«Կամուսնանաս` կիմանաս». ապատեղեկատվությունը` սեռական խանգարումների պատճառ

«Կամուսնանաս` կիմանաս». ապատեղեկատվությունը` սեռական խանգարումների պատճառ
«Կամուսնանաս` կիմանաս». ապատեղեկատվությունը` սեռական խանգարումների պատճառ

«Առաջին ամուսնական գիշերը նոր տեսա ու հասկացա, թե որքան տարբեր են կանայք և տղամարդիկ, և այնքան էի տարվել այդ տարբերությունն ուսումնասիրելով, որ հարաբերություն գրեթե չստացվեց: Հենց այդ օրվանից իմ կյանքում սկսվեցին բոլոր բարդությունները, և մի քանի ամսից ես բաժանվեցի: Մինչև օրս մենակ եմ»,- ասում է 47-ամյա Անահիտ Հարությունյանը:

Հարությունյանն իր սխալների համար մեղավոր է համարում ծնողներին, դպրոցը, ուսուցիչներին. «Ես շատ երիտասարդ հասակում ամուսնացա, ընդամենը 17 տարեկան էի, և երբ մորս հարցեր էի տալիս, ասում էր` կամուսնանաս, կիմանաս»:

30 տարի առաջ, իհարկե, տաբուներն ավելի շատ էին, քան այսօր, սակայն սեռական դաստիարակության առումով քիչ բան է փոխվել: Մասնագետներն ասում են` այսօր էլ դեռահասները սեռական կյանք են մտնում` գրեթե պատկերացում չունենալով դրա մասին:

«Յուրաքանչյուր երեխա սեփական մարմինն ուսումնասիրելու ցանկություն ունենում է դեռ վաղ հասակից, այդ ուսումնասիրությունն անում է մեծ հաճույքով ու լրջությամբ։ Որքան էլ ծնողները շեղեն նրա ուշադրությունը, միևնույն է` երեխայի մեջ հարցեր են առաջանում։ Ընդ որում` շատ բնական ու տրամաբանական հարցեր»,- «Մեդիալաբին» ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ Վրեժ Շահրամանյանը:

Նա նշում է, որ երեխաներին ավելի շատ հետաքրքրում են ինչո՞ւ են տարբերվում տղաներն ու աղջիկները, ինչի՞ համար են սեռական օրգանները, ինչպե՞ս են ծնվում երեխաները հարցերը։

Սեքսոպաթոլոգի խոսքով` հաճախ դաստիարակչի դերում լինում է փողոցը, որը, իհարկե, կարող է ամեն բան բացատրել, նկարագրել ու գունավորել, սակայն ոչ միշտ է դա անում նրբանկատորեն ու ճիշտ. «Սեքսուալությունը մի թեմա է, որն անընդհատ գտնվում է երեխայի ուշադրության կենտրոնում, և եթե այդ մասին չեն խոսում, ապա առնվազն այդ մասին մտածում են»:

Թեև Հայաստանի դպրոցներում դասղեկական դասաժամերին աշակերտները նաև սեռական դաստիարակություն են ստանում, սակայն դա ոչ միշտ է բավարար լինում, միևնույն ժամանակ, քիչ չեն տնօրենները, ովքեր դեմ են դպրոցում սեռական թեմաներ շոշափելուն:

Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը «Մեդիալաբին» ասում է, որ կտրականապես դեմ է դպրոցում սեռական դաստիարակություն դասավանդելուն.

«Մենք ավանդապաշտ ազգ ենք, կարիք չկա այդքան վաղ տարիքից երեխաներին սեռերի հարաբերություն բացատրել: Տարրական գիտելիքները, որ նրանք ստանում են կենսաբանությունից, բավական են»:

Դեռահասների հոգեբան Կարինե Քոչարյանն այս մոտեցումը սխալ է համարում.

«Սեռերի հարաբերությունն առաջանում է վաղ տարիքից, իսկ դպրոցում դրան անդրադառնալը շատ ուշ է: Սեռական բառը լսելիս մարդիկ միանգամից պատկերացնում են անկողին, բայց մինչ այդ սեռահարաբերումն ավելի կարևոր է. ինչպե՞ս մոտենալ սիրած էակին, առաջին համբույր, գրկախառնություն… Սեռական դաստիարակությունը սկսվում է հասարակ շփումից, որից էլ ձեռք ենք բերում որոշակի վարքագիծ»:

«Նախ` ծնողների վարքագիծը պիտի լինի սեռադաստիարակված, պիտի խոսեն իրենց երեխաների հետ, մասնագիտական, կյանքի խորհուրդներ պիտի տան նրանց, բայց շատ ծնողներ ամաչում են երեխաներից, ուստի այսօր մենք ունենք սեռապես չդաստիարակված սերունդ»,- հավելում է Քոչարյանը:

Ծնող-երեխա հարաբերություններում ամոթխածությունը հաղթահարելու համար որոշ ծնողներ այլ ելքեր են գտնում:

Նվարդ Մարտիրոսյանը, օրինակ` «Մեդիալաբին» պատմում է, որ իր հարևանի աղջկա հետ խոսում է սեռական կյանքի մասին, սակայն դստեր հետ չի խոսում. «Փոխարենն իմ աղջկա հետ հարևանս է խոսում, դա ավելի լավ է, քան ընդհանրապես լռելը»:

Իսկ դպրոցում ուսուցանվող գիտելիքները, ըստ աշակերտների, կամ ձանձրալի են մատուցվում, կամ էլ ուսուցիչը շատ չի մանրամասնում:

«Մայրիկիս չեմ կարող տալ ինձ հուզող հարցերը, կամաչեմ, համարյա ոչինչ չեմ հասկանում սեռական կյանքից, իսկ դա ինձ շատ է խանգարում որոշումներ կայացնելիս: Կուզենայի, որ աղջիկներն առանձին, տղաներն առանձին անցնեն այս առարկան, որ իրարից չամաչեն: Մեզ շատ պետք կգան գիտելիքներն ապագայում, լավ կլիներ, որ դպրոցում անցնեինք նորմալ և առանց ամաչելու կամ ցինիկություններ անելու»,- ասում է թիվ 43 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը` չցանկանալով ներկայանալ:

Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` դեռահասներն իրավունք ունեն սեռական դաստիարակության, սեռական և վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաև սեռական հասունացմանն իրազեկ լինելու:

Ըստ նույն օրենքի` դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում և կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք: Սակայն հոգեբան Քոչարյանն այսօր չի տեսնում օրենքի տառին համապատասխան մասնագետներ, թեև ­կրթության ու գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի դաստիարակչական բաժնի փոխանցմամբ` դասղեկները հատուկ դասընթացների են մասնակցում, թե ինչպե՞ս աշակերտների հետ զրուցեն սեռական թեմաներով:

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ևս կարևորում է համապատասխան մասնագետի միջոցով ճիշտ սեռական կրթությունը. «Դպրոցներում, որքան նկատել եմ, շատ հպանցիկ են քննարկվում սեռական դաստիարակության հարցերը, հաճախ էլ հանձնարարվում են ինքնուրույն յուրացման: Սեռակրթության ուսուցումը պետք է ամուր հիմքերի վրա դրվի թե՛ դպրոցական, թե՛ բուհական համակարգում: Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա ծնողն է»:

Սեռական կրթության բացը ինքնուրույն, գրականության միջոցով յուրացնելու հնարավորություն նույնպես Հայաստանում չկա, քանի որ երկրի ներսում նման գրքեր չեն հրատարակվել, իսկ եղած հատուկենտ թարգմանությունները բառացի են, չեն ներառում հայ երեխայի մտածելակերպին բնորոշ շատ հարցեր:

«Անտարես» հրատարակչությունում, օրինակ, իսպաներենից թարգմանվել է «Երեխաներին սեքսի մասին» գիրքը, որը միայն ներկայացնում է սեռական օրգանները, ինչով են տղան և աղջիկը տարբերվում: Ավելի խոր գիտելիքներ փոխանցող գրականություն այսօր չկա:

«Տպագրության է պատրաստվում «Սեռակրթության հիմունքներ» ձեռնարկը, որի առանձին թեմաներ արդեն լույս են տեսել տարբեր հանդեսներում: Սառույցը կարծես աստիճանաբար հալչում է, բայց ցավալի է, որ երբեմն սեռական հիգիենայի տարրական կանոններին (օրինակ` պահպանակի օգտագործմանը) մեր երիտասարդները չեն տիրապետում: Հաճախ մեզ դիմում են այնպիսի հաճախորդներ` տղամարդիկ, կանայք, ամուսնական զույգեր, որոնց մոտ ապատեղեկատվության պատճառով սեռական խանգարումներ են առաջացել»,- նշում է Շահրամանյանը:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am