Տարոն Մարգարյանը Երեւանի նոր քաղաքապետ. սոցցանցերում շնորհավորանքները սկսել են

Տարոն Մարգարյանը Երեւանի նոր քաղաքապետ. սոցցանցերում շնորհավորանքները սկսել  են
Տարոն Մարգարյանը Երեւանի նոր քաղաքապետ. սոցցանցերում շնորհավորանքները սկսել են

 
Երեւանի նոր քաղաքապետի աթոռին կպաշտոնավարի, ներկայիս փոխքաղաքապետ, 33-ամյա Տարոն Մարգարյանը: Նման որոշում է կայացրել այսօր ՀՀԿ-ն` գործադիր նիստի ժամանակ, որը նախագահել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նա էլ հենց առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը, ինչն, ըստ ներկաների ընդունվել է բուռն ծափահարություններով:

Թեեւ Տարոն Մարգարյանի` քաղաքապետ դառնալու մասին խոսակցություններ կային դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, երբ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց հայտնի աղմկահարույց պատմությունից հետո:

Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի պաշտոնը կորցրեց ` Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդանյանին ծեծի ենթարկելուց հետո:

Այնուամենայնիվ, շատերի սպասումներին ի հակառակ, մեկ տարի առաջ ՀՀԿ-ն որոշեց քաղաքապետի պաշտոնը վստահել ոչ թե Մարգարյանին, այլեւ` «ՀայՌուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանին:

Կարապետյանն էլ, օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրեց, հայտարարելով, թե իր որոշումը «պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման դրդապատճառներով»:

Տարոն Մարգարյանի ֆեյսբուկյան էջն արդեն իսկ վերջին օրերին համալրված է նույնիսկ նախնական շնորհավորանքներով: Իսկ, ՀՀԿ որոշումից հետո դրանք ավելի ակտիվ են դարձել:

«Տարոն ջան, ժողովրդի սիրած զավակ, լավ մարդու տղա, ինչ տեսել այն էլ սովորել ես: Ջանքեր եմ տալիս, որ դու լինես հայի քաղաքապետը: Աստված առաջ»,-գրել է օգտատերերից մեկը`ակնարկելով նրա`վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին լինելը:

«Ուրախ եմ, որ Ձեր թեկնածությունն է առաջադրվել,-գրում է օգտատերերից մյուսը,-կարծում եմ, կարող եք դառնալ այնպիսի քաղաքապետ, ում երեւանցիները շատ են սիրելու, ով քաղաքին ապահովելու է այն գույնը, երանգը, բույրը, տեսքը, որի կարիքն ամենաշատն է զգացվում»:

Շատերը մեծ ակնկալիքներով են սպասում Տարոն Մարգարյանի պաշտոնավարմանը, հաշվի առնելով այն իրավիճակը, ինչ ստեղծվել է Կարապետյանից հետ:

Հիշեցնենք, որ այս ամռանը Կարեն Կարապետյանի հանձնարարականով Երեւանի կենտրոնական հատվածի տարբեր փողոցներում վերսկսված անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած կրպակների եւ տաղավարների ապամոնտաժման գործընթացը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքացիների շրջանում, ովքեր բողոքում էին, որ զրկվել են ապրուստի միակ միջոցից: Կրպակատերերը մեկ անգամ չէ, որ բողոքի ակցիաներ են անցկացրել քաղաքապետերանի մոտ:

© Medialab.am