Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված էր 2021 թվականի Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, նյարդակենսաբան, Կալիֆոռնիայում հայտնի Scripps Research հետազոտական ինստիտուտի Դորիս նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (Howard Hughes Medical Institute) հետազոտող Արդեմ Պատապուտյանին։

Շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները բացահայտած և իր ոլորտում մեծագույն հեղինակություն վայելող լիբանանահայ անվանի գիտնականին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։ 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին ընդգծեց, որ օրն առանձնահատուկ  է, քանի որ այսօր մեկդարյա բուհի դահլիճում զեկույցով հանդես կգա հայկական ծագմամբ միակ Նոբելյան մրցանակակիր Արդեմ Պատապուտյանը: 

«Րոպեներ առաջ, այն բույսի հատիկը, որի վրայից դոկտոր Պատապուտյանը ստացել է հայտնի մոլեկուլը, այսօր տնկվեց նաև բժշկական համալսարանում և մենք կսպասենք այդ գիտության ծառի պտուղներին` հաշվի առնելով, որ մի քանի րոպե առաջ անվանի գիտնականը դարձավ նաև բժշկական բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ: Խորհրդի յոթ անդամներից երկուսը Նոբելյան մրցանակի դափնեկիր են»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը` հավելելով, որ բժշկական համալսարանը գիտական ասպարեզում կտրուկ վերելք է ապրում:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգը, նյարդակենսաբանության ոլորտը հեղափոխած հայ գիտնականն առաջին անգամը չէ Հայաստանում և բժշկական մայր բուհում։ 

Նրա առաջին դասախոսությունը մեր երկրում նույնպես ԵՊԲՀ-ում էր՝ 2016 թվականի մայիսին՝ «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» խորագրով:

Արդեմ Պատապուտյանի հետազոտությունները թույլ տվեցին բուժել մի շարք խանգարումներ, օրինակ, քրոնիկ ցավի հետ կապված հիվանդությունները:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: