Ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում. միլիարդատեր Իվանիշվիլու վարկանիշը գնալով աճում է

Ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում.  միլիարդատեր Իվանիշվիլու վարկանիշը գնալով աճում է
Ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում. միլիարդատեր Իվանիշվիլու վարկանիշը գնալով աճում է

Մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու վարկանիշը գնալով աճում է`խորհրդարանական ընտրությունների մոտենալուն համընթաց:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլու ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքին իրենց աջակցությունը հայտնելու համար`մայիսի 27-ին կայացած հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, ինչը ցույց է տալիս, որ դաշինքը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաջողության հասնելու լավ հնարավորություններ ունի:
Այս ընտրությունները հատկապես նշանակալի են, քանի որ տեղի են ունենալու նախագահ Միխեիլ Սահակաշվիլու երկրորդ եւ վերջին պաշտոնավարման ժամկետի`2013 հունվարին լրանալուց մի քանի ամիս առաջ, եւ այս քվեարկության արդյունքները կարող են վճռորոշ լինել հաջորդ նախագահական ընտրությունների համար:
Միլիարդատեր Իվանիշվիլին քաղաքական դաշտ է ներթափանցել 2011-ի աշնանը`աշխուժացնելով վրաստանյան ընդդիմության շարքերը: Մինչդեռ 7 ամիս առաջ, մեծահարուստի լուսանկարներն անգամ հնարավոր չէր հայթայթել:
Իվանիշվիլու բարեգործական նվիրատվությունների մասին պատմությունները տարածվել են Վրաստանի արեւմուտքում գտնվող նրա հայրենի Չորվիլա գյուղի սահմաններից դուրս:

 

Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում եւ հարակից փողոցներում կայացած հանրահավաքին շուրջ 80-100 հազար մարդ է մասնակցել:

«Ես այստեղ եմ, որովհետեւ Սահակաշվիլու պատճառով երկիրն անդունդն է գլորվում: Աստված մեզ փրկիչ է ուղարկել ի դեմս Բիձինայի: Այս ընտրությունները վճռորոշ կլինեն», – ասում է 56-ամյա գործազուրկ Դավիթ Շալամբերիձեն:

Ի տարբերություն ընդդիմության այլ հավաքների, որոնք ժամեր են տեւում եւ Սահակաշվիլու հրաժարականի վերաբերյալ կոչեր են պարունակում, այս հանրահավաքը տեւեց մեկ ժամ եւ համեմատաբար ավելի մեղմ քաղաքական հռետորությամբ էր երանգավորված:

«Դա նախընտրական քարոզարշավի սկիզբն էր, ոչ թե բողոքի ցույց: Նման բան երբեւէ չի եղել Վրաստանում: Թբիլիսիի բնակիչները բացառիկ ակտիվություն դրսեւորեցին: Երբեք այսքան շատ մարդկանց միասին չեմ տեսել», – ասում է «Վրացական երազանք» դաշինքի մասը կազմող ընդդիմադիր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թինաթին Խիդաշելին:

Իվանիշվիլին միակ առաջատար քաղաքական գործիչն էր, որը ելույթ ունեցավ հանրահավաքի ժամանակ: Նա այստեղ էր եկել իր կնոջ ընկերակցությամբ, իսկ նրա որդին`Բերա անունով ռեփ կատարողը, մի շարք բողոքական բնույթի երգեր կատարեց:

Իվանիշվիլին հայտարարել է հանրահավաքի ժամանակ, որ կառավարությունը չի կարող կանգնեցնել իրենց`իշխանության գալը:

«Խորհրդարանական ընտրությունները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար», – ասել է նա:

Իվանիշվիլին, որի կարողությունը «Forbes» ամսագրի կողմից գնահատվել է 6,4 միլիարդ դոլար 2012 թվականի մարտի դրությամբ, հակամարտության մեջ մտավ իշխանությունների հետ 2011-ի հոկտեմբերին, երբ հայտարարեց, որ պատրաստվում է մարտահրավեր նետել Սահակաշվիլու վարչակարգին գալիք խորհրդարանական ընտրություններին (տե´ս «Վրաստան. միլիարդատիրոջ քաղաքական նկրտումները հանգիստ չեն տալիս իշխանություններին» հոդվածը): Այս հայտարարությունից համարյա անմիջապես հետո Իվանիշվիլին զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից այն հիմնավորմամբ, որ նա ֆրանսիական անձնագիր ունի. այս քայլը շատերը դիտարկեցին որպես մեծահարուստին քաղաքական ասպարեզից հեռացնելու փորձ:

Այնուամենայնիվ, այս տարվա մայիսին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների շնորհիվ, Վրաստանի քաղաքացիություն չունեցող որոշ անձանց իրավունք կտրվի մասնակցել քաղաքական կյանքին, եւ Իվանիշվիլին հնարավորություն կստանա մասնակցել ընտրություններին:

Հունիսի 7-ին «Վրացական երազանք» դաշինքը ծրագրում է նույնատիպ հանրահավաք անցկացնել նաեւ երկրի`մեծությամբ երկրորդ քաղաքում`Քութայիսիում:

Չնայած մայրաքաղաքում կայացած հանրահավաքի մասնակիցների մեծ քանակին, իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները որեւէ մտահոգության պատճառ չեն տեսնում այս ամենում:

«Վրաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ հավաքները եւ բողոքի ցույցերը քաղաքական կյանքի մի մասն են: «Վրացական երազանք»-ի կողմից կազմակերպված այս միջոցառումը եւս բացառություն չէ», – ասում է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Պետրե Ցիսկարիշվիլին:

Քաղաքական մեկնաբանները, այնուամենայնիվ, նշում են, որ Թբիլիսիում կայացած բազմահազարանոց ցույցն արտացոլում է Իվանիշվիլու վարկանշի կտրուկ աճը`առավել զգալի դարձնելով կառավարության փոփոխության հավանականությունը:

«Իվանիշվիլին միանգամայն այլ մարդ է դարձել մայիսի 27-ից հետո: Նրա լեգիտիմության մակարդակը, որպես ընդդիմադիր գործիչ, երկրում աճել է», – ասում է լրագրող, քաղաքական մեկնաբան Իա Անթաձեն:

Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն այն կարծիքին է, որ հանրահավաքի մասնակիցների թիվը պետք է նախազգուշացում հանդիսանա Սահակաշվիլու համար:

«Իշխանությունները պետք է գիտակցեն, թե քանի մարդ կարող է փողոց դուրս գալ, եթե դժգոհ լինի ընտրությունների արդյունքներից, եւ որքան է վրաց հասարակությունը եւ հատկապես Թբիլիսիի բնակչությունն աջակցում Իվանիշվիլուն», – ասում է նա:

Եվրոպական ինտեգրման ուսումնասիրությունների վրացական կենտրոնի ղեկավար Վասիլ Չկոիձեն նվազ նշանակություն է տալիս հանրահավաքին`նշելով, որ այն թյուր տպավորություն է ստեղծում դաշինքի վայելած ժողովրդականության վերաբերյալ:

«Չի կարելի ասել, որ հանրահավաքի բոլոր մասնակիցները «Վրացական երազանք»-ի կողմնակիցներն են: Շատերն այստեղ եկել էին պարզապես հետաքրքրությունից դրդված: Ինչ վերաբերում է դաշինքի քաղաքական թիմին, ապա այն որոշակի քաղաքական կշիռ չունի եւ գաղափարներ չի կրում: Ի տարբերություն այլ քաղաքական կուսակցությունների, նրանք շատ փող ունեն, եւ հենց դա է գրավում մարդկանց», – ասում է Չկոիձեն:

Նրա կարծիքով, հանրահավաքը նաեւ որեւէ գաղափարի շուրջ չէր կենտրոնանում:

«Այս ցույցը որոշակի քաղաքական հաղորդագրություն չէր հղում, քանի որ այստեղ քաղաքական գործիչներն էլ էին սակավաթիվ: Այս հանրահավաքին հիմնականում բանաստեղծներ, հին սերնդի գրողներ ու դերասաններ էին մասնակցում, ինչը ցույց է տալիս, որ այս շարժումն ամբողջությամբ քաղաքական չէ. այս ուժը հենվում է մեկ մարդու ֆինանսական կարողության վրա, որը հանդես է գալիս շարժման համակարգողի դերում», – ասում է նա:

Վրաստանի կրթության նախկին նախարար Գիա Նոդիայի կարծիքով`այս հանրահավաքի համակարգված բնույթը ցույց է տալիս, որ երկրում հանրային քաղաքականությունն ավելի հասուն բնույթ է ստացել: Նախկինում, նրա խոսքերով, նման միջոցառումը իշխանությունը զավթելուն ուղղված քարոզարշավի մի մասն էր լինելու, եւ իշխանությունների անհապաղ հրաժարականը պահանջող կոչեր էր պարունակելու:

«Իսկ այս հանրահավաքն ակնարկեց ընդդիմության կողմնակիցներին, որ իշխանափոխությանը կարելի է հասնել ընտրությունների միջոցով: Իվանիշվիլուն հաջողվել է միավորել հասարակության`ընդդիմադիր հակվածություն ունեցող տարրերին, եւ շատ դրական է այն, որ այս մարդիկ չպահանջեցին, որպեսզի կառավարությունն անմիջապես վայր դնի իր լիազորությունները, այլ պարզապես քաղաքական քարոզարշավ սկսեցին», – կարծիք է հայտնել նա:

 

Նանա Կուրաշվիլի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):