Վերաքննիչ բողոք կներկայացվի Խաչատուր Սուքիասյանի եղբորը գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ․ Factor.am

Գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել հայտնի գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը։

Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել միայն խափանման միջոց կալանքի կիրառման պայմաններում»,- պարզաբանեց Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սուքիասյանին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ: Նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Ռոբերտ Սուքիասյանը նախ՝ գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ: Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել: