Շախմատ. Կոնգրեսի պատվիրակությունը կհանդիպի կոալիցիայի աշխատանքային խմբի հետ, բայց «որոշ վերապահումներով»

Շախմատ. Կոնգրեսի պատվիրակությունը կհանդիպի կոալիցիայի աշխատանքային խմբի հետ, բայց «որոշ վերապահումներով»
Շախմատ. Կոնգրեսի պատվիրակությունը կհանդիպի կոալիցիայի աշխատանքային խմբի հետ, բայց «որոշ վերապահումներով»

ՀԱԿ-ը պատասխանել է իշխանությունների` եւ այսօր արդեն ընդդիմությունը, «որոշ վերապահումներով», հանդիպելու է իշխող կոալիցիայի կողմից ձևավորված աշխատանքային խմբի հետ:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, թե «քաղաքական կոալիցիայի անունից լիազորված է հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը պատրաստ է սկսելու քննարկումների շարքը Հայ ազգային կոնգրեսի համապատասխան հանձնախմբի հետ»:

«Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ առաջին հանդիպման համար»,- հայտարարել է Աբրահամյանը:

Հաղորդագրությամբ ընդդիմադիր Կոնգրեսը որոշ վերապահումներ էր ներկայացրել իշխանությունների` հանդիպման առաջարկի վերաբերյալ:

Հիշեցնելով, որ հուլիսի 9-ին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ Կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով «կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից», Կոնգրեսը նաև հավելել է, որ հուլիսի 16-ին հրապարակվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ նույն խնդրի կապակցությամբ արված հայտարարությունը։

«Քանի որ Հայ ազգային կոնգրեսը երբևէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ և այդ նպատակով նաև համապատասխան աշխատանքային խումբ են ձևավորել»,- գրված է Կոնգրեսի հայտարարությունում։

Ըստ Կոնգրեսի հայտարարության` «Կոնգրեսն ի սկզբանե շեշտել և հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, և ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձևացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսևորում»։

«Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որևէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված և Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը»,- գրված է հայտարարությունում։

Ըստ այդ հայտարարության` «քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել, Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել»։

«Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել և հարցը ձգձգել, միևնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում։

Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը և ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեև կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաև հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձևաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձևաչափին զուգահեռ և օժանդակ գործընթաց»,- ասվում է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Այդուհանդերձ, ըստ Կոնգրեսի հայտարարության, վերը նշված բոլոր հարցերին և կոալիցիոն կուսակցությունների «աշխատանքային խմբի» հետ առաջիկա հանդիպման մանրամասներին Հայ ազգային կոնգրեսն ավելի հանգամանորեն կանդրադառնա օգոստոսի 2-ի հանրահավաքում։

Հիշեցնենք, որ իշխանությունների կողմից ընդդիմության հետ երկխոսելու համար ավելի քան երկու շաբաթ առաջ ձևավորված աշխատանքային խմբում ներգրավված են Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») և Խաչիկ Հարությունյանը («Օրինաց երկիր»):

Ընդդիմության կողմից ձևավորված պատվիրակության անդամներն են` Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը (պատվիրակության ղեկավար), Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը և ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը։

Քրիստինե Խանումյան

© Medialab.am