Փող՝ զինծառայությունից ազատվելու դիմաց.  ըստ Նորիկյանի՝ նոր նախագիծը սոցիալական խտրականության ցցուն էլեմենտ է պարունակում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, իշխանական պատգամավոր Հայկ Սահակյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որն անցած տարի հետ ուղարկվեց, դարձյալ խորհրդարանում է:

Օրենքի նախագիծը պաշտպանության ոլորտին է վերաբերում, մասնավորապես, նախագծով 27-37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում զինվորական ծառայության անցնել 24 ամիս ժամկետով կամ համապատասխան գումարի վճարման պարագայում նվազեցնել ծառայության ժամկետը, ընդհուպ զինվորական ծառայություն չանցնել (15 մլն դրամ): Քաղաքական ու անվտանգային առումով ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը:

Առաջարկվող Նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: Մասնավորապես.

– Քաղաքական առումով՝ որևէ քննադատության չի դիմանում, որովհետև երբ գործող իշխանությունը երկու տարի առաջ մասնակցում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նրանք զինված ուժերի կադրային ապահովման գործընթացում ֆունդամենտալ երկու գաղափար էին առաջ քաշում. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի աստիճանաբար կրճատում, և երկրորդը՝ աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի: 

Արդեն երկուսուկես տարի անցել է իրենց կառավարման շրջանից, ու խոստումները կատարելու փոխարեն նրանք առաջարկում են տարբերակված մոտեցում: Օրենքի գաղափարը նոր չէ, սա տասնյակ տարի գործել է, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք գոյություն ուներ, որով որոշակի գումարի դիմաց 27 տարին լրացած քաղաքացիներն ազատվում էին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: 

Այս օրենքի տրամաբանությունը ձեր կողմից մատնանշված անցած տարվա աղմկահարույց օրենքի նախագծից մի բանով է տարբերվում, որ այս օրենքով կարող են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել 27 տարին լրացածները, իսկ նախորդ օրենքի նախագծով 18 տարին լրացածները կարող էին 20 միլիոն վճարել, մեկ ամիս ծառայել ու ազատվել: 

Որ մենք ունենք 27 տարին լրացած ու այս պահին Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հազարավոր քաղաքացիներ, փաստ է, բայց այն հիմնավորումներն ու պատճառաբանությունները, թե այս օրենքի ընդունումից հետո այդ անձինք իրենց ընտանիքների հետ կգան Հայաստան, կարծում եմ՝ պոպուլիստական հերթական զեղումներից մեկն է: Սա կարող է բյուջեի որոշակի հարց լուծել, բայց չի լուծելու ամենակարևոր խնդիրը՝ բանակի մարտունակության ապահովումը: 

Սա սոցիալական խտրականության ցցուն էլեմենտ է պարունակում, ստացվելու է, որ փող ունեցողը բոլոր դեպքերում հնարավորություն է ունենալու իր երեխային ազատել բանակից, իսկ փող չունեցողը՝ ոչ, այսպիսով բանակը շարունակելու է մնալ բանվորագյուղացիական բանակ: 

Բանակում ոչ թե այսպիսի տարբերակված մոտեցմամբ պետք է խնդիր լուծել, այլ այս իշխանությունը պետք է կատարի իր տված նախընտրական խոստումը՝ կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, ինչը կնվազեցնի խուսափողների հնարավոր թիվը, ու երկրորդ՝ աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի: 

Երբ մենք աստիճանաբար անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի, այս խնդիրները կվերանան, այսինքն՝ մենք զինվորին կնայենք որպես մասնագետի, նրա վրա ներդրում կարվի, ու զորակոչի գործընթացում իսպառ կվերանա կոռուպցիան: Այս օրենքը ոչ մի խնդիր չի լուծելու, իսկ այն հիմնավորումը, թե այդ մարդիկ կվերադառնան հայրենիք, չի արդարացվի: 

– Սա կարո՞ղ ենք ինչ-որ չափով կոռուպցիա համարել, թե՞ չէ:

– Որ տխրահռչակ ավանդույթները շարունակվում են՝ փող տուր, բանակից ազատվիր, դրա մասին խոսք չկա, բայց այս նախագիծը կարգավորման որոշակի փորձ է, բայց լավագույն ձևը չէ: Կուզեք՝ այդ անունը տվեք՝ հասարակության որոշակի սեգմենտի հետ պարզ առևտուր, փող՝ ծառայությունից ազատելու դիմաց: 

Հիմա նրանք կարող են ասել, թե իրենց փող է անհրաժեշտ պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար, բայց եթե մենք փող ունեցողից գումարը վերցնում ենք, իսկ փող չունեցողին զորակոչում ենք բանակ, խտրական վերաբերմունք ենք դրսևորում: 

– Պարո՛ն Նորիկյան, եթե մեծամասնությունն ընդունի այս օրենքի նախագիծը, ի՞նչ ենք ունենալու արդյունքում:

– Ժամանակը ցույց կտա, թե այս օրենքն ինչպես կգործի իրականության մեջ: Այս կատեգորիայի խնդիրը պետք է լուծվի ինչ-որ ձևով, բայց այն հիմնավորումը, որը նրանք են տալիս, չի լուծում այս խնդիրը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am