Սոցմեդիայում Սիրիայում ավիահարվածից տուժած երեխային ներկայացնում են ուկրաինական պատերազմի լույսի ներքո․ FIP.am

Վրացալեզու The Tbilisi Times ֆեյսբուքյան էջը, որը 131 հազարից ավելի հետևորդ ունի, մի տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են շտապօգնության մեքենայով տեղափոխում վնասվածք ստացած փոքրիկ երեխայի:

Տեսանյութը վերնագրված է՝ «Դժոխք երկրի վրա», այն ներկայացվում է իբրև  Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի ժամանակ արված տեսանյութ:

Ֆեյսբուքում մեծաթիվ օգտատերեր ակտիվորեն սկսեցին տարածել տեսանյութը:

Սակայն իրականում տեսանյութն արվել է տարիներ առաջ՝ 2016 թվականին, երբ Հալեպում ավիահարվածից հետո փլատակների տակից դուրս էին բերում սիրիացի երեխային:   

Վրացական էջում տարածված տեսանյութը մոնտաժված է, այն ուղեկցվում է երաժշտությամբ, փոխարենը չի լսվում իրական ձայնը, որում պարզ հասկացվում է, որ մարդիկ խոսում են արաբերեն:

The Tbilisi Times-ի նշված հրապարակումն իրենց անձնական էջերում տարածած օգտատերերից շատերը տեղյակ են, որ տեսանյութն իրականում արված է Հալեպում և որևէ կապ չունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Սակայն դա նրանց չի խանգարել շարունակել մանիպուլացնել: Էջի կառավարիչները համեմատություններ են կատարել՝ նշելով, թե տարբերություն չկա՝ որտեղ ու երբ է արվել տեսանյութը, և որ  Սիրիայում կատարվածը հիմա կրկնվում է Ուկրաինայում:

Փաստերի ստուգման հարթակ