Կառավարությունից չեն մանրամասնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի նվիրատվության հանգամանքները

Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է բացահայտել, թե ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել ռուսական ընկերության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոս բաժնեմասերի նվիրատվությունը ՀՀ Կառավարությանը: Փոխարենը վստահեցնում է՝ գործընթացն իրավաչափ է:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի՝ համասեփանակատեր դառնալու մասին պաշտոնական ժլատ հայտարարության հրապարակման հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, «Մեդիալաբը» գործարքի մանրամասներին տեղեկանալու և հանրայնացնելու նպատակով հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ: Սակայն այստեղից հարցմանը պատասխանել են մեկ ամիս անց, էլ ավելի ժլատ բովանդակութամբ՝ վկայակոչելով հոկտեմբերի 6-ին խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի հնչեցրած հայտարարությունները:

Մասնավորապես, մեր հարցին, թե ի՛նչ հանգամանքներում է տեղի ունեցել գործարքը, Կառավարությունից պատասխանել են. ««Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից Կառավարությանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսի նվիրատվությունը կատարվել է համապատասխան պայմանագրի հիման վրա, որով նախատեսվում է, որ մի կողմը տրամադրում է, մյուս կողմը՝ ընդունում: Գործընթացը իրավաչափ է, և այստեղ այլ իրավահարաբերություն չկա»:

Մեր դիտարկմանը, թե հնչում են հայտարարություններ, որ Կառավարությունը հնարավոր չարաշահումների դիմաց այդպիսով փորձել է աչք փակել, և հարցին՝ չկա՞ն մութ կողմեր այդ գործարքի մեջ, Կառավարությունից արձագանքել են. «Ձեր ակնարկած չարաշահումների հարցը, օրենսդրության համաձայն, իրավապահ մարմինների տիրույթում է»:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետը հայտարարել էր. «Հիմա ես այս ամբիոնից պատասխանատու ասում եմ, որ այն տեղական օլիգարխիկները, որոնք փայ ունեն կոմբինատում, էդ բոլոր փայերն անցնելու են Կառավարությանն ու ժողովրդին»: Մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ հարցմամբ փորձել էինք հասկանալ՝ արդյոք այդ գործարքը այս հայտարարության շարունակությո՞ւնն է, և արդյոք դա ճնշո՞ւմ չէ գործարար հատվածի վրա:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսի նվիրատվության հարցին անդրադարձել է վերջերս Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ»,- պատասխանել էին Կառավարությունից:

Մութ և կասկածելի գործարքի մասին տեսակետներին, իսկապես, վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր, սակայն այդ ժամանակ արդեն հինգ օր էր՝ մեր հարցումն ուղարկված էր Կառավարություն:

«Երբ հայտարարվեց, որ Կառավարությունը դառնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր, հնչեցին կարծիքներ, թե էստեղ կա մութ և կասկածելի գործարք: Ա՛յ, այս պահի դրությամբ եթե էդ 15 տոկոսի սեփականատերը լիներ ոչ թե Կառավարությունը, այլ՝ մի օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այդ օֆշորային ընկերության սեփականատերը լիներ մեկ ուրիշ օֆշորային ընկերություն, իսկ այս օֆշորային սեփականատերը լիներ, ասենք, վարչապետի ընտանիքի անդամ, որևէ նախարարի ընտանիքի անդամ, ա՛յ, էդ դեպքում կլիներ մութ գործարք: Իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ այս դահլիճի ոչ այս հատվածում (մատնացույց էր արել իշխանական խմբակցության հատվածը – հեղ.) նստող մարդիկ կան, որոնք իրենց գործունեության ընթացքում այդպիսի գործարքներ արել են: Եվ, կարծում եմ՝ մեր իրավապահ մարմինները պետք է լրջորեն զբաղվեն այդ գործարքներով՝ պարզելու համար դրանց պատճառահետևանքային կապը, այդ թվում՝ պոտենցիալ դավաճանական գործարքների հետ»,- հայտարարել էր վարչապետը:

Նա նաև տեղեկացրել էր, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության սեփականատերերից մեկի՝ հիմնական խոշոր սեփականատիրոջ և տնօրենների խորհրդի անդամի կողմից Հայաստանի Հանրապետությանն արվել է առաջարկ: «Մենք էդ առաջարկը քննարկել ենք և տեսել ենք, որ էդ առաջարկը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության տնտեսական և պետական շահերին: Ինչո՞ւ. որովհետև ներառում է երկու շատ կարևոր բաղադրիչ: Առաջինը՝ պղնձաձուլարանի կառուցում, որը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ոչ թե խտանյութ պիտի արտահանի և ուրիշ տեղից ներկրի պատրաստի պղինձ՝ այլ արտադրանքում օգտագործելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունում պետք է թողարկվի պղինձ, այսինքն՝ հենց մետաղը: Երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը»,- նշել էր Փաշինյանը:

MediaLab.am