Վ. Գասպարյան. Ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի՝ ես կլարեմ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է Lragir.am-ի հարցերին
Պարոն Գասպարյան, Ներսես Նազարյանը երկար տարիներ Երևանի ոստիկանապետն էր, ըստ տարածված տեղեկությունների՝ բավական ամուր «թիկունք» ուներ, ու չնայած նախորդ ոստիկանապետի հետ էլ լարված հարաբերությունների մեջ էր, բայց շարունակում էր պաշտոնավարել: Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց երեկ պաշտոնանկ անել նրան:

Չեմ կարծում, որ դրանք լուրջ խոսակցություններ են: Ես աշխատում եմ, ինձ համար նշանակություն ունի լավ աշխատող, վատ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի մի տեղ երկար ու կարճ աշխատող: Ինձ համար նշանակություն ունի օպերատիվ իրավիճակ, ես շնչով եմ զգում օպերատիվ իրավիճակը և բնականաբար կայացնում եմ որոշումները: Հաջողվեց, թե չհաջողվեց, էդպիսի բան չեմ տեսնում:

Լուրեր կան նաև, որ Ձեր և Ներսես Նազարյանի հարաբերությունները երկար ժամանակ է` լարված էին, ի՞նչն էր պատճառը:

Իմ հարաբերություննե՞րը: Շատ տարօրինակ հարց եմ համարում: Ինձ հետ ոչ ոք որպես կանոն չի լարում իր հարաբերությունները, հատկապես իմ ենթակաները: Ես ժամացույց չեմ, որ ինձ լարեն և սպասեն` երբ եմ զանգը տալու: Ես մարդ եմ, ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի՝ ես կլարեմ:

Ըստ որոշ տեղեկությունների` Ներսես Նազարյանը նշանակվելու է ձեր տեղակալ, ճի՞շտ է:

Ես էդպիսի տեղեկություններ չունեմ, ղեկավարում եմ էս հիմնարկը և էդպիսի տեղեկություններ չունեմ: Ես հլը չգիտեմ` երբ ինչ պետք է անեմ, իրականության հետ ոչինչ չունեցող տեղեկություններ են:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Ներսես Նազարյանը բիզնեսի հետ փոխկապակցված պաշտոնյա էր, նորմա՞լ էր դա: Տեղեկություններ կան նաև, որ ֆինանսական ինչ որ բուրգի մասնակից է եղել:

Ես իրավաբան եմ և հենվում եմ փաստաթղթերի վրա: Գեներալի վրա գրանցված բիզնես չկա, նա բիզնեսմեն չի: Ուրիշ բան է, որ իր ընտանիքի անդամներն են, դա իրենց գործն է, չէ՞ որ Սահմանադրությամբ մարդկանց այդ իրավունքը տրված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ