«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– «44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»: Այս մասին Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն: Ո՞րն է Փաշինյանի այս խոսքերի ուղերձը:
– Եթե Նիկոլ Փաշինյանի մտածողությանը հետևենք՝ ստացվում է, որ մենք անկախ պետություն չենք ունեցել, որովհետև ունեցել ենք հայկական Արցախ, նրա տրամաբանությամբ այսպես է: Փաշինյանի հայտարարություններին դժվար է այլևս նորմատիվ հայերենով պատասխանել:
Մենք պետություն ունենալու հնարավորություն ունեցել ենք ու այն ձևավորել ենք համազգային շարժման արդյունքում՝ 1988 թվականին, պետությունը բովանդակություն ստացել է Արցախյան առաջին պատերազմում՝ իր հաղթանակով: Մենք ունեցել ենք շատ իրական Հայաստան, որը որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել, չնայած իր բոլոր խնդիրներին, բավականին կարևոր գործոն է եղել տարածաշրջանում:
Հիմա, Նիկոլ Փաշինյանը եկել է, այդ ամենը կործանել է, իրական Հայաստանի փոխարեն ստեղծել է կռացած Հայաստան, կործանել է Արցախը, չի կարողանում երաշխավորել անգամ Սովետական Հայաստանից ժառանգություն մնացած տարածքային ամբողջականությունը: Բնականաբար, այս ամենից հետո իր վրայից այդ ազգային աղետի պատասխանատվությունը մաքրելու համար հակագիտական, հակաբարոյական, հակաքաղաքական հայտարարություններ է անում, կրկնում եմ, սա արդեն քաղաքագիտական վերլուծության թեմա չէ:
Երկիրը կանգնած է տոտալ օկուպացիայի շեմին, ու այստեղ Թուրքիան ու Ադրբեջանը պահում են մի իշխանություն, որը մաքուր ադրբեջանական ու թուրքական թեզեր է գեներացնում: Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է մեր քաղաքական ու ազգային ինքնությունը՝ սեփական իշխանությունը պահպանելու երաշխիքների դիմաց:
– Միակ նպատակն իշխանությունը պահե՞լն է:
– Երկու խնդիր է լուծում՝ իր վրայից մաքրել ամոթալի պարտության խարանը, երկրորդ՝ պահել իր իշխանությունը:
– Հաջողվո՞ւմ է:
– Մինչև այս պահը հաջողվում էր, բայց հիմա ինքը վտանգավոր խաղի մեջ է մտնում. Հայաստանին բացահայտ պատերազմ է հայտարարում: Բացահայտորեն, Երրորդ հանրապետության գոյությունը դնում է կասկածի տակ, ընդ որում՝ վերջին տասը օրվա մասին եմ ասում, այդ հայտարարությունը սրա մասին է, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականություն է որդեգրում, մաքուր Անկարայի թեզերն են դրանք, ես որպես պատմաբան եմ վստահեցնում: Բնականաբար, սա որևէ կապ չունի անկախ պետություն ունենալու հնարավորության հետ:
– Այդ հանդիպման ժամանակ նաև ասել է, որ «Հայաստանի հարատևության ապահովումը կկարողանանք անել, եթե մեր տարածաշրջանում՝ մեր հարևանների միջավայրում, կկարողանանք ապրել առանց արտաքին օգնության»:
– Դա լրիվ հակասում է այն քաղաքականությանը, որ ինքը վարում է: Այդ պնդումը ես կարող եմ անել, ընդ որում, դրա համար իր կողմնակիցներն ինձ համարում էին ռեգիոնալիստ՝ վիրավորական շեշտադրմամբ: Այո՛, ցանկացած պետություն ավելի անվտանգ ու ինքնիշխան է լինում, եթե հարևան երկրների հետ ունենում է արժանապատիվ հարաբերություններ: Իհարկե, տարածաշրջանում պետք է փնտրել խնդիրների լուծումը, իսկ ինչո՞ւ են իրենց կողմնակիցները սրերով հարձակվում մեզ վրա, երբ մենք խոսում ենք «3+3» ձևաչափի կարևորության մասին: Ի հեճուկս տարածաշրջանում ստեղծված համատեքստի՝ ինքը փորձում է հիմա փրկիչներ բերել Արևմուտքից:
– Նա դա համարում է համագործակցություն, որովհետև նշում է, որ դա չի նշանակում, թե չպետք է համագործակցենք աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ:
– Այո՛, պետք է համագործակցել, բայց բոլորի հետ ու իրական օրակարգով, բարեփոխումներ խթանելու նպատակով: Պետք է շատ ակտիվ, հավասարակշռված քաղաքականություն վարել, այո՛, առաջին հերթին տարածաշրջանում, հետո Ռուսաստանի ու Արևմուտքի միջև պետք է շատ բալանսավորված քաղաքականություն վարել: Իսկ Հայաստանն այսօր ունի զրո դաշնակից, Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցված են պատմականորեն ամենանվազագույն կետին, Արևմուտքում ձեռք չենք բերել գեթ մեկ դաշնակից:
– ԱՄՆ-ի այս այցից ի՞նչ ակնկալիքներ ունենք:
– Ոչ մի: Բա ԱՄՆ-ի այցն օգտագործում են նման հիմար հայտարարությունների համա՞ր: Նոր վարչակազմ կար, փոխանակ ինքը հասներ նրան, որ լուրջ հանդիպումներ ունենար ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, ինչը կողջունեի, փոխանակ նման բաների հասնի, գնում է հայ համայնքի մոտ Հայաստանի դեմ արշավ է անում:
– Պարո՛ն Սուրենյանց, իսկ ինչո՞ւ չի կարողացել հասնել նրան, որ նման հանդիպումներ ունենա:
– Որովհետև հայ-ամերիկյան հարաբերություններում ինքը շեշտը դրել է ֆորմալիստական կողմի վրա, հայ-ամերիկյան հարաբերությունները բովանդակություն չունեն: Իրականում մենք ոչ թե արևմտամետ իշխանություն ունենք, այլ՝ ռուսաֆոբ, որն Արևմուտքի տարբեր մայրաքաղաքներում հակառուսական պար է պարում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















