Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ բանակցություններով որևէ պայմանավորվածության չեն գնալու․ Օհանյան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին հեռանալ երկրից. Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության խնդիրն է միշտ մարտունակ վիճակում լինել և միշտ կանխատեսել ու կանխարգելել Ադրբեջանի գործողությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողների կողմից Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձին։

«Սա հերթական սադրանքն է ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր հատվածներում են կազմակերպում միջադեպեր և սադրանքներ՝ իրենց նպատակները առաջ տանելու համար։ Նրանք շարունակում են ճնշումներ գործադրել թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի Հանրապետության վրա։ Ադրբեջանը Հակարայի կամրջում իրականացրած գործողությամբ շարունակում է  խորացնել Արցախի շրջափակումը՝ փորձելով Հայաստանի Հանրապետության բոլոր հատվածներում ինքնուրույն սահմանագծում կամ սահմանազատում իրականացնել։ Լավ է, որ հայկական կողմը կարողացել է հետ շպրտել առաջխաղացումը»,-  նշեց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ բանակցություններով որևէ պայմանավորվածության չեն գնալու և շարունակելու են ճնշումները Հայաստանի և Արցախի վրա։

«Յուրաքանչյուր երկիր իր անվտանգության ապահովման համար պետք է ձևավորի երաշխիքներ։ Այսինքն՝ ոչ թե խաղաղությունն է երաշխիք, ինչպես այսօրվա Կառավարության ղեկավարն է ասում, այլ երաշխիք են զինված ուժերը և խելացի արտաքին քաղաքականությունն ու դրա շրջանակներում իրականացվող հմուտ բանակցությունները»,- ասաց Օհանյանը։