Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա

Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի առկա մարտահրավերները:

– Տիկին նախարար, ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով:

– Շատ սեղմ ժամկետներում մենք պետք է կրթական ոլորտն ուժեղացնելու խնդիր դնենք մեր առջև և ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը: Առաջնահերթության կարգով կնշեի՝ անվտանգության համակարգերի ներդրուման ծրագիրը դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս ծրագիրն արդեն պլանավորման փուլում է: Կրթահամակարգում զարգացնելու ենք «Թումո» ծրագիրը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Առաջիկայում նախատեսում ենք Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում տեղակայել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ: Այն իրենից ներկայացնում է արբանյակային փոքր կենտրոնների ցանց, որը հնարավորություն է ընձեռում քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ: Ցանկանում ենք նաև ընդլայնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք 11-12 «Արմաթների» տեղադրում:

Մինչ պատերազմն Արցախում գործում էին ավելի քան 30 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաեր, որոնցից 10-ը պատերազմի հետևանքով մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախի կրթահամակարգում ցանկանում ենք համապատասխան տեխնոպարկ և իրական դպրոց ստեղծել: Այս տարվա ապրիլին Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կունենանք անօդաչու թռչող սարքերի աշխատանոց, որը լինելու է կրթական ավիալաբորատորիա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։