Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ.Factor

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումները այսօր առավոտյան կրակել են Արցախի ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար իր ոճում, Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին է մեղադրել «ահաբեկչական սադրանք»-ի մեջ այն էլ՝ շտապօգնության մեքենայի օգտագործմամբ։

«Հոկտեմբերի 15-ի առավոտյան «հայկական անօրինական զինված» ստորաբաժանումները հերթական ահաբեկչություն-սադրանքի փորձն են կատարել շտապօգնության քաղաքացիական մեքենայի օգտագործմամբ Մարտակերտի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ադրբեջանցի զինծառայողների զգոնության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ փորձը կանխվել է»։ Փաստացի, ադրբեջանական կողմն ընդունում է, որ խախտել է հրադադարը ու կրակել շտապօգնության մեքենայի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։  

Այս մասին հայտնում է factor.am-ը: