ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ կարևոր բաղադրիչ է։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Ինքը կոնսենսուս է ձևավորում, մանավանդ ԱՄՆ-ի կողմից ընդունելու դեպքում։ Իսկ երբ արդեն կոնսենսուս է ձևավորվում, միջազգային դատարաններն ու միջազգային ատյանները ճանաչում են այդ փաստը»,- ասում է մասնագետը։
Արա Ղազարյանը որպես օրինակ բերում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը։ Հայաստանն այս գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ:
Շվեյցարիան աշխարհում առաջին երկիրն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը։ Թուրքական աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը առաջին անձն էր, որ 2007 թվականին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։
Մասնավորապես, Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել էր 1915 թվականի և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա հայկական ցեղասպանությունը որակել էր որպես «միջազգային կեղծիք»: Շվեյցարիայում համարել էին, որ նա ռասիստական և ատելություն սերմանող գործունեություն էր ծավալել։
2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք էր ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր էր ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել էր պայմանական ազատազրկման և տուգանքի:
Սակայն 2015 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր հրապարակել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ «Շվեյցարիան խախտել էր Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը»:
Արա Ղազարյանն ասում է, որ ՄԻԵԴ-ի կողմից նման որոշման հրապարակման պատճառն այն էր, որ ՄԻԵԴ-ը նշել էր՝ ընդամենը 24 երկիր է ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ թվում՝ որոշ երկրներ մասնակի էին ընդունել։
«Ինչպես Եվրադատարանն է ասում, քանի դեռ աներկբայորեն հաստատված պատմական փաստ չդառնա դա… Իսկ աներկբայորեն հաստատված պատմական փաստ դառնալու դեպքում արդեն արգելքը գործում է բացարձակ կերպով՝ ցեղասպանությունը հերքելու, մերժելու և այլն։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք, որ պետք է դա դարձնենք որպես աներկբայորեն ճանաչված փաստ, ինչպես Հոլոքոստը»,- ասում է Արա Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այն, որ ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա կարող հանգեցնել այլ պետությունների կողմից ճանաչման գործընթացի ավելի արագացման։ «Դա արդեն միջազգային ատյանը կճանաչի, որովհետև դա նաև քաղաքական հետևանքներ կունենա»,- հավելում է նա։
Ղազարյանն անդրադառնում է նաև հարցին, թե ցեղասպանության զոհերի կամ տուժածների ժառանգները միջազգային դատական ատյաններում կարո՞ղ են փոխհատուցման հարցեր բարձրացնել։ ԱՄՆ-ում ժառանգների կողմից գույքային հատուցման հայցեր կան ընդդեմ Թուրքիայի, սակայն դրանք կասեցվել էին այն պատճառով, որ ԱՄՆ նախագահի կողմից ընդունված չէր ցեղասպանությունը։ Հիմա այդ հայցերը կարող են ակտիվանալ։
«Առաջին հերթին ամեն մեկը կփորձի իր երկրի ներսում այդ հարցը լուծել։ Օրինակ՝ ԱՄՆ-ում քաղաքացիական հայցեր են ներկայացնում այն անձանց ժառանգները, որոնք Թուրքիայում գույք են ունեցել և կորցրել են։ Իսկ միջազգային հայց բերել՝ որպես ցեղասպանության ժառանգորդներ, այդ մասին դեռ վաղ է խոսել։ Գուցե Եվրոպական դատարանում բերեն, բայց պատասխանողը պետք է Թուրքիան լինի։ Այնպես որ, առաջին հերթին պետք է կոնսենսուս ձևավորվի, հետո նոր պետք է մտածել՝ գույքային ինչ պահանջներ կարող են ներկայացվել»,- հավելում է նա։
Արա Ղազարյանը նաև մեկ այլ տեսանկյունից է կարևորում կոնսենսուսի ձևավորումը։ «Եթե, օրինակ՝ Հայաստանը հայց հարուցի Արդարադատության միջազգային ատյանում ընդդեմ Ադրբեջանի, հիմնավորումներից մեկը կլինի այն, որ ռասիզմը ապացուցվում է նրանով, որ Ադրբեջանը հերքում է աներկբայորեն հաստատված պատմական փաստը, որն է դարի ցեղասպանությունը։ Այսինքն՝ հայցեր հնարավոր կլինի ներկայացնել նաև այն պետությունների դեմ, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը»,- ասում է նա։
Միաժամանակ մասնագետը նկատում է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, որ Հայաստանը՝ որպես երկիր, միջազգային դատարաններում հայց կարող է ներկայացնել Թուրքիայի դեմ։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am