IRI․ ՔՊ-ի աջակցությունը նվազում է, Եկեղեցունը՝ աճում

Հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի նոր հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսին և հնարավորություն է տալիս համեմատել տվյալները 2024 թվականի սեպտեմբերի և 2023 թվականի դեկտեմբերի հետ։ Թվերը ցույց են տալիս, որ իշխանության հանդեպ հանրային աջակցությունը և պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը շարունակում են անկում ապրել:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է հարցվածների 17 տոկոսը։ Այս ցուցանիշը 2023 թվականի դեկտեմբերի (20 տոկոս) և 2024-ի սեպտեմբերի (18 տոկոս) համեմատ կրկին նվազել է։ Սակայն ի տարբերություն այս փոքր փոփոխության՝ պետական կառավարման ընդհանուր ուղղության վերաբերյալ հանրային վստահությունը էականորեն է նվազել, մասնավորապես 2023-ի դեկտեմբերից մինչև 2025-ի հունիսը ավելի քան 10 տոկոսային կետով նվազել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ (39 տոկոսից հասնելով 29 տոկոսի), իսկ 11 տոկոսով աճել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ճանապարհով է գնում (41 տոկոսից՝ 52 տոկոս):

Այսինքն՝ իշխող ուժին քվեարկելու պատրաստակամությունը ՔՊ հիմնական ընտրազանգվածի մոտ դեռևս պահպանվում է, բայց հանրային ընկալմամբ՝ պետությունը շարժվում է սխալ ճանապարհով։

Քաղաքական համակարգի նկատմամբ վստահության անկումը ընդգրկում է գրեթե բոլոր պետական կառույցները։ Դատական համակարգից, Ազգային ժողովից, նախարարություններից, ոստիկանությունից և վարչապետի աշխատակազմից դժգոհների թիվը գերակշռում է։ «Ընդհանրապես գոհ չէ» գնահատականով առաջատարը Ազգային ժողովն է՝ 54 տոկոսով, նրան հաջորդում է վարչապետի աշխատակազմը՝ 44 տոկոսով։ Բացառություն են զինված ուժերը, որոնց հանդեպ դրական վերաբերմունք ունի հարցվածների 72 տոկոսը։ Սակայն նույնը չի վերաբերում ՊՆ ղեկավարությանը, քանի որ զինված ուժերի ղեկավարության աշխատանքից գոհ է միայն 54 տոկոսը։

Մյուս ուշագրավ բացառությունը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Չնայած ՔՊ իշխանության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ամենօրյա ռեժիմով հնչեցած քննադատությանը՝ հարցվածների դրական վերաբերմունքը Եկեղեցու նկատմամբ աճել է։ 2024 թվականի սեպտեմբերին այն 48 տոկոս էր, իսկ 2025-ի հունիսին՝ արդեն 54 տոկոս, իսկ դժգոհողների թիվը անցյալ տարվա 47%-ից իջել է 35%։ 

Քաղաքական դաշտում, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի, որը չնայած կրկնապատկել է իր աջակցության տոկոսը, սակայն շարունակում է ունենալ շատ սահմանափակ՝ 4 տոկոս, իսկ մյուս բոլոր ուժերը մնում են 1–2 տոկոսի շրջանակում։ Այս տվյալները ցույց են տալիս, որ քաղաքական մրցակցությունը գործնականում բացակայում է, և իշխանության վարկանիշի նվազումը չի ուղեկցվում այլ ուժերի նկատմամբ վստահության աճով։

Պատկերը նույնն է նաև արտաքին կողմնորոշումների տիրույթում։ Հարցվածների 26 տոկոսն աջակցում է միայն արևմտամետ արտաքին քաղաքականությանը, մինչդեռ 2024-ի սեպտեմբերին այդ թիվը 33 տոկոս էր։ Միաժամանակ աճել է Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական գնահատողների թիվը՝ 55 տոկոսից հասնելով 64 տոկոսի։ ԵՄ-ի դեպքում դրական գնահատականը նվազել է՝ 87-ից 80, իսկ ԱՄՆ-ի դեպքում՝ 86-ից 73։

Այս հակադարձ միտումները կարող են մասամբ բացատրվել տնտեսական գործոններով։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի համար մնալ առավել հասանելի շուկա՝ հատկապես գյուղատնտեսական և վերամշակող արտադրության ոլորտներում։ Արտահանման տեսանկյունից վերջին ամիսներին խնդիրներ են եղել ծիրանի, ծաղիկի, կոնյակի սպիրտի և այլ ապրանքների մատակարարման հետ կապված, ինչը հասարակությանը հերթական հիշեցնում է, որ քաղաքական հռետորաբանությունը մեկ բան է, իսկ եկամտի աղբյուրները՝ այլ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 41 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, ընդամենը 7.7% տոկոսը՝ ԵՄ-ին։ Այս համատեքստում Ռուսաստանը ներկայանում է ոչ թե որպես քաղաքական նախընտրելի կողմ, այլ որպես ֆիզիկական ապրուստի ապահովման կայուն աղբյուր։ Իսկ Եվրոպան՝ իր բարդ ստանդարտներով և նեղ շուկաներով, մնում է քիչ հասանելի, հատկապես փոքր և միջին արտահանողների համար։

Ինչպես և նախորդ տարիներին, հասարակության մոտ 60 տոկոսը որևէ վստահություն չի հայտնում գործող իշխանությանը, բայց նաև կտրուկ մերժում է ընդդիմադիր ուժերին։ Կողմնորոշված 40 տոկոսը մոտավորապես հավասարաչափ բաշխված է՝ մի կողմից ՔՊ-ի և նրա պոտենցիալ գործընկեր «Հանրապետություն» կուսակցության, մյուս կողմից՝ նախկին իշխող համակարգի առանցքային դերակատարների՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Դաշնակցության, ԲՀԿ-ի, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մյուս արբանյակ կողմնակիցների միջև։

Այս համատեքստում առանձնանում է ՔՊ-ի ընտրազանգվածի հարաբերական կայունությունը։ Այդ ընտրողները պատրաստ են մասնակցելու ընտրություններին, ինչն իր քաղաքական հաշվարկներում օգտագործում է իշխանությունը։ Որքան ՔՊ-ն կարողանա առավել թուլացնել ընդդիմադիր դաշտի վստահելիությունը և ընտրողների մոտիվացիան, այնքան մեծ կլինի իր ընտրազանգվածի կշիռը ընդհանուր մասնակցության պայմաններում։

Այս պայմաններում որոշիչ կարող է լինել նոր դերակատարի, մասնավորապես, Սամվել Կարապետյանի քաղաքական ակտիվության հարցը։ Եթե նա կարողանա մոբիլիզացնել բոլորին դեմ շերտից գոնե 10 տոկոս իրական աջակցություն, ՔՊ-ի դիրքերը էապես կթուլանան։ Իսկ եթե այդ աջակցությունը հասնի 20-30 տոկոսի, ապա ոչ միայն ՔՊ-ն կկորցնի իշխանությունը, այլև հենց Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը կարող է վերածվել դոմինանտ քաղաքական ուժի։

Միևնույն ժամանակ, ՔՊ-ի դիրքերի ամրապնդման միակ տեսանելի գործոնը ներկայում մնում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը։ Հարցումը վկայում է, որ հասարակության համար դա առաջնային հարց է, և եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի փաստաթղթի ստորագրումը մինչև ընտրությունները, դա կարող է դառնալ էական հաջողություն իշխանության համար։ 

Սակայն մինչ այդ, իրավիճակը մնում է անկանխատեսելի, և ապագա վերադասավորումները մեծապես կախված կլինեն թե՛ խաղաղության պայմանագրի զարգացման հանգուցալուծումից, թե՛ Սամվել Կարապետյանի հնարավոր հաջորդ քայլերից և թե՛ Կաթողիկոսի հետ կապված թնջուկի հանգուցալուծումից։

Մարի Ներսեսյան

MediaLab.am