Ստամբուլից մինչև Ալթայ. Փաշինյանի անսպասելի այցը Ռուսաստան

Վերջին իրադարձությունների հաջորդականությունը վկայում է տարածաշրջանային և ներքաղաքական օրակարգերում տեղի ունեցող խոր վերադասավորումների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ այցելեց Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո վերջինս հայտարարեց, թե Փաշինյանը դարձել է «ավելի ճկուն» Զանգեզուրի միջանցքի հարցում: 

Օրեր անց Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ երկիրը 2.4 միլիարդ արտաքին ֆինանսավորում է ստացել Թուրքիա–Նախիջևան երկաթգծի կառուցման համար։ 

Թուրքիայից հետո վարչապետը մեկնեց Աբու Դաբի, որտեղ հինգժամյա հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման մանրամասները չեն հրապարակվել, բայց ըստ ԱԳ փոխնախարար Սաֆարյանի՝ Հայաստանը պատրաստ է Սյունիքի ճանապարհները արտապատվիրակելլ երրորդ կողմի վերահսկողությանը։ 

Թեև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ողջունվեց Ռուսաստանի կողմից, սակայն Ռուսաստանը հայտարարեց, որ Սյունիքի ճանապարհների հարցերը կարգավորված են եռակողմ ստորագրված փաստաթղթերով, և գործընթացները պետք է ընթանան այդ համաձայնագրի հիմքով։

Հայաստան վերադառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամանոց մամլո ասուլիս կազմակերպեց, որտեղ կոշտ հայտարարություններ հնչեցրեց ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հասցեին՝ ընդգծելով դաշնակիցների՝ իրենց պարտավորությունները չկատարելու հանգամանքը։ Նա միաժամանակ փորձեց հիմնավորել Սյունիքի ճանապարհների արտապատվիրակման տրամաբանությունը՝ նշելով, որ կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է ԱՄՆ-ից ստացված առաջարկը։

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս Հայաստանը շարունակում էր բոյկոտել ԱՊՀ և ՀԱՊԿ միջոցառումները՝ դրանով իսկ ցույց տալով, թե որևէ հետաքրքրություն չունի այդ շրջանակներում շարունակել համագործակցությունը, այսօր առավոտյան անսպասելիորեն հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան՝ մասնակցելու Ալթայում կայանալիք ԱՊՀ ձևաչափով կազմակերպվող անհայտ բնապահպանական համաժողովի։ 

ՀՀ վարչապետը երբևէ չի մասնակցել միջազգային բնապահպանական որևէ համաժողովի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովներին, ինչն ինքնին հարցեր է առաջացնում Ալթայ կատարելիք այցի իրական նպատակի վերաբերյալ։ 

Որևէ տեղ չկա որևէ տեղեկատվություն համաժողովի օրակարգի կամ բովանդակության մասին, սակայն ակնհայտ է, որ բնապահպանական թեման այս դեպքում ընդամենը պատրվակ է։ Թերևս անորոշ է մնում՝ ինչ մեխանիզմներով է Ռուսաստանին հաջողվել Փաշինյանին երկօրյա այցով տանել Ալթայ, սակայն մեկ բան հստակ է՝ այս ուղևորությունն իրականում քիչ առնչություն ունի բնապահպանության հետ։

Հայաստանի շուրջ և ներսում տեղի ունեցող այս զարգացումները վկայում են լրջագույն քաղաքական գործընթացների մասին, որոնց հետ գործնականում կապ չունեն և՛ իշխող ՔՊ կուսակցության մեծամասնությունը, և՛ ինստիտուցիոնալ ընդդիմադիրները։ 

Այս ամենը տեղի է ունենում երկու նշանակալի իրադարձություններից հետո, նախ՝ երեկ հրապարակվեց Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր հարցումը, ըստ որի՝ վարչապետ Փաշինյանի վարկանիշը հասել էր պատմական նվազագույնի՝ ընդամենը 13 տոկոս՝ ավելի քան մեկ քառորդ կորցնելով վերջին տասն ամսվա ընթացքում, իսկ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը անսպասելի հարված ստացավ ոչ թե Ռուսաստանից, այլ Եվրոպայից․ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարանը բավարարեց Սամվել Կարապետյանի ընտանիքի հայցը՝ պարտադրելով դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։ Որոշումը ենթակա է Հայաստանի կառավարության կողմից պարտադիր կատարման։

Մարի Ներսեսյան 

MediaLab.am