Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների ու միավորումների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բիշքեկում ընթացող Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագրի իրականացումը, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները լրացուցիչ խթան կհաղորդեն Միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացին։
«Դա իր հերթին կբերի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալների ավելացմանը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացմանը, ներդրումների ներգրավմանը և երրորդ երկրների հետ միջազգային տնտեսական գործընկերության համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։
Համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ հաջողությամբ ինտեգրվելու և երրորդ երկրների հետ փոխշահավետ կապեր հաստատելու համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս 2023 թ. ԵԱՏՄ միջազգին գործունեության հիմնական ուղղություններին։ Այս փաստաթուղթը յուրատեսակ «արտաքին տնտեսական ռազմավարություն» է և խոսում է հաջորդ տարվա համագործակցության լայն ոլորտների մասին»,- եզրափակեց Փաշինյանը