ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամիին

2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամիին:

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է հայ-էմիրաթական իրավական կապերի հետագա ամրապնդումը և երկու երկրների բարձր դատարանների միջև շփումների ընդլայնումը, ինչպես նաև հավելել է, որ վերջին շրջանում երկկողմ կապերի ակտիվացումը վկայում է Հայաստան-ԱՄԷ իրավական համագործակցության զարգացման մեծ ներուժի և դինամիկայի մասին:

Իր պատասխան խոսքում ԱՄԷ գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ-Սալամին շնորհակալություն է հայտնել նախագահ Արման Դիլանյանին հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ կորոնավիրուսի համավարակի բարեհաջող հաղթահարումից հետո երկու երկրների բարձր դատարանների համագործակցությունը նոր լիցք կստանա, ինչը կարտահայտվի նաև բարձր մակարդակի փոխայցելություններով:

Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։