Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը այս երկու օրերի ընթացքում ուսումնասիրել է Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի հարձակման ծավալները և եզրակացրել․
«Դասական լայնամասշտաբ պատերազմ է ամբողջ ծավալով»։
«Մեդիալաբի» հետ զրույցում փորձագետն ասում է, որ հակառակորդը ամբողջ ծավալով կիրառում է իր զինանոցում ունեցած գրեթե ամբողջ զինամթերքը՝ հրթիռային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ հետախուզական և հետախուզահարվածային, սակայն որոշիչ հաջողությունների չի հասնում։
«Փորձում է հաջողություններ ամրագրել, բայց չի ստացվում նրա մոտ»,- ընդգծում է Արկադի Գրիգորյանը։
Հայկական կողմից որոշ դիրքեր զիջելու մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել էր Արցախի բարձրաստիճան ղեկավարությունը։ Սակայն արդեն այսօր առավոտյան Արցախի պաշտպանության բանակը տեղեկացրեց դիրքեր վերականգնելու մասին։
«Գիշերվա ընթացքում ճակատային գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններում շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները:
ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր»,- հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակը։
Արկադի Գրիգորյանի խոսքով՝ դիրքերի տեղաշարժ և անձնակազմի զորաշարժ հնարավոր է, չի բացառվում՝ ավելի բարենպաստ դիրքերից հակառակորդին խոցելու համար։
«Ադրբեջանական զինված ուժերը դասական տարբերակով փորձել են մարտը սկսել հրետակոծությամբ, հրթիռակոծությամբ, հետո՝ զրահատեխնիկայի առաջխաղացմամբ, դասական բլիցկրիգ են փորձել անել, որը չստացվեց իրենց մոտ, քանի որ մեր զինված ուժերը շատ աչալուրջ են եղել»,- ներկայացնում է փորձագետը։
Ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման մասին ներկայացնող Արցախի պաշտպանության բանակի հրապարակած մի տեսանյութում հրդեհվող տանկի կողքին երևում է մարդկանց շարժ։ Դրանք, ըստ Գրիգորյանի, ոչ թե ադրբեջանական զինված ուժերի զինծառայողներ են, այլ վարձկաններ։
«Այդ տեսանյութում մենք տեսնում ենք կենդանի ուժի շարժ, որը նրանց կողմից կատարվում է տարօրինակ հանգստությամբ, անգամ տանկի պայթյունի ժամանակ նրանք չեն փորձում ինքնապաշտպանական գործողությունների գնալ՝ բացազատվել կամ արագացնել տեմպը:
Նման պահվածք, իմ կարծիքով, չեն ցուցաբերի ադեկվատ և պրոֆեսիոնալ զինվորականները։
Այդ իրավիճակից մենք կարող ենք հետևություն անել՝ դրանք վարձկաններ են, որոնք, չի բացառվում, եղել են ինչ-որ թմրամիջոցների ազդեցության տակ, ոչ ադեկվատ վիճակում»,- նշում է փորձագետը։
Հայկական զինված ուժերի նշանակալի հաջողություն փորձագետը համարում է նաև Մռավ լեռան բարձունքը գրավելը թույլ չտալը, ինչի արդյունքում հակառակորդը «դուրս է շպրտվել»։
«Եթե նայում ենք մեր զինված ուժերի առգրաված զինտեխնիկային, նրանց բրիգադը հիմնականում հարավարևելյան ուղղությամբ է, այդ զինտեխնիկան հիմնականում հարավարևելյան ուղղության զինտեխնիկա է, իսկ դա նշանակում է, որ այդ ուղղությամբ մենք հաջողություններ ենք ունեցել»,- հավելում է Արկադի Գրիգորյանը։
Ըստ փորձագետի՝ դրանք մեծ նշանակություն ունեն հայկական զինված ուժերի համար․
«Ընդհանրապես, իմ կարծիքով՝ հայկական ամեն միլիմետր հողը մեծ նշանակություն ունի մեզ համար»։
Փորձագետը դժվարանում է ասել, թե որքա՞ն կարող են շարունակվել մարտական գործողությունները, բայց մի բան շատ է ուզում․
«Պետք է այնպես անենք, որ հասնենք Քուռ գետ։ Իմ կարծիքով՝ մինչև մենք Քուռ չհասնենք, այդ ամենը չի կարող լինել»:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am