«Ծածուկ նկարելու են, կանգնեցնելու են մեքենան և համապատասխան հսկողություն իրականացնեն». Տիգրան Քեյանը չի կարծում, թե երթևեկությունը կկարգավորվի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։

– Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն: Ինչպե՞ս եք գնահատում: Ինչի՞ համար է այն անհրաժեշտ և ինչպե՞ս է իրականացվելու:

– Այդ օրենքը եղել է 2006 թվականից, ուղղակի հիմա են կիրառում: Տարիների ընթացքում ամիսներ եղել են, որ կիրառել են, հիմա նորից նպատակահարմար են գտել, որ կարելի է կիրառել: Ծածուկ նկարելու են, կանգնեցնելու են մեքենան և համապատասխան հսկողություն իրականացնեն, ինչպես կիրականացնեին սովորական ընթացակարգով ծառայություն կատարող տեսուչի կողմից:

Վարորդների արձագանքը տարբեր է, ինչպես դուք տեսնում եք սոցիալական ցանցերում, այնպես էլ մեզ մոտ տարբեր վարորդներ տարբեր ձևով են արձագանքում: Մարդիկ կան, որ կարծում են, թե դա թալանի միջոց է, մարդիկ էլ կան, որ մտածում են՝ նորմալ է, երթևեկությունը կկարգավորվի:

– Իսկ դուք ի՞նչ եք կարծում:

– Ես կարծում եմ, որ մի քիչ իրավիճակը կմեղմի, բայց փորձը ցույց է տալիս, որ այսպիսի միջոցառումները երթևեկությունը չեն կարող կարգավորել: Ես չեմ հավատում, որ այս միջոցառման շրջանակներում երթևեկությունը ամբողջությամբ կկարգավորվի, քանի որ հիմնականում Երևանում է մի քիչ վերահսկողությունն ավելանալու, բայց մենք զոհերի, վթարների մեծ թիվ ունենք միջմարզային, միջպետական ճանապարհներին:

– Սա ի՞նչ ազդեցություն կունենա բալային համակարգի վրա:

– Նույն ազդեցությունը կունենա, ինչ սովորական ոստիկանը, իսկ մենք գիտենք, որ ճանապարհային ոստիկանի կողմից արձանագրված խախտումների դեպքում դեռևս բալեր չեն հանվում: Սեպտեմբերից է դա հաշվարկվելու:

– Բալային համակարգի ներդրումից ամիսներ անց ի՞նչ արձագանքներ կան:

– Բալային համակարգի ներդրումը թեև ինչ-որ չափով մեղմել է իրավիճակը, բայց այն արդյունքը չի տվել, ինչ նախագծով ներկայացվում էր:

Տուգանքների չափը չի կարող մեծ լինել, որովհետև դա սահմանված է օրենքով, և ծածուկ ծառայության դեպքում չեն կարող ավելի մեծ տուգանքներ լինել, քան սահմանված են օրենքով:

Եթե նայեք՝ ոստիկանությունը պարբերաբար ուժեղացված հսկողության միջոցառումներ է իրականացնում, և եթե նախօրեին նման միջոցառումների արդյունքները համեմատենք նախորդ անգամվա հետ, կտեսնենք, որ ավելացում գրեթե չի եղել, նույնն է:

– Այսինքն՝ ծածուկ ծառայության անհրաժեշտությունը չկա՞ր:

– Վերջերս մի օրենք ընդունեցին հանրային վերահսկողության մասին, որ քաղաքացին պետք է ներգրավված լիներ հսկողություն իրականացնելու գործում, բայց եթե հիմա ծածուկ ծառայությունն են իրականացնում, այդ ընդունված օրենքի իմաստը կորչում է: Կամ մեկը պետք է լիներ, կամ՝ մյուսը, այլ տարբերակ չեմ տեսնում:

– Իսկ ի՞նչ պետք է անել երթևեկության մեջ իրավիճակը փոխելու համար:

– Վարորդական վկայականի քննությունները պետք է արմատապես փոխվեն: Նաև պետք է թե՛ վարորդի, թե՛ հետիոտնի կրթական մոտեցումը փոխվի: Երթևեկության մասնակից են նաև հետիոտները, և վրաերթերի մեծ մասի համար մեղավորը հենց հետիոտն է, բայց պատժվում է վարորդը:

Պետք է վարորդների իրավունքները չոտնահարվեն, մասնավորապես, գույքի վնասների դեպքում: Մենք վերջին տարիներին տեսել ենք, թե ավտոմեքենաներից ինչքան գողություններ են կատարվում, բայց բացահայտվել են այն գողությունները, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց, ասենք՝ դեսպանատան աշխատակիցների մեքենաներից, իսկ սովորական քաղաքացիների դեպքում վնասները ոչ մի ձևով չեն հատուցվել:

Վարորդներն անվստահություն ունեն երկրում տիրող անօրինականության նկատմամբ, և իրենք էլ չեն փորձում առաջնորդվել օրենքներով, որովհետև օրենքը ոչ մի կերպ նրանց չի պաշտպանում: Ճանապարհային վատ ծածկույթից տուժած քաղաքացիները չեն կարողանում ստանալ փոխհատուցում, ավելի շատ քաշքշուկների առաջ են կանգնեցնում:

– Նկատի ունեք, որ վարորդական իրավունքները կոռուպցիայո՞վ են ստանում:

– Ո՛չ, հիմա կոռուպցիա չկա, 60 հազար դիմորդից 59 հազար դիմորդն ստացել է վարորդական իրավունք: Հիմա ուզում եք ասել, որ 59 հազարը տիրապետո՞ւմ է երթևեկության կանոններին:

Նրանք փակ տարածքում են քննություն հանձնում, և դժվար թե իրենց նույն կերպ դրսևորեն, ինչ իրական երթևեկության մեջ: Անհնար է, որ դիմորդների 99 տոկոսն ստանա վարորդական իրավունք: Երեք անգամ վարորդական իրավունքից կտրվելուց հետո չորրորդ անգամ ավտոմատ ստանում ես:

Մանե Հարությունյան

MediaLab.am