ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղեկացնում են նախարարությունից:
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Լիլա Պիտերս Յահիային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նախարարը կարևորել և բարձր է գնահատել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող համատեղ ծրագրերը, որոնց թվում՝ կրթության, երիտասարդության և մշակույթի ոլորտներում առկա համագործակցությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման համատեքստում։
Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ՝ վաղ մանկության զարգացման և հանրակրթության ոլորտում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու նպատակով, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ դպրոցական սննդի ապահովման շրջանակում: Նախարարը նաև բարձր է գնահատել «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի մշակման շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և առանձնահատուկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ցուցաբերած փորձագիտական աջակցությունը՝ ներկայացնելով ռազմավարության հիմնական նպատակները և թիրախները:
Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման խնդրին՝ մասնագիտական կրթության զարգացման համատեքստում: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի առաջին անգամ փորձ է արվել վերանայել ըստ մասնագիտությունների բուհերի պետպատվերի տեղերի բաշխման քաղաքականությունը՝ այս հարցում կարևորելով երկու շահագրգիռ կառույցների՝ Էկոնոմիկայի և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հետ ներկայում ընթացող ակտիվ երկխոսությունը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիայն իր հերթին նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում թևակոխել է մեծածավալ բարեփոխումների փուլ՝ ընդգծելով, որ առանց կրթության հնարավոր չէ զարգացում, և հենց կրթությունն է ցանկացած երկրի զարգացման առանցքը: Նա հատկապես կարևորել է վաղ մանկության զարգացման և ՄԿՈՒ ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև մասնավոր հատվածի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ՄԿՈԻ ոլորտն առավել գրավիչ դարձնելու նպատակով: Լիլա Պիտերս Յահիայը շեշտել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը և կառույցները պատրաստակամ են աջակցելու բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Անդրադառնալով մշակութային ժառանգության խնդրին՝ Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել այդ ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են:
Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով, ինչպես նաև այն ակնկալիքով, որ ՄԱԿ-ի անդամ երկրները կավելացնեն իրենց ՀՆԱ–ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը:
Հանդիպմանը արծարծվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: