Նյու Յորքից՝ Հայաստան. Անի Մինասյանը վիրավոր զինվորների համար պրոթեզներ գնելու նպատակով դրամահավաք է սկսել

Արցախյան պատերազմի հետևանքով վիրավոր զինվորներին աջակցելու, նրանց համար ձեռքի ու ոտքի ժամանակակից պրոթեզներ գնելու նպատակով ԱՄՆ Նյու Յորք քաղաքում բնակվող Անի Մինասյանը Ֆեյսբուքի էջում դրամահավաք է կազմակերպել։

Մինասյանը «Մեդիալաբին» պատմում է, որ մտահղացումն առաջացել է պատերազմի սկզբից՝ տեսնելով, թե որքան զինվորներ են վիրավորվել, և ինչի անհրաժեշտություն կա․ «Ես ինքս անհատական սկսեցի, և իմ նախաձեռնությունը հիմնականում ուղղված է «Աջակցություն վիրավոր զինվորներին» կազմակերպությանը, որը Հայաստանում գործող միակ վերականգնողական կենտրոնն է ներկայումս: Ես ընդհանուր առմամբ երեք դրամահավաք եմ արել։ Հիմնական նպատակը զինվորներին աջակցություն տրամադրելն է»,- նշում է նա։

Անի Մինասյանի խոսքով՝ դրամահավաքի շրջանակում նախատեսվում է հավաքել շուրջ 300 հազար դոլար։ Հավաքված գումարի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել շուրջ 10 ոտքի և 10 ձեռքի պրոթեզավորում, որն իրականացվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, որտեղ այս պահին բուժում են ստանում բազմաթիվ վիրավոր զինվորներ: 

Ֆեյսբուքում բացված դրամահավաքի էջում արդեն հավաքվել է մոտ 53000 ԱՄՆ դոլար։ Մինասյանի խոսքով՝ հիմնական նվիրատուները հայեր են` Հայաստանից կամ Սփյուռքից։

«Քիչ թվով նաև օտարերկրացիներ կան, որոնք մեր ընկերական շրջապատից են, բայց հիմնականում հայեր են»,- ասում է նա։

Մինասյանը նշում է, որ պրոթեզները բավական թանկ արժեն․ «Ոտքի պրոթեզի արժեքը տատանվում է 5-15 հազար դոլարի սահմանում՝ կախված ամպուտացիայի չափից, իսկ ձեռքերի բիոնիկ պրոթեզների գները 15-40 հազար դոլարի սահմանում են»,- հավելում է Մինասյանը:

Նա հորդորում է միանալ նախաձեռնությանը և օգնել զինվորներին վերադառնալու լիարժեք կյանք:

«Եկեք տանք այն, ինչ կարող ենք, օգնենք իրականացնել նրանց երազանքներն ու նպատակները»,- ասում է Անին:

Մինասյանն աշխատում է Նյու Յորքի Պայմանագրերի և ծառայությունների նախարարությունում, ուսումնասիրելով ԱՄՆ փորձը՝ նշում է, որ Հայաստանում մեծ բացեր է տեսնում կառավարության սոցիալական պատասխանատվության առումով։

Նրա խոսքով՝ անհատական ջանքերով հնարավոր է օգնություն տրամադրել պատերազմի հետևանքով վիրավորված զինվորներին, դժվար վիճակում հայտնված ընտանիքներին, բայց խիստ անհրաժեշտ է, որ պետությունը համակարգված աշխատանք իրականացնի։

«Մեր պետությունը շատ բացեր ունի: Բնականաբար, եթե դու գիտես, որ զինվոր ես ուղարկում պետությունը պաշտպանելու համար, նախապես պիտի պլան, պատրաստվածություն, բյուջե ունենաս։ Իմանաս՝ զինվորն ինչ վնասվածքներ կարող է ստանալ, ինչի դեպքում ինչ հետևանքներ կլինեն, ու դրա հետ կապված ինչ մոտեցում պետք է ունենաս։ Որքան հասկանում եմ, Հայաստանում ընդհանրապես բացակայում է իր զինվորին օգնելու կառավարության սոցիալական պատասխանատվությունը, ինչ խիստ ցավալի է։

Պրոթեզավորման մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա, թեկուզ նույնիսկ վիրավոր զինվորին ինչ-որ դեղորայք, ամսական նպաստներ։ Ծանոթանալով տարբեր մարդկանց հետ՝ հասկանում եմ, որ Հայաստանում զինվորների վիճակը լավ չէ, զինվորի մայրը, կինը պետք է խնդրեն, որ իրենց օգնեն»,- ցավով նշում է Անի Մինասյանը։

Ընդգծում է, որ անձամբ, ընկերների միջոցով հնարավոր է օգնություն տրամադրել, տարբեր աջակցության նախաձեռնություններ կազմակերպել, բայց պետությունը պետք է պատասխանատվություն կրի և համակարգված աշխատանք կատարի։

«Մարդկանց վրա է մնում շատ բան, ես ինչքան էլ դոնեյթ անեմ, իմ ընկերներն անեն և այլն, մենք մեր պարտքն ենք կատարում, բայց, միաժամանակ, ես, կարող է՝ մի ամիս, հինգ ամիս անեմ, բայց դա իմ պատասխանատվությունը չէ, երկիրը, կառավարությունը, ՊՆ-ն՝ նրանք պետք է պատասխանատվություն ունենան երկրում ապրող յուրաքանչյուր անհատի նկատմամբ և, ամենակարևորը՝ զինվորականի նկատմամբ, ում կառավարությունը ուղարկում է պատերազմելու: Համակարգ պետք է լինի, որ վերևից ներքև կարգավորվի, իսկ հիմա ողբերգական վիճակ է»,- նկատում է Մինասյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am