Ընդդիմությունն ու իշխանությունը պատրաստվում են մարտիմեկյան հանրահավաքին

Ընդդիմությունն ու իշխանությունը պատրաստվում են մարտիմեկյան հանրահավաքին
Ընդդիմությունն ու իշխանությունը պատրաստվում են մարտիմեկյան հանրահավաքին

Մարտմեկյան ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցի կապակցությամբ ընդդիմադիր ՀԱԿ-ը Մատենադարանի հարող տարածքում ժամը 17-ին հրավիրել է հանրահավաք, որը ըստ ընդդիմության առաջնորդների պետք է «հանգրվանային» լինի:
Հանրահավաքից ժամեր առաջ, արդեն իսկ հաղորդվում է տարածքում եւ մայրաքաղաքի տարբեր մասերում ոստիկանական ուժերի մեծ կուտակումների մասին: Պարբերաբար հաղորդումներեն ստացվում մարզերից մայրաքաղաք տրանսպորտային խոչընդոտների մասին:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «երկրում աննախադեպ սրացում կա, եւ քաղաքական տրամադրություններն աննախադեպ կերպով արմատականացել են»:

«Իրավիճակի սրացումը մենք զգում ենք նրանով, որ ամեն օր մեր շարժմանը նորանոր մարդիկ են միանում, արմատական տրամադրությունների աճ կա ուսանողների մոտ: Այնպես որ, մարտի 1-ի հանրահավաքը, ես կարծում եմ` լինելու է հանգրվանային»,- ասել է  Զուրաբյանը:

Հանրահավաքի մոտենալուն զուգահեռ արդեն իսկ տարբեր տեղեկություններ են հասնում այն մասին, որ իշխանությունները մասնավորապես մարզային չինովնիկների եւ ոստիկանների միջոցով փորձում են ամեն գնով խոչընդոտել մարդկանց մուտքը Երեւան:

Մարտի մեկի վաղ առավոտվանից տեղեկություններ են հասել, որ ոստիկանական ուժերը վերահսկում են մայրաքաղաք մտնող ավտոմայրուղիները, իսկ մինչ այդ էլ հրահանգներ են իջեցրել մարզային երթուղայինների եւ տաքսիների վարորդներին մարտի մեկին մարդ չտեղափոխել Երեւան:

Զուգահեռաբար տեղեկություններ են հասել Երեւանից, որ ոստիկանները այցելում են քաղաքացիներն եւ հորդորում զերծ մնալ հանրահավաքին մասնակցելուց: Ոստիկանները այցելել են անգամ ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Հայտնի է դարձել, որ նման այցելություններ են եղել «Ղարաբաղ» կոմիտեյի անդամ Սամսոն Ղազարյանի, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի, Կոնգրեսի անդամ այլ կուսակցությունների ներկայացուցիչների բնակարաններ:

Ավելին, ոստիկանները հանրահավաքին չմասնակցելու հորդորով դիմել են անգամ Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական թիկնազորի անդամներին:

Տեղեկություններ կան նաեւ, որ իշխանությունները ոստիկանական ուժեր են կենտրոնացրել Երեւանում:

Հանրահավաքից մեկ օր առաջ Կոնգրեսը նաեւ հայտարարությամբ դիմել է ոստիկաններին` կոչ անելով կատարել բացառապես օրենքով նախատեսված գործողություններ:

«Դրանից դուրս նրանց ցանկացած գործողություն համարվում է իշխանության չարաշահում, ինչի համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչ ենք անում մնալ օրենքի ու իրենց լիազորությունների շրջանակներում»,- ասվում է ընդդիմության հայտարարության մեջ:

© Medialab.am