Դանակահարություն, բենզինով այրելու փորձ, դաժան ծեծ, խոշտանգումներ, մահ. կանանց սպանությունները Հայաստանում ընդվզում, բողոք չեն առաջացնում

Դանակահարություն, բենզինով այրելու փորձ, դաժան ծեծ, խոշտանգումներ, մահ. կանանց սպանությունները Հայաստանում ընդվզում, բողոք չեն առաջացնում
Դանակահարություն, բենզինով այրելու փորձ, դաժան ծեծ, խոշտանգումներ, մահ. կանանց սպանությունները Հայաստանում ընդվզում, բողոք չեն առաջացնում

Մինչ Արեւմուտքում, օրինակ, Կանադայում, կառավարությունները կազմվում են գենդերային հավասարության սկզբունքով, որովհետև, ինչպես Կանադայի նորընտիր վարչապետն է հայտարարել, «հիմա 2015 թվականն է», Հայաստանում իշխանությունները դեռևս պատրաստ չեն նույնիսկ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք ընդունել՝ պաշտպանելու խոցելի իրավիճակում հայտնված կանանց։

Հայաստանում տարեկան մոտ մեկ տասնյակ կին է մահանում ընտանեկան բռնության հետևանքով, սակայն օրենքը, որը թույլ կտար դրա կանխարգելման համար քայլեր ձեռնարկել, այդպես էլ իրականություն չի դառնում։ Սա հիմք է տալիս կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին պնդել, որ պետությունը այս հարցում պարզապես ջայլամի քաղաքականություն է վարում՝ անընդհատ հայտարարելով, որ Հայաստանում նման խնդիր չկա, և հետաձգելով բռնությունը կանխարգելող մեխանիզմներ սահմանող օրենքի ընդունումը։

Օրինագիծը 2013 թ-ին մերժվել է և հիմնավորվել, որ դրանում կան հակասահմանադրական դրույթներ: Դրանից հետո լրամշակված տարբերակը մի քանի անգամ քննարկվել է ԱԺ հանձնաժողովներում,  բայց այն այդպես էլ չի հասել խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Ոստիկանությունը 2015 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցել է ընտանեկան բռնության 517 դեպք, մինչդեռ յոթ կազմակերպություն ներառող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» տրամադրած տվյալների համաձայն՝ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված ընտանեկան բռնության դեպքերը տարեկան հասնում են  մոտ 2000-ի:

Ըստ ԵԱՀԿ-ի 2011 թվականի տվյալների` Հայաստանում հարցված կանանց ավելի  քան 50 տոկոսը ենթարկվում է բռնության: 2013-2015 թվականների ընթացքում 5171 կին է ահազանգել բռնության մասին կանանց կազմակերպությունների թեժ գծերին։

Այս տարի արդեն 7 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով, 2014-ին՝ 11։ Ընտանեկան բռնության դեպքերը մեկը մյուսից ահասարսուռ են՝ դանակահարություն՝ հաճախ հենց երեխաների աչքի առաջ, բենզինով այրելու փորձ, դաժան ծեծ։ Ավելին՝ հիմնականում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերի ու խանդի հողի վրա իրենց կանանց կյանքը խլած տղամարդիկ շատ հաճախ հայտարարում են, որ չեն զղջում իրենց արածի համար։ 

«Ընդհանրապես ոչ մի վայրկյան չեմ փոշմանել, չկա տենց բան»,- ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդմանն էր ասել սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառում կնոջը 30 դանակի հարվածով սպանած տղամարդը, ով կնոջը անհավատարմության մեջ էր կասկածել։

Եթե տղամարդը կնոջը իր սեփականությունը չհամարեր, ապա ցանկացած քայլ, որը կնոջը սոցիալապես մի փոքր ավելի ակտիվ է դարձնում, չէր մեկնաբանվի որպես տղամարդուն դավաճանելու միտում, նկատում է «Հասարակություն» առանց բռնության ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը։

«Օրինակներ ունենք, որ երբ կանայք փորձում են ավելի ակտիվ լինել, կամ թեկուզ ավելի հաճախ են խանութ գնում, կամ փորձում են աշխատել, իրենց կարիերայում կայանալ, տղամարդիկ արդեն սկսում են մտածել, որ դա իրենց տիրապետության ճիրաններից դուրս գալ է նշանակում, ու եթե կինը անկախացավ, կդառնա անկառավարելի»,- ասում է Մինասյանը։ 

«Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանի մտահոգում է այն, որ կանանց սպանությունները հասարակությունում ընդվզում, բողոք չեն առաջացնում։

«Այսքան դեպքեր են լինում ու հասարակության մեջ ընդվզում չկա, թե այս ինչ է կատարվում այս կանանց հանդեպ,  դա ընդունելի չէ։ Ընդհակառակը առաջինը հարցնում են՝ լավ, ի՞նչ եղավ, որ էդպես եղավ, միգուցե մի բան արեց… փորձում են արդարացնել սպանությունը կատարողին»,- «Մեդիալաբին» ասում է Ահարոնյանը, ով սովորաբար կանանց սպանությունները որակում է «ֆեմիցիդ» տերմինով։ 

«Ես ֆեմիցիդ եմ ասում՝ նկատի ունենալով ոչ միայն ընտանեկան բռնությանը, այլ նաև սեռով պայմանավորված աբորտները, որը շատ բարձր տոկոս են կազմում Հայաստանում։ Ինչքան էլ որ ասում ենք՝ մենք կնամեծար ազգ ենք, սա ցույց է տալիս, որ միևնույն է կինը երկրորդ դասակարգի քաղաքացի է մեր երկրում ու նույն արժեքը չունի, ինչ որ տղամարդը։ Կոպիտ ասած՝ ստացվում է, որ կնոջը սպանում են նախքան ծնվելը, քանի որ նա նույնքան կարևոր չէ, որքան տղամարդը, իսկ հետո եթե բախտը բերեց, որ ծնվեց ու եթե հանկարծ չհետևեց հայրիշխանական հասարակության սահմանած օրենքներին, կարող է սպանվել»,- հավելում է Ահարոնյանը։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» այս տարի նամակ է հղել վարչապետին՝ հասկանալու, թե ուր են հասել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումները։

Կառավարությունից արձագանքել է արդարադատության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ «ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ իրավական պայքարի հարցերը գտնվում են ՀՀ կառավարության և արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում»։

Նախարարությունը նաև հայտնում է, որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ուսումնասիրել և քննարկել նախագծով ամրագրված իրավական կարգավորումները՝ այն լրամշակելու նպատակով, իրականացվում է նաև միջազգային փորձի ուսումնասիրություն։

Հաշվի առնելով նամակի ընդհանրական ոճը՝ Լիդա Մինասյանը եզրակացրել է. կառավարության ուշադրության օրակարգում չէ խնդիրը։ Պետական մարմինների դանդաղկոտությունը անհանգստացնում է նաև Լարա Ահարոնյանին, բայց նաև միաժամանակ կարծում է՝ պետք է օգտագործել այն փաստը, որ ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ ևս շեշտվել է նման օրենքի ընդունումը ու Հայաստանն էլ ընդունել է դա, հետևաբար պետք է իմանալ պետության իրական նպատակները՝ արդյոք նախագիծը օրենք կդառնա՞, թե՝ ոչ։

«Ես անձամբ հույս ունեմ, որ ավելի շատ հնարավորություն կա, որ դա իրականություն դառնա, իմ մոտ տպավորություն կա, որ կառավարությունը և ԱԺ-ն բաց են քննարկումների համար, լավ ժամանակն է, որ մի քիչ ավելի խորը աշխատենք»,- լիահույս է նա։

Իրավապաշտպանները համոզված են, որ օրենքի ուժով բռնությունները կանխարգելող և կանանց պաշտպանելուն միտված մեխանիզմների ներդրումը կարող են տասնյակ կյանքեր փրկել։ Նախագիծը, մասնավորապես, սահմանում է, որ եթե բռնարարի հետ իրավասու մարմինների կողմից հոգեբանական աշխատանքը արդյունք չի ունենում, անձը շարունակում է բռնություն գործադրել, ապա այդ դեպքում միայն կկիրառվի վարչարարություն նրա նկատմամբ: Եվ եթե գրավոր նախազգուշացումներն էլ արդյունք չեն տալիս, ապա նոր կառաջանա քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչն ասում է՝ Մալաթիայի տոնավաճառում դանակի 30 հարվածից մահացած կինը մի քանի անգամ դիմել էր ոստիկանություն.- «Փորձել էին ինչ-որ կերպ օգնել, հնարավորինս մեխանիզմներ օգտագործել, բայց քանի որ օրենքը թույլ չի տալիս ավելին անել, ոչ մի բան չի արվել»։

«Կա այդ մեխանիզմների բացակայությունը, կա ոստիկանության պատրաստակամության բացակայությունը զոհերին աջակցելու գործում, դրա համար կարծես օրինաչափություն լինի, ամեն անգամ երբ մահվան դեպքի հետքերով ենք գնում, պարզում ենք, որ այդ կանայք դիմել են ոստիկանություն, բայց ոստիկանները կամ  ոչ մի բան չեն արել, կամ սահմանափակ խորհուրդներ են տվել, կամ ասել են՝ դա ձեր ընտանեկան խնդիրն է, գնացեք լուծեք ինքներդ։ Հետո դա այնքան է խորացել և սպանություն է դարձել»,- ասում է Մինասյանը։

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը թեև կարևորում է նման օրենքի ընդունումը, բայց միաժամանակ հայտարարում է, որ պետությունը դեռ պատրաստ չէ ընդունել այն։

«Օրենքի ընդունման դեպքում պետք է իրականացվեն բազմաթիվ միջոցառումներ, բացվեն ապաստարաններ, որոնք բավականին ծախսատար են: Պետությունը չի կարող կիսով չափ իրականացնել օրենքը: Այն պետք է ամբողջությամբ ընդունվի, ֆինանսական միջոցներ հատկացվեն և իրականացվի: Այս առումով պետությունը դեռ պատրաստ չէ: Ես ժամկետներ չեմ էլ կարող ասել, թե երբ օրինագիծը կընդունվի», – ասում է պատգամավորը։

Նաիրա Գեւորգյան

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի  «Արքայադստերից` ստրուկ» ֆոտոպատմությունից: Լուսանկարում՝  Մարո Գուլոյանը հրաժեշտի արարողությունը ոչ թե ամուսնու, այլ հորական տանից:  Ավելին՝ այստեղ:

© Medialab.am