«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կրկին ակտիվացան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումները, ադրբեջանական կողմում ի՞նչ քննարկումներ են ընթանում այս թեմայի վերաբերյալ:
– Հետևելով տեղեկատվական տիրույթին, նաև մինչև այդ հանդիպումը, ինձ համար ակնհայտ էր, որ ադրբեջանական կողմը մերժելու է այսպես կոչված ամերիկյան առաջարկը կամ այն տարբերակը, որ ճանապարհի վերահսկողությունը արտապատվիրակվի, ինչպես ձևակերպում են, երրորդ կողմի՝ կա՛մ ԱՄՆ-ին, կամ ինչ-որ ընկերության:
Հանդիպումից հետո արդեն ավելի ակտիվ սկսեցին խոսել, գոնե փորձագիտական մակարդակով, որ իրենց համար այդ լուծումն ընկալելի չէ: Եթե ուշադրություն դարձնեք, ապա այդ ֆոնին ՀՀ արտգործնախարարությունը սկսեց ժխտել թեմայի հետ կապված իր իսկ փոխնախարարի ասածը:
Ակնհայտ դարձավ, որ մինչ դա իրենք մտածել են, թե Ադրբեջանը համաձայնելու է դրան, ու այդ ֆոնին փորձել են հնարավոր նման լուծման տեղեկատվական ֆոն նախապատրաստել, բայց ադրբեջանական կողմը մերժել է, ու հայկական կողմը հասկացել է, որ իրենք կրկին շտապել են համաձայնել ու հայտնվել են բարդ վիճակում, որից հետո արդեն հերքման երկու հայտարարություն են տարածել ու առհասարակ կոչ են անում փակել թեման ու չշարունակել, ինչը նշանակում է, որ մերժում են ստացել, գոնե տրամաբանությունը դա է հուշում:
– Այսինքն՝ Ադրբեջանը դե՞մ է, որ երրորդ կողմ լինի ներգրավված:
– Նախ՝ ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք քննարկում Ադրբեջանին միակողմանի ճանապարհ տալու հարցը, եթե պետք է ապաշրջափակման ինչ-որ տարբերակներ քննարկվեն, ու կողմերի միջև առկա է անվստահություն, ապա երրորդ ընկերությունը պետք է գործի նաև Ադրբեջանում, ինչո՞ւ չկա փոխադարձության սկզբունքը:
Երկրորդ՝ Ադրբեջանը միշտ ավելին է ուզում, քան իրեն առաջարկում են, ու վերջին հինգ տարիներին համոզվել է, որ ստանալու է այն, ինչ ուզում է, չի եղել մի հարց, որի պարագայում Ադրբեջանը չի ստացել իր ուզածը: Եթե լիներ այդ խնդիրը, բնական է, որ Ադրբեջանը կարող է և համաձայնության գար առաջարկների հետ կապված, բայց ինքը հասկացել է, որ իր հետ կապված քաղաքականության հարցում ոչ մի ուժային կենտրոն լուրջ չէ, ինչ-որ պահի կարող է կոշտություն ցուցաբերել, բայց գործնականում ոչ մի քայլ չեն անում, իսկ այս պարագայում, բնականաբար, Ադրբեջանը սպասում է ավելի հարմար տարբերակի ու առաջարկի:
Առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը մերժում է ամերիկյան առաջարկը, դա եղել է նաև 2024 թվականի հունիսին՝ դեռ դեմոկրատների կառավարման շրջանում, ու դրանից հետո Ադրբեջանը գնաց Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը՝ այդ ուղղությամբ իր քաղաքականության խորացմանը:
– Տիկի՛ն Հայրապետյան, փաստորեն Ադրբեջանը չի՞ ընդունում այդ «արտապատվիրակման» տարբերակը:
– Առնվազն փորձագիտական մակարդակով տարածվող խոսույթն այն է, որ իրենց համար դա ընդունելի տարբերակ չէ:
– Իրե՞նց վերահսկողությամբ ճանապարհ են ուզում:
– Իրենք ուզում են տարածք, որը կլինի իրենցը, հստակ ասում են այդ մասին: Իրենց զավթողական ծրագրերը ոչ մի կերպ չեն թաքցնում, ավելին՝ այս հանդիպումից հետո շատ ավելի նոր թափով են քարոզչությանը լծվել՝ և՛ պետական հեռուստաալիքով, և՛ տարբեր այլ թիվիներով: Իրենք ունեն զավթողական նպատակներ ու չեն թաքցնում, արդեն խնդիր է, թե մենք ինչո՛ւ չենք ուզում դա հասկանալ:
– Իսկ ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել այդ «արտապատվիրակման» տարբերակին:
– Իսկ կա՞ ինչ-որ բան, որին Փաշինյանի կառավարությունը չի համաձայնում, սովորաբար իրենք ոչ ասելու հարցում առաջամարտիկ չեն, դեռ առաջարկը չհնչած՝ շտապում են այո ասել:
Համաձայնել է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց քանի որ բոլորը զբաղված են Ադրբեջանի պահանջների այս կամ այն չափով բավարարմամբ, Ադրբեջանը հասկացել է, որ իրեն ոչ մի թուղթ պետք չէ ստորագրել, հակառակը՝ ինչքան ձգձգի գործընթացը, այնքան առաջարկներն ավելի լավը կդառնան:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















