Ալիևը անուղղակի խոստովանում է, որ ինքը «գիտեր», որ ռազմական գործողությունները չպետք է տեղափոխվեն ՀԱՊԿ կամ ռուսական պատասխանատվության գոտի․ Սաֆարյան

 ՄԱՀՀԻ-ի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալիևի անկեղծացումները․․․

«Բնականաբար, մենք կանոնավոր կապ ենք պահպանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում: Պատերազմի սկսվելուց հետո մեր առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ նրա ծննդյան օրը: Ավանդաբար, շնորհավորում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան օրվա առթիվ: Եվ սա մեր առաջին հեռախոսային կապն էր այն պահից ի վեր, երբ սկսվել էին ռազմական գործողությունները: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար»:

Արձանագրում 1․ 2020թ․ սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ սանձազերծելուց հետո 10 օր շարունակ ոչ Ալիևն է զանգահարել Պուտինին, ոչ էլ հակառակը, այսինքն՝ Ռուսաստանին Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմը առանձնապես “չի մտահոգել”․․․․ Իսկ այդ 10 օրերին հայկական կողմը միայնակ, առանց տարածքային կորուստի դիմադրում էր Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան-սիրական ահաբեկիչներ տանդեմի համատեղ ագրեսիային․․․

«Նրանք [հայկական կողմը] հույս ունեին, որ իրենց արևմտյան ընկերները կօգնեն Հայաստանին: Նրանք բացահայտ պահանջներ էին ներկայացնում Ռուսաստանին, թե ինչու ռուսական բանակը չի պայքարում իրենց համար: Չնայած Ռուսաստանի դիրքորոշումը լիովին համահունչ էր միջազգային իրավունքին, քանի որ ռազմական գործողություններն իրականացվում էին Ադրբեջանի տարածքում և ոչ թե ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչը նրանք իրենք պետք է շատ լավ իմանային:»

Արձանագրում 2․ Ալիևը անուղղակի խոստովանում է, որ ինքը “գիտեր”, որ ռազմական գործողությունները չպետք է տեղափոխվեն ՀԱՊԿ կամ ռուսական պատասխանատվության գոտի, այսինքն՝ ինքը չի հատի Ռուսաստանի կարմիր գծերը, Ռուսաստանն էլ բնականաբար չէր թողնելու, որ Հայաստանը կատարի Արցախի անվտանգության երաշխավորի դերը՝ ներքաշվելով պատերազմում, ու այդպիսով ներքաշելով Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին․․․

Պարզ է դառնում, որ Տավուշյան էսկալացիան Ռուսասըանի ռեակցիաները ստուգելու ու Ադրբեջանին պատերազմի առիթ ծառայեցնելու հնարք էր, ինչն արեցին Բաքուն և Անկարան․․․․Վերջերս Ռոբերտ Քոչարյանը կրկին խոսել է “պայմանավորված պատերազմի” մասին․ տեսնես՝ ում պայմանավորվածության մասին է նա տեղյակ․․․»։