«Ես մեղադրում եմ Փաշինյանին, որ ուրիշների միջնորդությամբ Էրդողանին երկխոսության առաջարկ է անում». Բագրատ Էստուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» երկլեզվյան շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

– Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրեն է փոխանցել Նիկոլ Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը: Նա նաև հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունները կհաղթահարվեն «զանգեզուրյան միջանցքը» բացելու միջոցով: Ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի այս հայտարարությունները, նաև այն, որ Փաշինյանը Վրաստանի միջոցով է փորձում Էրդողանի հետ կապ հաստատել:

– Ի՞նչ կարող եմ ես ասել, Նիկոլ Փաշինյանն ինձ չի լսում: Ես քանի անգամ տարբեր առիթներով ասացի, որ ոչինչ չի փոխվել Թուրքիայի մոտ: Մենք, անշուշտ, որպես պետություն, 30 տարի հարաբերությունների բնականոնացումը պահանջեցինք, բայց մեր դիմաց, այդ առումով, դժբախտաբար, քաղաքակիրթ զրուցակից չկա:

Ընդհակառակը, մեզ շրջափակում պարտադրող երկիրը հիմա էլ մեզնից միջանցք է պահանջում: Սա բոլորովին անընդունելի է, և անշուշտ այդ կեցվածքի պատասխանը պետք է տալ:

Մանավանդ որ, մեծամտությամբ է խոսում Էրդողանը՝ ասելով, որ եթե իր հետ խոսել են ուզում, պետք է զոհողություններ անեն: Սա արհամարհանք հայ ժողովրդի հանդեպ, և այդ արհամարհանքին պետք չէ տեղի տալ: Ընդհառակը, Հայաստանը պետք է ասի՝ դուք ձեր ճամփով գնացեք, մենք 30 տարի այս ճանապարհով շարունակեցինք, չծնկեցինք ձեր դիմաց, այսուհետ ևս չենք ծնկելու: 

Այստեղ նույնիսկ նշանակություն չունի, թե պատերազմն ինչ արդյունքով ավարտվեց, որքանով էր Թուրքիան ներգրավված այդ պատերազմում, այդ բոլորից անկախ որպես դիվանագիտական մերձեցում, Հայաստանը պետք է զսպվածություն դրսևորի Թուրքիայի հանդեպ: Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ ուրիշների միջնորդությամբ Էրդողանին երկխոսության առաջարկ է անում: 

– Ընդհանուր առմամբ, Էրդողանի այս հայտարարությունը ինչ-որ տրամադրություններ Թուրքիայի հայ համայնքում ստեղծե՞լ է, թե՞ ոչ:

– Իհարկե ոչ: Ես, իհարկե, Թուրքիայի հայ համայնքի զարկերակը անմիջական բռնած մարդ չեմ, որ միանշանակ հայտարարություն անեմ, թե այսօր Թուրքիայի հայ համայնքն ինչ է մտածում: Թուրքիայի հայ համայնքի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ ամբողջական հանրույթի մասին չէ խոսքը: Տարբեր մտածողության տեր մարդիկ կան, հնարավոր չէ ամբողջական պատկերացումով մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ հիմնականում շատ լուրջ հետաքրքրություն այդ հայտարարության հանդեպ չեն ունեցել:

– Այս հայտարարություններն այս փուլում որևէ հեռանկար չունե՞ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով:

– Ո՛չ, չունեն: Թուրքիան այդպիսի նախաձեռնության տակավին պատրաստ չէ: Էրդողանի գլխավորած կառավարությունը այդ տեսակի առաջընթացի պատրաստ չէ: 

– Նույնիսկ եթե հիմա Փաշինյան-Էրդողան հանդիպում տեղի ունենա, ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից:

– Էրդողանը տակավին իր որոշ բացատրությամբ իրեն պահանջատեր է համարում: Դա է պատճառը, որ ես խստորեն մերժում եմ այս պահին երկխոսության հնարավորությունը: Էրդողանն իր մտայնությունը չի բարեկրթել, բարեկիրթ մերձեցում չկա Հայաստանի հանդեպ:

Ինչ-որ քաղաքակիրթ հարաբերություններ մշակելու համար նախ պետք է քաղաքակիրթ մերձեցումը որդեգրած լինեին: Դա չենք տեսնում այս պահին Թուրքիայի կառավարության մոտ: Հետևաբար, ընդհակառակը, մենք հիմա պետք է լռություն պահպանենք և հեռու մնանք նրանցից: 

– Նիկոլ Փաշինյանի խոսնակն է արձագանքել Էրդողանին և ասել, որ այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել, իսկ Էրդողանի հայտարարության հետ կապված էլ ասել է, որ ՀՀ Կառավարության ծրագրում կա ապաշրջափակման գնալ և հարևանների հետ հարաբերություններ ստեղծել:

– Հետևաբար, եթե գործնական դաշտում նայենք, այդ մասին որևէ արտահայտություն չկա հանրային կարծիք ձևավորելու ուղղությամբ: ՀՀ Կառավարությունն այդ առումով իր ծրագրի մասին ոչ մի հայտարարություն չի արել: Ոչ ոք տեղյակ չէ նրանց այդ ծրագրից, հետևաբար ես էլ բնավ վստահ չեմ նման ծրագրի գոյությանը: 

– Կարծում եք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար այս ամենը զուտ խոսակցություններ են և հաստատ չե՞ն վերածվելու գործնական քայլերի: 

– Այո՛, այդպես եմ կարծում: Սրանք զուտ խոսակցություններ են, և գործնական ոչ մի արդյունքի կողմերը պատրաստ չեն: Երբ խոսք բացվի, կասեն՝ ուզում ենք, որ հարաբերություններ լինեն, բայց երբ խոսքը լրջանում է, նորից խոսում են նույն նախապայմանի մասին, անցքեր պահանջելու մասին, այն դեպքում, երբ դու անցքերը փակել ես 30 տարի:

Դու 30 տարի շրջափակել ես Հայաստանը ու հիմա այդ երկրի հետ հարաբերություն ստեղծելու համար ուզում ես, որ անցքե՞ր բացի քո առջև: Սա ամոթ է և դիվանագիտական առումով խայտառակ երևույթ է, և Հայաստանը պետք է հենց այդ ուղղությամբ պատասխանի Էրդողանին: Շրջափակում իրականացնող երկիրն ինչպե՞ս կարող է անցք պահանջել, ի՞նչ երեսով:

Մանե Հարությունյան

MediaLab.am