Տգիտությունը, պարազիտությունը, ապիկարությունը, ապաշնորհությունը սահմաններ չի ճանաչում. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Տգիտությունը, պարազիտությունը, ապիկարությունը, ապաշնորհությունը սահմաններ չի ճանաչում․ ինչ անել:

Այսօր հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է շարունակել խորհրդարանական աշխատանքների բոյկոտը։ Հայաստանի առջև ծառացած ահռելի մարտահրավերների խորապատկերում խորանում է խորհրդարանական ընդդիմության ճգնաժամը, ընդդիմության լեգիտիմության բացակայության, կամ լեգիտիմ ընդդիմության բացակայության ճգնաժամը:

Նախկին կառավարող համակարգ-խորհրդարանական ընդդիմության ԱԺ աշխատանքները բոյկոտելու գաղափարի հանդեպ հանրության վերաբերմունքը կամ տոտալ անտարբերությունը իր հերթին ավելացնում է վտանգները։

Ընդ որում, նախկին կառավարող համակարգ-խորհրդարանական ընդդիմության լեգիտիմության բացակայությունն ինքնաբերաբար լեգիտիմ է դարձնում ներկայիս կառավարող մեծամասնությանը՝ որոշակիորեն անգամ անկախ այդ կառավարման արդյունավետությունից: Առանցքային արդյունք դիտվում է այն, որ թույլ չտրվի նախկին համակարգի վերադարձ իշխանության:

Մինչդեռ, դա Հայաստանի համար չափազանց անհամարժեք և փոքր խնդիր է՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների և դրանցից բխող մարտահրավերների համատեքստում: Եվ այստեղ է, որ առկա է խորքային քաղաքական ճգնաժամը՝ Հայաստանում որակապես և բովանդակային առումով իրապես այլընտրանքային ընդդիմության բացակայությունը, որի առկայությունը ոչ թե «կարդարացնի» գործող քաղաքական իշխանությանը, այլ կդնի առավել բարձր և լրջմիտ պատասխանատվության տակ:

Այդպիսի ընդդիմության բացակայությունն է ներկայումս Հայաստանում քաղաքական ճգնաժամի բուն պատճառը կամ արմատը, որի հաղթահարումը օբյեկտիվորեն պահանջում է իհարկե տևական ժամանակ, սակայն դրանով հանդերձ առավել հրամայական է դարձնում հաղթահարման ուղիների փնտրտուքի կամ մշակման ուղղությամբ արդեն այսօր շոշափելի աշխատանքի անհրաժեշտությունը:

Այս օրակարգը պետք է դառնա արտախորհրդարանական ուժերի գլխավոր անելիքը։ Անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ համակարգված և համադրված աշխատանք տանեն այն ուժերը, որոնք ունեն համապատասխան ներուժ և ռեսուրս»: