«Նոր ատոմակայանի կառուցման համար լավագույն տարբերակը կարող է լինել Մեծամորի տարածքը». Արա Մարջանյան

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին խոսակցությունները ակտիվացել էին այս տարվա ապրիլին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ ՌԴ նախագահի հետ մտադիր է քննարկել Հայաստանում Ռուսաստանի մասնակցությամբ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը:

Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո պաշտոնական հաղորդագրությունները լռեցին այդ մասին, սակայն թեման կենդանացավ այս շաբաթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Պարզվում է՝ ռուսական կապիտալին պատկանող «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 75 տոկոսը, որից 15 տոկոսը նվիրաբերել ՀՀ կառավարությանը, Հայաստանում բացի նոր պղնձաձուլարան կառուցելուց, նաև մտադիր է նոր ատոմակայան կառուցել:

«Ընկերությունը ստանձնել է պղնձաձուլարանի հիմնադրման մասով ներդրումային պարտավորություններ, որոնք պատշաճ արձանագրվել են: Եվ արդեն իսկ բանակցություններ է սկսել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Կառավարության մասնակցությունն այդ գործընթացին կարևոր է նրանով, որ ատոմակայանը լիարժեք մասնավոր նախաձեռնություն չի կարող լինել, և Կառավարությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա: Ատոմակայանի շինարարությունը պետք է փորձենք այնպես անել, որ պղնձաձուլարանի կառուցմանը զուգահեռ տեղի ունենա»,- խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտարարել է Փաշինյանը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետ Արա Մարջանյանը շատ կարևոր է համարում նոր ատոմակայանի կառուցման մասին խոսակցությունները և կարծում է, որ դրանք մտել են գործնական փուլ:

«Ատոմակայանի կառուցումը Հայաստանի համար անհրաժեշտություն է և ավելին՝ բխում է Հայաստանի մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերից: Եվ այդ առումով Հայաստանը պարզապես պարտավոր է զարգացնել ատոմակայանը»,- «Մեդիալաբին» ասում է Մարջանյանը:

Նկատենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված համաձայնագրով, որի կողմ է նաև «Եվրաատոմը», Հայաստանը պարտավորվել է փակել Մեծամորի ատոմակայանը։ Մարջանյանի խոսքով՝ ներկայումս շահագործվող Մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկը այժմ արդիականացման փուլ է անցնում, որն առաջիկայում կավարտվի: Արդիականացումը, ըստ մասնագետի, թույլ կտա երկրորդ բլոկի անվտանգ շահագործումը մինչև 2026 թվականը:

«Արդիականացման աշխատանքները թույլ կտան երկարացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը առնվազն մինչև 2026 թվականը։ Եվ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի՝ նույնիսկ 2026 թվականից հետո, մինչև 2036-2040 թվականները», -ասում է նա։

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, ապա, ըստ Մարջանյանի՝ դրա ցիկլը տևում է 10 տարի՝ 7-8 տարի՝ բուն շինարարությունը և 1-2 տարի՝ նախապատրաստական աշխատանքները: Այս առումով Մարջանյանն ասում է՝ Հայաստանը ժամանակ կորցնելու իրավունք չունի, և նոր ատոմակայանի շինարարությունը արդեն պետք է սկսի:

«Բանն այն է, որ ատոմակայանների ռեակտորները որոշակի տեխնոլոգիական ցիկլից հետո պետք է փակվեն կամ նորացվեն: Հայաստանը ընտրում է երկրորդ ճանապարհը: Մենք պետք է ունենանք նոր ատոմակայան և հուսալի ու անցնցում շահագործումից դուրս հանենք ներկայումս գործող ատոմակայանը»,- նշում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետը:

Հարցին, թե արդյոք հայտնի է՝ նոր ատոմակայանը լինելու է գործողի՞ հիման վրա, թե՞ նոր վայրում, Մարջանյանն արձագանքում է.

«Դա շատ կարևոր հարց է, և այդ հարցերի պատասխանն է, որ Հայաստանը առաջիկայում պետք է քննարկի՝ գտնել նո՞ր տարածք, թե՞ օգտագործել Մեծամորի հարթակը: Անձամբ ես հակված եմ երկրորդ տարբերակին, բայց միայն այն բանից հետո, երբ կհաստատվի այդ տարածքում ջրի բավարար քանակությունը, քանզի գիտեք, որ ատոմակայանի շինարարության համար մեծ քանակությամբ ջուր է անհրաժեշտ: Եվ եթե այդ հարթակը բավարարի պահանջներին, կարծում եմ՝ լավագույն լուծումը կլինի Մեծամորը: Իսկ եթե ոչ, ապա պետք է մտածել նոր հարթակների մասին»:

Փորձագետն ասում է, որ արդեն ժամանակն է քննարկելու և հասկանալու՝ ինչ տեխնոլոգիաների հիման վրա են նոր ատոմային էներգետիկան, ինչ հզորության և այլն:

Հետաքրքրվեցինք՝ հարցեր չի՞ առաջացնում ռուսական կողմի ներգրավվածությունը նոր ատոմակայանի կառուցման ծրագրին: Ի պատասխան փորձագետը նկատեց, որ ոչ միայն հարցերի չի առաջացնում, այլև խրախուսվում է:

«Ռուսաստանը Հայաստանի հետ ունի ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության բավականին հաջող փորձ, որը ևս մեկ գործոն է, որը հույս է ներշնչում, որ Հայաստանը կարող է անցնցում կերպով զարգացնել իր խաղաղ ատոմային էներգետիկան»,- նշում է Արա Մարջանյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am