Նախարարության ամեն մի փոփոխություն ավելի է խորացնում բևեռացումը դպրոցներում. այս համակարգը տանում է նրան, որ մարդիկ բաժանվում են հաղթողների ու պարտվողների. Սերոբ Խաչատրյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, ԿԳՄՍ նախարարը օրերս՝ գործադիրի հերթական նիստի ժամանակ, խոսեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում նոր փոփոխությունների մասին, շեշտեց, որ 2018-ին ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը մեկ ծրագիր է գործել, որին հատկացված է եղել 263 միլիոն դրամ: 2025-ին այս ուղղություններով արդեն հինգ ծրագիր է գործում. 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի համար պետությունն ավելի քան 15 միլիարդ դրամ է հատկացրել: Ձեր գնահատականն ու դիտարկումներն եմ խնդրում թե՛ առաջարկվող փոփոխությունների, թե՛ տրված գումարների վերաբերյալ:
– Նախարարը համեմատել է ուսուցիչների խրախուսման բյուջեն, որը, բնականաբար, 2018-ին փոքր էր, որովհետև այն ժամանակ հիմնականում խրախուսվում էին տարակարգ ունեցող ուսուցիչները, քանի որ Հայաստանում ուսուցիչների մեծ մասը հիմնականում ունենում էր առաջին, երկրորդ տարակարգ, ու դա ընդամենը 10-20 տոկոսի հավելավճար էր: Դրա համար էլ մինչև այս կամավոր ատեստավորումը ուսուցիչների խրախուսման ֆոնդը եղել է իսկապես շատ փոքր, որովհետև, արդեն ասացի, որ հիմնականում խրախուսվել են տարակարգ ունեցող ուսուցիչները, դեպի հեռավոր գյուղեր գործուղվող ուսուցիչները, այսինքն՝ ֆոնդը, այո՛, շատ չնչին է եղել:
Հիմա, քանի որ մոտ 9 հազար ուսուցիչ հաղթահարել է կամավոր ատեստավորումը, այդ հիմնական կետով է ֆոնդը ավելացել, բացի սա, նախարարությունը նաև այլ խրախուսումներ էլ է տալիս, օրինակ՝ բնագիտական հինգ առարկաներ՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա», «Կենսաբանություն» ու «Աշխարհագրություն» դասավանդող ուսուցիչները ստանում են լրացուցիչ խրախուսում իրենց աշխատավարձի 25 տոկոսի չափով: Օրինակ՝ եթե ուսուցիչն ատեստավորված է, նրա դրույքը դառնում է 200 հազար, ու նա 50 հազար լրացուցիչ գումար է ստանում:
Մի խրախուսումը սա է եղել, մյուս խրախուսումը վերաբերում է մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին, որոնք նույնպես ստանում են հավելավճար, այսինքն՝ այսպես 3-4 կետով նախարարությունը լրացուցիչ հավելավճարներ է տալիս ուսուցիչների որոշակի խմբերի:
Այստեղ սակայն հիմնական խնդիրն այն է, որ որոշակի խտրականություններ են առաջանում. օրինակ՝ «Մաթեմատիկա» առարկան, որը ևս բնագիտական բլոկից է, բայց այդ առարկան դասավանդող ուսուցիչը չի ստանում այն խրախուսումը, որը նախատեսված է բնագիտական բլոկի առարկաներ դասավանդողների համար: Չի ստանում, որովհետև, նախարարության տրամաբանությամբ, մաթեմատիկայի դասաժամերը դպրոցում շատ են, ու այդ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը մեծ է, ու նրանց լրացուցիչ պետք չէ, բայց քանի որ, օրինակ՝ «Քիմիան» սկսվում է յոթերորդ դասարանից ու հիմնական դպրոցում այն դասավանդվում է յոթերորդ դասարանից մինչև իններորդ դասարան, կարող է ուսուցչի ծանրաբեռնվածությունը 12 ժամը չանցնել, դրա համար էլ նրանք մտածում են, որ այդ ուսուցիչներին պետք է լրավճար տալ: Սրա հետևանքով էլ առաջանում է խտրականությունը, որովհետև կարող է նույն այդ մաթեմատիկայի ուսուցիչն էլ ունի 12 ժամ, իհարկե այստեղ միայն մաթեմատիկայի հարցը չէ, ուրիշ առարկաներ դասավանդողներ էլ կարող են նույն խնդրի առաջ կանգնել:
Դպրոցներում այս ատեստավորումը որոշակի խնդիրներ է առաջացրել այդ խտրականությունների պատճառով, մի առարկայի թեստը հեշտ է լինում, մյուսինը՝ բարդ: Հիմա մեր դպրոցների խնդիրը սա է, այսինքն՝ ուսուցչական կազմը շատ բազմազան է դարձել, մենք ունենք այսօր ուսուցիչ, ինչպես նախարարությունն է հայտարարում արդեն, որը ստանում է 700 հազար դրամ աշխատավարձ, ի դեպ, նշեմ, որ այդ գումարը ստացող ուսուցիչները մեկ դրույքից ավելի են դասավանդում, սա չի ասվում, ու որոշ մարդկանց թվում է, թե մեկ դրույք դասավանդելով կարելի է 700 հազար դրամ գումար ստանալ, բայց իրականում այդ 700 հազար, 600 հազարից բարձր ստացողները մեկ դրույքից ավելի ժամեր ունեցողներն են:
Այս մասին չեն խոսում ցավոք, ու որոշ մարդկանց թվում է, թե կարելի է 20 ժամ դաս տալ ու այդքան աշխատավարձ ստանալ: Չէ՛, այդ 700 հազար դրամ ստացողները 30 ժամ դաս են պարապում: Սա էլ է խնդիր, թե, ասենք, 30 ժամ պարապող ուսուցչի արդյունավետությունը ինչպիսի՛ն է, կամ այդ աշխատանքի ազդեցությունը իր ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա, որովհետև միայն 30 ժամ պարապելով չի վերջանում այդ ուսուցչի աշխատանքը, պետք է այդքան դասարանների մատյանները լրացնել, դասապլաններ, թեմատիկ պլաններ կազմել:
Հիմա, նախարարության այս նոր քաղաքականության հետևանքով որոշ խմբերի ուսուցիչների խրախուսման ենք ականատես լինելու ու, ըստ էության, ունենում ենք նոր իրավիճակ, հիմա պետք է այնպես անել, որ ուսուցիչների միջև առաջացած այս տարբերություները հանկարծ չտանեն դպրոցի ներքին մշակույթի թունավորման, որոշ խավերի ուսուցիչների ապամոտիվացման: Այս խնդիրն էլ կա, որովհետև մենք տեսնում ենք միայն այն 13 հոգուն, որ 700 հազարից ավելի են ստանում, բայց նրանց կողքին մենք ունենք նաև 200 ուսուցիչ, որոնք էլ կանգնած են այսօր աշխատանքը կորցնելու վտանգի առաջ:
Ես անընդհատ ասում էի, որ կարելի է առաջին հինգ տարում ընդհանրապես ոչ մի ուսուցչի չհեռացնել աշխատանքից, եկեք մարդկանց հնարավորություն տանք, թող մի հինգ տարի փորձեն, պարապեն: Ես ճանաչում եմ ուսուցիչների, որոնք ամոթից ելնելով՝ թողել դուրս են եկել առաջին ձախողումից հետո, որովհետև մտածել են, որ եթե կտրվել են, էլ ո՛նց մտնեն դասարան: Այսինքն՝ մենք խոսում ենք միայն մեդալի մի կողմի մասին, երեկ էլ փոխվարչապետն ասում էր չեմպիոնների մասին, բայց մենք նաև պետք է խոսենք մյուս մարդկանց մասին, որոնց թիվն այս պահին շատ ավելի մեծ է:
Շեշտվում է, որ ուսուցիչների 31 տոկոսն է, բայց իրականում այդ ատեստավորվածների մեջ պետք ներառել նաև դասավանդողներին: Հայաստանում կա մոտավորապես 30 հազար ուսուցիչ, բայց ունենք նաև 8 հազար դասավանդող, դրանք այն մարդիկ են, որոնք նույնպես մտնում են դասարան, բայց իրենց հիմնական գործը դպրոցում ուրիշ է՝ նրանք տնօրեն են, փոխտնօրեն, այլ վարչական պաշտոններ զբաղեցնող մարդիկ կարող են լինել, որոնք նույնպես ատեստավորվում են, այսինքն՝ այդ 9 հազարը պետք է հաշվել ոչ թե 30 հազարի միջից, այլ՝ 38 հազարի: Հիմա, եթե այդպես ենք հաշվում, ստացվում է, որ ունենք 9 հազար ատեստավորված ու դեռևս 29 հազար չատեստավորված: Հիմա սա էլ պետք է նայենք, որովհետև դեռևս այս պահին համակարգի ճնշող մեծամասնությունը ատեստավորում չի անցել: Այս խմբին չպետք է անտեսենք, որովհետև նրանք դեռ բավական մեծամասնություն են, ու պետք է զգույշ լինել, որ հանկարծ այս տարբերակումները մարդկանց մեջ ինչ-որ անարդարության զգացողություններ չառաջացնեն:
– Այս նոր փոփոխության համաձայն՝ «ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, կարող են նաև խմբակներ վարել, նախագծային աշխատանքներ իրականացնել, որոնք նույնպես հաշվարկվելու են որպես ուսուցչի կողմից դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվելու են հավելավճարի սկզբունքները` ըստ կամավոր ատեստավորման արդյունքների»: Ձեր ասած այդ խտրականությունը, ստացվում է, որ այստեղ է՞լ է դրսևորվելու, պարո՛ն Խաչատրյան:
– Այո՛, օրինակ՝ կարող է ես որպես ուսուցիչ թույլ եմ, բայց կարող է որպես խմբակավար ուժեղ լինել, իսկ քանի որ ատեստավորված չեմ, չեմ կարող բարձր ստանալ, իսկ ատեստավորված խմբակավարը նույն խմբակի համար բարձր կստանա: Ամբողջ խնդիրն այն է, որ տպավորություն է, թե Հայաստանում մրցավազք է սկսվել, ու հիմա որ խմբակ պարապողներին հավելավճար տան, կարող է պարզվել, որ, օրինակ՝ ունենք 750 հազար դրամ ստացող ուսուցիչ, որովհետև կարող է այդ 700 հազար դրամ ստացողը մի հատ էլ խմբակ է վարում, մի հատ էլ դրա համար հավելավճար ստանա:
Մի տեսակ սպորտի տրամաբանություն է գործում, բայց մենք պետք է համակարգային մտածենք, պետք է այնպես անենք, որ շատ-շատ չսրենք այս տարբերությունները: Ինչո՞ւ է աշխարհում այնպես ստացվել, որ արմատական ուժերն են սկսել իշխանության գալ, մասնագետների վերլուծությունները ցույց են տալիս, որ հասարակության մեջ այդ արմատական տրամադրությունները սրվում են հենց այդ տարբերությունների պատճառով, այսինքն՝ այս համակարգը տանում է նրան, որ մարդիկ բաժանվում են հաղթողների ու պարտվողների, պարտվողների մեջ առաջանում է այն զգացումը, որ եթե մեզ անտեսում եք, մենք էլ կգնանք, կքվեարկենք արմատական ուժերի օգտին, որոնք կգան ու ձեզ դուրս կմղեն: Պետք է շատ զգույշ լինել, որ ուսուցիչների այս բևեռացումները խելամիտ կառավարվեն, որ հանկարծ չբերի ռադիկալիզմի:
– Այսինքն՝ նախարարության ամեն մի փոփոխություն ավելի՞ է խորացնում բևեռացումը դպրոցներում:
– Այո՛, մենք չպետք է տարվենք միայն փոքր խմբի մասին հոգ տանելով: Երբ մենք ասում ենք՝ հարգելի՛ ուսուցիչներ, չկա աշխատավարձը բարձրացնելու այլ ճանապարհ, քան ատեստավորումը, պետք է նաև մտածենք, որ այն մարդիկ, որոնք ատեստավորված չեն, միևնույն է, շարունակում են համակարգում մնալ, ու իրենք էլ են համակարգի մաս: Իսկ նախարարությունը ոչ թե միայն ատեստավորված ուսուցիչների նախարարությունն է, այլ նաև՝ բոլորի: Հետևաբար, նախարարությունը պետք է այնպես անի, որ համակարգի մի մասը հանկարծ չսկսի աշխատել համակարգի հաջողության դեմ, որովհետև այս փոփոխությունները այդ ռիսկերն էլ են պարունակում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















