Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի կողմից փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը Ղարաբաղում կազմում է ընդամենը 25 տոկոս:
«Հայաստանը մեզ ականային քարտեզներ չի փոխանցում, իսկ վերջերս փոխանցված քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ղեկավարը շաբաթ օրը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով ՝ Ղարաբաղում ականի պայթյունից ավելի քան 150 ադրբեջանցի քաղաքացիական անձինք և զինծառայողներ են զոհվել: «Մենք չենք կարող վտանգել մարդկանց կյանքը։
Այդ պատճառով ազատագրված տարածքներում այժմ ականազերծում է ընթանում, միևնույն ժամանակ, արագացված տեմպերով ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում»,- նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Հայաստանը հունիսին և հուլիսին Ադրբեջանին է փոխանցել Աղդամի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզները։ Ի պատասխան՝ Բաքուն Երևանին է վերադարձրել 30 հայ գերիների։
Հայտնում է factor.am-ը: