«Հուսով եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետևություններ կանի՝ վերլուծելով ճգնաժամի պատճառները», ասել է Բայրամովը․ Ազատություն

«Պաշտոնական Բաքուն հույս ունի, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետևություններ կանի՝ վերլուծելով առկա ճգնաժամի պատճառները», – այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով երեկ Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքները, գրում է Ազատությունը։

«Հայաստանում ծագած ճգնաժամի պատճառը ոչ թե պատերազմում կրած պարտությունն է, այլ ագրեսիայի այն քաղաքականությունը, որ վարում էր Հայաստանը տասնամյակների ընթացքում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ուժ կիրառելով և փոխելով միջազգայնորեն ճանաչված սահմանները», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը կողմ է հարաբերությունների վերականգնմանը՝ «սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիմա վրա»։

«Որոշում կայացնողը Հայաստանն է», – հայտարարել է Բայրամովը՝ հավելելով նաև,որ եռակողմ համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը ձգձգվում է։