Կան խաչողներ, կան խաչվողներ. Մհեր Ենոքյան

Կան խաչողներ, կան խաչվողներ. Մհեր Ենոքյան
Կան խաչողներ, կան խաչվողներ. Մհեր Ենոքյան

Հիշո՞ւմ եք՝ վերջերս Հայաստանի արդեն նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բազմաթիվ խաչերով մի մեծ խաչ կանգնեցրեց հայոց հողի վրա: Խաչերը սովորաբար դրվում են եկեղեցիների և գերեզմանների վրա, նաև քրիստոնյաներս մեր խաչն ենք կրում մեր իսկ կրծքին: Բայց մինչ քրիստոնեության խորհրդանիշ դառնալը՝ խաչը եղել է մահվան գործիք: 

Կան խաչողներ, կան խաչվողներ: Հայերս արտահայտություն ունենք՝ <խաչ քաշել> ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա:  Իշխանությունը, արդեն 22 տարի, կարծես, խաչ է քաշել ոչ յուրայինների վրա: Ու ժողովուրդը խաչված է մնում իր խաչին՝ սպասելով արդարության: Դեռ ինչքա՞ն խաչին գամված արյունաքամ լինելով՝ հույս ունենանք, որ մի օր հարություն կառնենք:

 

Արդարադատության վակուում

Հայաստանը նորից դարձել է բազմաթիվ թագերի երկիր, որտեղ կան փոքր ու մեծ <տրամաչափի իշխանիկներ>, ովքեր փորձում են պատմության մեջ մտնել՝ ժողովրդին ստրկացնելով, եկեղեցիներ կառուցելով, մայրաքաղաք, պատմական հուշարձան ձևախեղելով, անպատիժ ու օրենքից դուրս մնալով: Սեփական ճակատագրիս օրինակով եմ տեսնում, որ ավատատիրական /ֆեոդալական/ հասարակարգ է Հայաստանում, և չկա իրավական պետության նշույլ անգամ, այսինքն՝ իրավունքի գերակայության մասին խոսելը ավելորդ շքեղություն կհամարվի:

Բոլորս տեսանք, որ Սյունիքի <իշխանի> տոհմի <իշխանիկները> ոչ  դատապարտվում են, ոչ էլ անգամ՝ ներվում, այլ՝ ոչ ավելի, ոչ պակաս արդարացվում: Մեր երկրում, փաստորեն, կարելի է աջ ու ձախ կրակելով ինքնապաշտպանվել՝ մարդ սպանել և անմեղ ճանաչվել, արդարացվել, եթե հովանավորյալ ես, եթե յուրային ես, եթե <դաբրո> ունես: Այդ ժամանակ անգամ ապօրինի զենքը հեշտությամբ կդառնա օրինական, դիտավորությունը՝ անհրաժեշտ պաշտպանություն: Բնավ զարմանալի չէ, որ ֆեոդալական կարգերով երկրում թագավորի խոսքով են <արդարադատություն> իրականացնում ՎԱՍԱԼ քննիչները, դատախազներն ու դատավորները:

Իսկ երբ ճանաչված մտավորականներ, հոգևորականներ, արվեստի մարդիկ պետության նախագահին են դիմում, այն էլ բազմաթիվ անգամներ, որ գթասիրտ լինի և մարդասիրական քայլ կատարի, նույնիսկ պատասխանի չի արժանացնում: Դե՛, բնական է: Ինչո՞ւ գթասիրտ և արդար լինել նրանց նկատմամբ, ովքեր ժամանակակից ավատատիրոջ որդիներ չեն:

Մի պահ պատկերացնենք, որ Բուդաղյան եղբայրների վրա կրակողը Սյունիքի նախկին մարզպետի զավակ չէ, ոչ էլ՝ թիկնապահ, այլ, ասենք, Քեմբրիջի համալսարանն ավարտած մի երիտասարդ, կամ բժշկական համալսարանի ուսանող՝ բժիշկների ընտանիքից… անմիջապես սպանությունը կորակվեր դիտավորություն, բոցաշունչ ճառեր կարտասանվեին, թե ձեռք են բարձրացրել սրբություն սրբոցի՝ հայոց բանակի վրա: Երիտասարդին կբերեին <Նուբարաշենի> գերեզմանոց, որտեղից հիմա ես եմ Ձեզ գրում, կբարձրացնեին 5-րդ հարկ, այսինքն՝ ցմահների հարկաբաժին ու նա կդառնար 104-րդ ցմահ դատապարտյալը: Ես կասկած չունեմ այս սցենարում, քանի որ այստեղ հայտնվածներից գոնե մի մասը այդ սցենարով է դատապարտվել պատժի առավելագույն չափի, վկա՝ 18-21 տարեկան այն նախկին զինվորներն, ովքեր մոտ 20 տարի պատիժ են կրում՝ կասկածելի քրեական գործերով: 

Որպես ապագա իրավաբան՝ ինձ հետաքրքրում է հետևյալ փաստը. 

  1. Անկախությունից ի վեր, անցած 22 տարիներին, քանի՞  անգամ է կիրառվել ՔՕ-ի 42-րդ հոդվածը, որը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանությանը:
  2. Քանի՞  դեպք է եղել, երբ քրեական հետապնդում է դադարեցվել անհրաժեշտ պաշտպանության հիմքով:
  3. Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք այդ դեպքերում ևս գործ ունենք ախրաննիկների ու <իշխանիկների> զավակների հետ:

Լրագրողներին խնդրում եմ օգնել ինձ այս հարցում: Այսինքն՝ նման հարցումեր անել ու լուսաբանել խնդիրը: 

 

ԱՆարդար արդարադատություն

Լուրերին հետևելով՝ տեղեկացա, որ այստեղ <Նուբարաշենում> արդեն հինգ ամիս է կալանքի տակ են պահվում երեք, թե չորս տղաներ, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, ովքեր մեղադրվում են ինչ-որ գյուղում խոտի դեզը ծխահարելու մեջ: Ծիծաղելի է, չէ՞: Իբր, տուժող գյուղացին էլ 36.000 դրամի վնաս է կրել: Բայց երբ ռադիոյով լսեցի դատավարությունը լուսաբանող ռեպորտաժները, հեռուստացույցով նայեցի տեսանյութերը, հասկացա, որ դատախազության համար այս ամենը բնավ էլ ծիծաղելի չէ. երկու դատախազ այնպիսի վեհ գիտակցությամբ են պաշտպանում մեղադրանքը, կարծես՝ կարևորագույն գործ են բացահայտել: Ես կշարունակեի ծիծաղել, եթե այս ամենն այսքան տխուր չլիներ: Տխուր, քանի որ երեք-չորս վառ քաղաքացիներ բանտում են արդեն 5 ամիս, իսկ այստեղ մի ամբողջ համակարգ աշխատում է մարդ կոտրելու, անգույն դարձնելու, գորշացնելու ուղղությամբ: Պարոնայք իրավապահներ, Դուք այդ երիտասարդների ազատությունից մեկ օր անգամ չպիտի խլեիք, ուր մնաց՝ արդեն 5 ամիս:

Իսկ քանիսը կան, ում անունները չգիտենք, ովքեր կալանքի տակ են կամ արդեն դատապարտված: Չգիտենք, որ նրանց գլխին էլ են սարքել, չգիտենք՝ քանիսն են անմեղ, քանիսը՝ չափազանցված պատիժ են կրում: Ես՝ Մհեր Ենոքյանս, արդեն 18-րդ տարին եմ այս բանտում՝ դատապարտված մահապատժի մեկ հակասական ցուցմունքով /2003-ից ցմահ ազատազրկում/: 20 տարեկանից երազում եմ ազատության, ապա և արդարացման դատավճռի մասին: Գիտեմ, որ Աստծո կամքով, վաղ թե ուշ երազանքս կիրականացնեմ բարի ու սրտացավ քաղաքացիների օգնությամբ:

 

Բանտը՝ հասարակության մինի մոդել

Ցմահ դատապարտյալները բանտային պայմաններից չեն սիրում խոսել: Մեզ առավել շատ անհանգստացնում է արդարադատության չիրականացումը մեր երկրում: Պարզապես բանտը հասարակության մինի մոդելն է՝ գույների քիչ ավելի մուգ համադրմամբ: Այստեղ էլ պայքարը մարդ մնալու համար է:

23 ժամ խցում փակված՝ չեմ կարող չապրել քաղաքացիական կյանքով, մտորումներով: Պարապում եմ, զգում եմ, որ հաճախ ժամանակս էլ չի բավականացնում՝ այնքան, որ անելիք ունեմ: Զբաղվում եմ դասերով, պատրաստվում իրավագիտության ֆակուլտետի քննություններիս: Ասեմ, որ արդեն մի քանիսը հանձնել եմ բավականին լավ: Ուսումնասիրում եմ հայաստանյան օրենսդրությունը, կարդում օրենքներ: Քրեակատարողական օրենսդրությունն ու Քրեական օրենսգիրքը գրեթե անգիր եմ արել այս տարիներին:

Հիշում եմ՝ տարիներ առաջ դիմեցի բանտի ադմինիստրացիային, որպեսզի իմ հարազատներին թույլատրեն դաշնամուրս բերել բանտ: Ի՞նչ վատ բան կա, երբ դատապարտյալը ցանկանում է նվագել: Ցանկանում էի նաև գնդակ ունենալ, պահել ակվարիումային ձկներ, խնամել սենյակային բույսեր: Բայց ինձ ցույց տվեցին <Նուբարաշենի> ներքին կանոնակարգը: Հասկացա՝ իմ ցանկությունները հակականոնակարգային էին: <Բայց չէ՞ որ սրանք Աստվածաշնչյան կանոններ չեն: Սրանք մարդիկ են գրել, և կարելի է կանոնակարգը փոփոխության ենթարկել>,-փորձում էի հակազդել ես: Հետո հասկացա, որ անիմաստ զբաղմունք է: Երևի ստալինյան ժամանակներից այս կողմ նման կանոնակարգերը չեն վերանայվել, բանտի աշխատակիցների մտածողությունը ևս:

Անցան տարիներ, երևի 2006 թ-նն էր, մի բանտապետ եկավ <Նուբարաշեն>, ով առաջադեմ էր իր գաղափարներով ու վերականգնողական արդարադատության ջերմ պաշտպան: Անմիջապես հանեց բոլոր տաբուները: Ցմահ դատապարտյալներից ոմանք, Արսեն Արծրունու դասախոսությամբ, սկսեցին անգրելեն պարապել, մարզասրահ բացվեց, որտեղ նաև մենք էինք կարողանում մարզվել, պահում էինք ձկներ, համակարգիչներ թույլատրվեցին դատապարտյալներին, կարճատև, ապակե միջնորմներով տեսակցությունների փոխարեն տարեկան 6 անգամ հնարավորություն ստացանք երկարատև տեսակցություն ունենալ մեր հարազատների հետ: Նոր բանտապետն ասում էր. <Դատապարտյալին մեկուսացրել են հասարակությունից, մենք ինչո՞ւ ենք նրան մեկուսացնում իր հարազատներից>:

Իսկ գիտե՞ք, թե ինչ եղավ այդ բանտապետի հետ: Երկար չդիմացավ, նրան շուտով ազատեցին աշխատանքից՝ կանոնակարգը խախտելու պատճառաբանությամբ: Իսկ նա կոնկրետ քայլեր էր անում վերականգնման, ուղղման, դեպի հասարակություն մարդկանց վերադարձը հեշտացնելու համար: Փաստորեն այսպիսի բանտապետեր համակարգին պետք չեն:

Երբ Հրայր Թովմասյանը նշանակվեց ՀՀ Արդարադատության նախարար, անկեղծ՝ առաջին ողջունողներից էի նման որոշումը: Լսել էի նրա խոսքը, որպես փորձագետի, սահմանադրագետի: Մտածում էի, որ քրեակատարողական համակարգում արմատական փոփոխություններ կլինեն, կփոխվեն կադրերը, կնշանակվեն նոր բանտապետեր՝ ներկայիս ԱՆ-ի տեղակալների մտածողությամբ, հոգեկերտվածքով, աշխարհայացքով: Բայց անցել է արդեն երեք տարի, փոխարենը ոչ մի փոփոխություն: Վկա այն, ինչ կարդացի մամուլում: Հարցում էր արվել, թե տարեկան խրախուսանքներն ու տույժերը ինչպիսի հարաբերակցությամբ են կիրառվում, օրինակ, ցմահ բանտարկյալների նկատմամբ: Ցուցանիշն ավելի քան ապշեցուցիչ էր. անցյալ տարվա կտրվածքով՝ 72 անգամ տույժ և 0 անգամ խրախուսանք: Այնինչ լսում էի մի հայտնի հոգեբանի դիտարկումը բանտերում խրախուսանքի մեթոդի կիրառման մասին: Ասում էր, որ խրախուսանքով անգամ շիզոֆրենիայով տառապողին կարող են այն աշխարհից ետ բերել:

Զարմանալի է, բայց երբ այս հարցին մոտենում եմ մեկ այլ տեսանկյունից, համոզվում եմ՝ Հայաստանի բանտերում և գաղութներում դատապարտվածների հետ, իրոք, տարվում են աշխատանքներ, որպեսզի նրանք, վերադառնալով հասարակություն, կարողանան ապրել, այսինքն՝ դատապարտյալներին բացատրում ու փաստացի օրինակներով սովորեցնում են, որ մեր երկրում օրենքը առնում ու ծախում են, որ արդարադատությունն իրականացվում է հովանավորչությամբ: Շնորհակալություն համակարգին՝ ՔԿՀ-ներում տարվող այս հույժ կարևոր աշխատանքի, ռեալ կյանքին ադապտացնելու  համար:

 

Համացանցը՝ որպես իրականության փրկարար

Համակարգչից օգտվել ցմահ դատապարտյալներին չի թույլատրվում: Եվ միայն 3 դատապարտյալ-ուսանողներիս է ՔԿՎ-ն հնարավորություն տվել մի քանի ժամով պարապել համակարգչի մոտ, սակայն համացանց մուտքի արգելքով: Այդ տարածությունը երբևէ չեմ էլ տեսել, բայց հասկանում ու պատկերացնում եմ այդ հսկայական տվյալների բազայի ֆանտաստիկ հնարավորությունները:

Տեսեք՝ ինչ եմ մտածում: Ներկայիս հայոց պատմությունը չի լինելու միայն իշխանավորների կողմից պատվիրված դասագրքերում, որտեղ, որպես կանոն, նշվում են պատերազմներն ու նշանակալի շինությունները, բայց ոչ ժողովրդի հոգում, սրտում կատարվողը: Գրատպությունն այժմ իշխանավորների մենաշնորհը չէ, կան տեսախցիկներ, էլեկտրոնային կրիչներ, համացանց, որտեղ սերունդների համար պահպանվում են պատմության, իրականության էջերը: Այնտեղ արդարության ու ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ կարոտ ժողովուրդն է, բանտերում փակված անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների զոհերը, Երևանի փողոցներում մահակներից պաշտպանվող քաղաքացիները:

Հ.Գ. Տա Աստված, որ Հիսուսի խաչի զորությունը մեր քրիստոնյա երկիրը պատվով պահի թշնամուց, իսկ մեր ազգի զավակները խաչ չբարձրացվեն և խաչված չմնան ընդմիշտ՝ առանց հարության հավատի:

 

Մհեր Ենոքյան

ցմահ բանտարկյալ՝ 18-րդ տարին

 <Նուբարաշենի> կլոր գերեզմանոցում