Հակասական արձագանքներ. կաթողիկոսի` ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու նախաձեռնությունը քննադատության է ենթարկվում

Ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու հարցով Սերժ Սարգսյանին դիմելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությունը հակասական արձագանքների և քննադատության տեղիք է տվել:
Կաթողիկոսը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ` հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակված դիվերսիոն խմբի անդամ Մուբարիզ Իբրահիմովի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցով:
Այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Նման խնդրանքով սեպտեմբերին կաթողիկոսին դիմել էր Մոսկվայի և համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքը, որին էլ իր հերթին միջնորդելու խնդրանքով դիմել էր Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն:
Ըստ Մայր Աթոռի հաղորդագրության, «հայկական կողմը պատրաստակամ է քննության առնել նման դիմումներ, եթե Ադրբեջանը ևս պատրաստակամություն ցուցաբերի` վերոհիշյալ խնդիրը դիտարկելու արդյունավետ փոխգործակցության վերականգնման միջոցով` հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին»:

Քաղաքագետ Արմեն Բադալյանը թեև նշում է, որ կաթողիկոսի քայլն ավելի շուտ մարդասիրական է, քան քաղաքական, սակայն, շեշտում է, որ այդուհանդերձ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Վեհափառը դիվերսանտի հարցով դիմել է ոչ թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, այլ ՀՀ նախագահին:

«Կաթողիկոսի այդ քայլը, բնականաբար, նշանակում է, թե նա ընդունում է, որ ԼՂ հակամարտությունն ունի միայն երկու կողմ` Ադրբեջան ու Հայաստան: Հակառակ դեպքում նա կդիմեր ԼՂՀ նախագահին»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետը:

ԼՂ հակամարտության վերաբերյալ հայկական ե ադրբեջանական դիրքորոշումները մշտապես տարբեր են եղել. Ադրբեջանը պնդում է, որ ԼՂ հիմնախնդիրը հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ հայկական կողմն ասում է, որ հակամարտության երկու կողմ կա` Ղարաբաղը և Ադրբեջանը: Եվ կաթողիկոսի այս դիմումը Սերժ Սարգսյանին հենց այդ համատեքստում են դիտարկում:

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը «Մեդիալաբին» ասում է, որ «գոնե հայկական կողմը պետք է հասկանա, որ թեկուզ ձևական, բայց այս հարցում պետք է խնդրանքով դիմեր ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի իշխանություններին»:

«Շատ դեպքերում հենց նման ձևով են հասկացնում, որ կա Ղարաբաղ պետություն: Մինչդեռ մեզ մոտ այնպես է ստացվում, որ կարծես մոռացության են մատնում Ղարաբաղը, և Ղարաբաղին առնչվող հարցը ԼՂՀ իշխանությունների հետ ճշտելու փոխարեն արհամարհում են Ղարաբաղը և դիմում Սերժ Սարգսյանին»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

ՀՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն «Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան նախընտրեցին զերծ մնալ որևէ մեկնաբանությունից:

Իր հերթին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Մեդիալաբի» հետ զրույցում թեև խուսափեց որոշակի գնահատականներ տալ հենց Գարեգին Բ-ի դիմումին, սակայն նշեց, որ ադրբեջանցի դիվերսանտի դիակի հետ կապված ցանկացած հարցով պետք է դիմել ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի իշխանություններին:

«Ադրբեջանցու դիակը գտնվում է չեզոք տարածքում, որը մոտ է այն տարածքներին, որոնք գտնվում են Ղարաբաղի վերահսկողության տակ: Հետևաբար, եթե ադրբեջանական կողմը ցանկանում է վերադարձնել այդ զինվորի դիակը, ապա այդ հարցով պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին: Հակառակ պարագայում մեզ համար այդ հարցը փակված է»,- նշեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը:

Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի այս քայլը արձագանք է գտել նաև այն պատճառով, որ Գարեգին Բ-ն մշտապես ասել է, թե ինքը չի խառնվում քաղաքականությանը:

Դեռևս 2008-ի սեպտեմբերին Գարեգին Բ-ն ընդունել էր նախկին քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին և Կարապետ Ռուբինյանին, որոնք կաթողիկոսին էին փոխանցել ավելի քան մեկ տասնյակ նախկին քաղբանտարկյալների բաց նամակը:

Այդ նամակում նախկին քաղբանտարկյալները Հայաստանի հոգևոր առաջնորդին կոչ էին արել խախտել լռությունը և հանդես գալ հալածյալների` ներկա քաղբանտարկյալների պաշտպանությամբ: Հանդիպման ժամանակ, սակայն, Գարեգին Բ-ն ասել էր, որ այս առաջարկով իրեն փորձում են ներքաշել քաղաքականության մեջ, մինչդեռ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում:

Կարապետ Ռուբինյանը «Մեդիալաբին» ասում է, թե առնվազն տարօրինակ է, որ ներքաղաքական հարցերում լռություն պահպանելուց հետո կաթողիկոսը որոշել է խառնվել ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերին:

«Նա [Գարեգին Բ] որոշ առումով ֆունկցիոների նման է իրեն պահում: Այսինքն` ավագ ֆունկցիոների [Համայն Ռուսիո պատրիարքի] միջոցով նրա կոլեգան դիմել է նրան խնդրանքով, և նա կատարում է այդ խնդրանքը: Իսկ իր հոտի սովորական մարդկանց պարագայում, այնպիսիք, ինչպիսին ես եմ, Ժիրայր Սեֆիլյանն է, նա դեմագոգիայով է զբաղվում, ասում է` ինձ մի´ ներքաշեք քաղաքականության մեջ, մեր առաքելությունը ոչ թե հալածյալներին, այլ արդարներին պաշտպանելն է»,- նշեց Կարապետ Ռուբինյանը:

Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությանը բաց նամակով արձագանքել է Քաղաքական զարգացումների հետազոտության կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը` խնդրանքով` «չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը»:

«Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է նման անմարդկային հանցագործությունները. դիցուք` Մ. Իբրահիմովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հետմահու ազգային հերոսի կոչում շնորհելու փաստը, Ադրբեջանը դին վերադարձնելու խնդրանքով պետք է դիմի պաշտոնական Ստեփանակերտին, այնինչ նման խնդրանք չի եղել ո´չ Ստեփանակերտին, ո´չ Երևանին»,- գրված է Դիլանյանի բաց նամակում:

Դիվերսիայից մի քանի օր անց Ադրբեջանի իշխանություններն ազգային հերոսի կոչում են շնորհել ադրբեջանցի դիվերսանտին: Իսկ անցյալ շաբաթ Բաքվում կայացել է Իբրահիմովի մասին պատմող «Սուրբ բարձունք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է «հանուն Լեռնային Ղարաբաղի մղվող մարտերում» զոհված «հերոսի» մասին:

«Կաթողիկոսին նման խնդրանքով դիմել էր Համայն Ռուսիո Պատրիարքը, որին դիմել էր Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդը»,- «Մեդիալաբին» տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից` նշելով որ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդամենը փոխանցել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի խնդրանքը:

Առայժմ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի արձագանքել Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am