանդակային մասով է, որ առաջարկում ենք այդ թեստին այդքան մեծ կշիռ չտալ։ Կամավոր ատեստավորումն ընդամենը ստուգում է առարկայական գիտելիքը, բայց մեզ պետք է, որ այս գործընթացը ստուգի առարկայի մանկավարժական գիտելիքը։ Օրինակ՝ մենք ուսուցչին տալիս ենք մաթեմատիկայի խնդիր, ու եթե ինքը դա լուծում է, ստանում է հավելավճար:

Բայց ես կուզեի այն ուսուցչին տայինք հավելավճար, որը ոչ միայն լուծում է այդ խնդիրը, այլև կարողանում է այդ լուծումը լավագույն ձևով բացատրել, որովհետև մեզ հենց դա է պետք, քանի որ նա կարող է լավ խնդիր լուծող լինել, բայց չկարողանա բացատրել աշակերտին, թե ինչպես լուծել այն։ Ստացվում է, որ այդ ուսուցչի արդյունավետությունը շատ ցածր է, բայց մենք նրան բարձր աշխատավարձ ենք տալիս։ Սրա համար մենք առաջարկել ենք, որ ստուգվի ոչ միայն առարկայական գիտելիքը, այլ նաև այլ բաղադրիչներ, թե ուսուցիչը ոնց է կարողանում այդ գիտելիքը բացատրել։ Մենք առաջարկում ենք ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն անել բազմագործոն ձևով, ոչ թե առավելությունը տալ միայն մեկ գործոնի։ 

– Պարո՛ն Խաչատրյան, այսինքն՝ միայն անդրադարձել եք կամավորի՞ն, պարտադիր ատեստավորմանը անդրադարձ չի՞ եղել։

– Չէ՛, միայն կամավորն ենք դիտարկել, բայց կարող ենք առանձին նաև անդրադառնալ դրան, որովհետև այնտեղ էլ շատ խնդիրներ կան, բայց լավն այն է, որ նախարարությունը գնում է փոփոխությունների։ Երկու գործընթացն էլ վատն է, իրականացումը շատ փնթի է արվում։ 

– Այդ ուսումնասիրությունը որքա՞ն ժամանակում եք ավարտել, առաջարկություններն արդեն ներկայացրե՞լ եք նախարարություն։

– Ուսումնասիրությունը արել ենք 6-7 ամսվա ընթացքում։ Առաջարկությունների մասով, ենթադրում եմ, որ եթե ուսումնասիրությունը հրապարակվել է, ապա նախարարությունը տեղյակ է։ Այս պահին չեմ կարող ասել՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամը ուղարկե՞լ է առաջարկությունները, թե՞ չէ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am