«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Հայաստանում թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ տարբեր գործիչներ խոսում են խաղաղություն, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին: Ադրբեջանում այս առումով ի՞նչ իրավիճակ է, հայերի հետ խաղաղություն հաստատելու կամք, ցանկություն կա՞ն այնտեղ, այդ թեմայի մասին խոսողներ կա՞ն:
– Իրականում, եթե նայենք օգոստոսի 8-ից հետո տեղի ունեցող զարգացումներին, ապա կտեսնենք, որ Ադրբեջանում հատուկ, նպատակային փորձում են շարունակել հայերի նկարագրի հետ կապված իրենց տեսլականը, այն է՝ հայերը «ահաբեկիչներ են, հանցագործներ են», դրան են ծառայում մեր հայրենակիցների նկատմամբ շինծու դատավարությունները:
Եթե նայում ենք բուն գործողություններին ու հռետորաբանությանը, ապա Ադրբեջանում շարունակվում են հայատյաց հռետորաբանությունն ու քաղաքականությունը, հայերը շարունակում են դիտվել որպես թշնամիներ, Հայաստանն էլ՝ թշնամական պետություն, Ադրբեջանի քաղաքականությունն էլ շարունակվում է հենց այդ տրամաբանության մեջ:
Ինչ վերաբերում է խաղաղության մասին խոսելուն, ապա ասեմ, որ դա էլ է հարաբերական, եթե մենք մտածում ենք, որ իքս ադրբեջանցի խոսում է խաղաղության մասին, այնպես չէ, որ նա ասում է՝ գիտե՞ք՝ Արցախը հայերինն է, տվեք նրանց, այսինքն՝ այդ խոսույթը չի ենթադրում որևէ հայամետ դիրքորոշում, հայերի իրավունքների պաշտպանություն, իրենց պատկերացրած խաղաղության մասին են խոսում: Նրբությունն այն է, որ այդ մարդիկ ասում են՝ եկեք այդ մարդկանց չսպանենք, այդ մարդկանց նկատմամբ էթնիկ զտում չձեռնարկենք, այս ատելության խոսքի շարունակականությունը չապահովենք:
Նման ավելի ակտիվ դեպք դրսևորվել է 2023-ի ամռանը՝ մինչև Արցախի էթնիկ զտումը, դա բոլորն ուսումնասիրում էին, ու պարզ էր, որ դա տեղի է ունենալու, հենց այդ ժամանակ մի քանի ադրբեջանցի առաջարկեց հարձակում չգործել, նստել ու խոսել: Այդ բոլոր մարդիկ հետագայում ձերբակալվեցին, հանրային պարսավանքի ենթարկվեցին, մեղադրվեցին հայերի օգտին լրտեսություն անելու համար, ընդ որում, կրկնում եմ, այդ մարդիկ չէին ասում՝ եկեք Արցախը ճանաչենք Հայաստանի մաս, նրանք ընդամենն ասում էին՝ եկեք այդ մարդկանց չսպանենք, եկեք նստենք ու խոսենք նրանց հետ, համոզենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն ու ապրեն:
Այդ առումով ավելի ակտիվ շրջանառվում է Բահրուզ Սամադովի անունը, վերջինս երկար ժամանակ ապրել ու աշխատել է արտերկրում, մի քանի հոդված ունի ընդդեմ Ալիևի վարչակարգի, մի կարճ ժամանակով վերադառնում է Բաքու իր տատին այցելելու, այդ ժամանակ էլ ձերբակալվում է, մեղադրում են հայերի օգտին լրտեսության համար, դատապարտում կարծեմ 16 տարվա ազատազրկման:
Այսինքն՝ ցանկացած գործողություն, որը կարող է նպաստել հայերի վերաբերյալ վերաբերմունքի փոփոխությանը, Ադրբեջանի վարչակարգի համար խնդրահարույց է, որովհետև այդ վարչակարգը սնվում է հենց հայերի դեմ այդ քարոզչությամբ ու ատելության տարածմամբ, դա անփոփոխ է:
Բոլոր նրանք, ովքեր պատրանքներ ունեն այդ առումով, բացարձակ չեն հասկանում Ադրբեջան պետությունը, այն քաղաքական համակարգը, որ կա այնտեղ, Ալիևի համար կենսական է շարունակել հայերի վերաբերյալ թշնամական քարոզը:
– Մե՞ծ է մարդկանց թիվը, որոնք իբր հայերի օգտին «լրտեսության» համար բանտարկված են:
– Եթե չեմ սխալվում, ապա 4-5 հոգի են անցնում այդ գործերով, գոնե պաշտոնական տվյալներով այդ գործով են մեղադրվում, մնացածը՝ այլ հոդվածներով՝ փողերի լվացում և այլն: Այդ թվում լրագրողներ, որոնք Ալիևի վարչակարգի դեմ նյութ են գրել, նրանք էլ են անուղղակի մեղադրվում հայերի հետ կապեր ունենալու համար, ուղղակի դա մեղադրանքի մեջ չի ներառվում, բայց, առհասարակ, եթե փորձում են մեկին մեղադրել, վարկաբեկել, նրան կապում են հայերի հետ:
– Տիկի՛ն Հայրապետյան, այդ զուգահեռ իրականությունները խաղաղության վերաբերյալ Հայաստանում ու Ադրբեջանում, որտեղ գիտենք, թե ի՛նչ պատկերացում կա խաղաղության մասին, իշխանությունն ինչ է ասում, ինչի՞ մասին են խոսում:
– Անկախ քարոզչական այդ բոլոր մեթոդներից՝ այս տարիներին հանրության լայն շերտ հետևություն է արել Ադրբեջանի քաղաքականությունից, այդուհանդերձ, պետության քաղաքականությունը իհարկե կարևոր է, որովհետև պետությունն է որոշում, թե ինչ ճանապարհով է գնում:
Սա խոսում է այն մասին, որ մենք ապրում ենք իրար հետ կապ չունեցող երկու զուգահեռ իրականության մեջ, որոնցից մեկում Ալիևը ավելացնում է ռազմական բյուջեն, շարունակում է ատելության քարոզը հայերի դեմ, կեղծում է պատմությունը: Կա Հայաստանը, որտեղ իշխանությունը կրճատում է ռազմական բյուջեն, անում են քայլեր երկրի անվտանգությունը թուլացնելու ուղղությամբ, գումարած դրան մեկ այլ վտանգավոր բան են անում՝ բոլոր արտաքին խաղացողներին ասում են՝ վե՛րջ, մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ:
Ադրբեջանական դպրոցներում աշակերտներին սովորեցնում են, որ Հայաստանն իրենց տարածքն է, իսկ մեզանում ասում են, որ օգոստոսի 8-ից հետո խաղաղության մեջ ենք ապրում: Կարծում եմ՝ հասկանալու խնդիր է, իսկ եթե դու դրանք չես ուզում տեսնել, կոծկում ես դա, ապա այդ խնդիրները չեն վերանում, ավելի ու ավելի են մեծանում:
– Հայկական կողմը, ըստ ձեզ, ինչո՞ւ չի նկատում այդ իրականությունը:
– Տարբեր պատճառներ կարող եմ ներկայացնել, բայց ես հույս ունեմ, որ մի օր նորմալ քննություն կիրականացվի ու կպարզվի, թե այս մարդիկ ինչո՛ւ են գնում ադրբեջանական պահանջների կատարմանն ու ադրբեջանական խոսույթները հայ հանրության մեջ դոմինանտ դարձնելու ուղղությամբ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















