«Երբ տեղեկանում են ՄԻԱՎ վարակի մասին, մերժում են բուժօգնություն տրամադրելուց». ո՞րոնք են խտրականության դրսևորման պատճառները

«Երբ տեղեկանում են ՄԻԱՎ վարակի մասին, մերժում են բուժօգնություն տրամադրելուց». ո՞րոնք են խտրականության դրսևորման պատճառները
«Երբ տեղեկանում են ՄԻԱՎ վարակի մասին, մերժում են բուժօգնություն տրամադրելուց». ո՞րոնք են խտրականության դրսևորման պատճառները

Լուսինեն, երբեք չի մոռանա այն օրը, երը հիվանդանոցի միջանցքներով մեկ լսվում էր բժշկի ականջ ծակող գոռոցը. «Գնա ստեղից հեռու, ինչ ուզում ես արա, մեզնից հեռու»:

«Բոլորն ինձ էին նայում, ես ամոթից ու անկարողությունից չգիտեի ինչ անել, որտեղ թաքնվել»,- «Մեդիալաբին» ասում է կինը:

 45-ամյա Լուսինե Սողոմոնյանը ՄԻԱՎ վարակ ունի:

Նա պատմում է, որ անցյալ տարի ձմռանը նշիկները բորբոքվել էին, եւ բժիշկները վիրահատություն էին նշանակել, սակայն իմանալով իր կարգավիճակի մասին մեծ աղմուկ են բարձրացրել, վիրավորել:

«Հենց իմացան ՄԻԱՎ վարակ ունեմ, վերաբերմունքը կտրուկ փոխվեց, ասացին, որ հրաժարվում են վիրահատություն կատարել, քանի որ վախենում են: Դրանից հետո ուրիշ բժիշկ նշանակեցին, սակայն այս անգամ անեսթեզիոլոգը հրաժարվեց մասնակցել վիրահատությանը ու գրեթե մեկ ամիս ձգձգվեց իմ վիրահատությունը: Այդ ամենից հետո ես ինքս հրաժարվեցի վիրահատությունից, քանի որ արդեն չէի վստահում իրենց ու վախենում էի, որ վիրահատության ժամանակ ինձ կվնասեն»,- ասում է Լուսինեն:

Հուսահատված, վիրավորանքի ու խտրականության արժանացած Լուսինեն մինչ օրս հրաժարվում է դիմել այլ բուժհաստատություն, քանի որ ցանկություն չունի ևս մեկ անգամ արժանանալու բժիշկների «ջերմ վերաբերմունքին»:

Չնայած տարբեր քննարկումներին, Հայաստանում առ այսօր գոյություն չունի «Խտրականության դեմ» առանձին օրենք և շատ քաղաքացիներ, ի տարբերություն Լուսինեի, չեն էլ հայտնում, որ ՄԻԱՎ, կամ սեռավարակ ունեն ՝ նման վերաբերմունքից խուսափելու համար:  Ինչն էլ իր հերթին պոտենցիալ վտանգ է ստեղծում վարակի տարածման համար, քանի որ միշտ չէ, որ բժիշկները լիարժեք հետեւում են գործիքների ախտահանման և անվտանգության պահպանման կանոններին:

Նմանօրինակ դեպք արձանագրվեց տարեսկզբին, երբ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հետեւանքով», ինչպես նշված է ՀՔԾ հաղորդագրությունում,  ավելի քան երկու տասնյակ մարդ վարակվեց Հեպատիտ C-ով:

Ո՞րն է բուժհաստատություններում բժիշկների կողմից խտրականության և խարանի դրսևորման պատճառները: Ըստ մասնագետների դրանք տարբեր են. կրթվածության և տեղեկատվության պակաս, վախ, կարծրատիպեր: 

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանը ասում է, որ իրենց 800 շահառուների մեջ ամեն ամիս նմանատիպ 2-3 նոր դեպք է գրանցվում, երբ խտրականության դրսևորման հետեւանքով մարդիկ զրկվում են բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից:

«Երբ տեղեկանում են ՄԻԱՎ վարակի մասին, հիմնականում մերժում են բուժօգնություն տրամադրելուց՝ հիմնավորելով, թե համապատասխան մասնագետ չունեն, կամ միակ մասնագետն արձակուրդում է: Կան հիվանդանոցներ, ինչպես օրինակ Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, որտեղ  կտրականապես հրաժարվում են ՄԻԱՎ վարակ ունեցողնեին սպասարկելուց: Պարզապես ասում են, չենք սպասարկում, կամ ուղարկում են այլ բուժհաստատություն: Եվ որքան հիվանդանոցի տերը օլիգարխիկ է լինում, այնքնան մեծ է խտրական վերաբերմունքը հիվանդանոցում»,-«Մեդիալաբին» ասում է Մադոյանը:

Նա նշում է, որ ՄԻԱՎ վարակակ ունեցող հղի կանանց նկատմամբ խտրականությունը դրսևորվում է հավելյալ գումար պահանջելով: Ծննդաբերող կնոջը ստիպում են վերցնել առանձին պալատ, որը վճարովի է:

«Նույնիսկ եղել են դեպքեր, երբ հավելյալ գումար են պահանջել՝ պատճառաբանելով, թե իրենք բժշկական գործիքներն ու հագուստը նետում են` ՄԻԱՎ վարակ ունեցող հաճախորդին սպասարկելուց հետո , իսկ նորը ձեռք բերելու համար պետությունը գումար չի հատկացնում: Ուստի քաղաքացին ինքը պետք է վճարի այդ ամենի համար»,-նշում է Մադոյանը:

Արժեքների համաշխարհային հետազոտությամբ (World Value Survey Database 2010-2014) պարզվել է, որ Հայաստանում այլ մարդկանց նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի միջին մակարդակը 56.3 % է: Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ մեր հայրենակիցներն առավել անհանդուրժող են նույնասեռականների (92.7%), ՁԻԱՀ ունեցողների (76.9%) և այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների (56.6%) նկատմամբ:

Խտրական վերաբերմունքից զատ, Հայաստանի շատ բուժհաստատություններում մեծ խնդիր է նաեւ գաղտնապահության եւ էթիկայի նորմերի պահպանությունը: Երբեմն ՄԻԱՎ ունեցող քաղաքացուն չեն հրաժարվում բուժօգնություն տրամադրել, սակայն բուժհաստության ողջ անձնակազմն ու  բաժանմունքում գտնվող հիվանդները տեղեկանում են, որ տվյալ հաճախորդը ՄԻԱՎ վարակ ունի: Այնինչ, մյուս հաճախորդների հիվանդության ախտորոշումը այդ կերպ չի շրջանառվում բուժհաստատությունում:

«Ես ապշած եմ, որ բժիշկ լինելով հանդերձ, ոչ մի էթիկայի կանոն չունեին: Ինձ ասում էին, որ ընդամենը մեկ գործիք ունեն այդ վիրահատության համար ու ինձ չեն կարող վիրահատել, քանի որ հետո չեն կարողանա օգտագործել նույն բժշկական գործիքները այլ հաճախորդների սպասարկելիս: Բայց միթե՞ նրանք չեն ախտահանում այդ գործիքները, կամ չգիտե՞ն, որ ՄԻԱՎ վարակը ախտահանելիս անցնում է: Հնարավոր է այդ վիրահատությունից իմ կյանքը կախված լիներ, ուրեմն այդպե՞ս պետք է վարվեին»,-մտահոգվում է Լուսինեն Սողոմոնյանը:

Փորձագետները վստահ են, եթե Հայաստանում «Խտրականության դեմ» առանձին օրենք գործեր, ապա բժիշկը կենթարկվեր պատասխանատավության նման կերպ իրեն պահելու համար, և եթե օրենքը գործեր եվրոպական չափանիշներին համապատասխան, ապա կնախատեսեր նաև փոխհատուցում:

Մինչդեռ այսօր բժիշկների կողմից  խտրականությունն ու խարանը հանգեցնում է նրան, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդիկ պարզապես հրաժարվում են դիմել բժշկի կամ դիմում են՝ թաքցնելով ՄԻԱՎ վարակ ունենալու փաստը: 

«Այնքան մարդ կա, որ ատամները փչացած է, բայց չի դիմում բժշկի, որովհետեև մտածում է վատ վերաբերմունքի կարժանանա: Անգամ հեպատիտ C-ի նկատմամբ չկա այդպիսի խտրական վերաբերմունք, ինչպես ՄԻԱՎ վարակ ունեցողի դեպքում է: Դեպք է եղել, երբ ՄԻԱՎ վարակ ունեցողը ատամնաբույժին ստել է, թե հիվանդ է հեպատիտ C-ով: Այդ դեպքում բժիշկը միայն շնորհակալություն է հայտնել նախազգուշացնելու համար և սպասարկել հաճախորդին: Բայց ՄԻԱՎ-ի դեպքում վերաբերմունքը այդպիսին չէ»,- հավելում է Մադոյանը:

Ըստ Առողջապահության նախարարությանը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի վիճակագրական տվյալների, 1988-2015թ. մայիսի 31-ը  ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2070 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014թ. ընթացքում:

Վիճակագրության համաձայն, ՄԻԱՎ վարակիրների մեջ գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 1430 մարդ(69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 640 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 40 դեպք(1,9%) է արձանագրվել   երեխաների մոտ:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը նշում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց նկատմամբ խտրականությունը և խարանը կանխարգելելու համար շատ կարևոր է բժիշկների համար կրթական դասընթացներ անցկացնելը, որպեսզի բժշկական ծառայություններ մատուցելիս բացառվի խտրականության կամ խարանի դրսևորումը ՄԻԱՎ ունեցող հաճախորդի նկատմամբ:

Խտրականության արգելման հիմքերը ամրագրված են ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը ասում է, որ հաշվի առնելով  միջազգային փորձը, Հայաստանի համար կարևոր է ունենալ խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն, որով կսահմանվեն խտրականության հասկացությունը, տեսակները, խտրականությունը կանխարգելող հստակ մեխանիզմները:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) նախագծի ղեկավար Արման Խաչատրյանն էլ նշում է, որ օրենքի բացակայությունը հնարավորություն չի տալիս վերականգնել խախտված իրավունքները:

«Առանձին օրենքի ընդունումը առաջին հերթին պետք է ունենա խտրականությունը կանխարգելող դեր և կսահմանի, թե ապացուցման բեռը ով և ինչպես պետք է կրի»,-«Մեդիալաբին» ասում է Արման Խաչատրյանը:

Ներկայումս ԵՀՀ-ն   համագործակցում է Արդարադատության նախարարության հետ, որպեսզի աշխատանքային խումբ ստեղծվի և սկսվեն օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

«Բացի օրեսնդրական բացից, մեծ բացթողում կա հանրության մոտ խտրականության և դրա տեսակների ընկալման առումով: Հնարավոր է՝ մենք օրենքը ունենանք, բայց եթե հանրությունը տեղեկացված չէ, թե խտրականությունը ինչ է, ապա ընկալումների բացակայությունը թույլ չի տա օրենքը ճիշտ կիրառել: Մենք փորձելու ենք նաև իրազեկման աշխատանքներ տանել հանրության հետ և վերջերս  նկարահանել ենք մի ֆիլմ, որը հենց խտրականության մասին է»,-նշում է Խաչատրյանը: 

Լիլիթ Առաքելյան

Նկարազարդումը` Վահե Ներսեսյանի

© Medialab.am