Հանուն և ընդդեմ ապտակով մեծացածների

Հանուն և ընդդեմ ապտակով մեծացածների
Հանուն և ընդդեմ ապտակով մեծացածների

Ընտանեկան բռնության մասին օրենքի դեմ բարբառող քաղաքացիների խոսքն օրենքի ուժ չունի և չի ունենալու: Նրանց պայքարը ոչ մի արդյունք չի տա: Ու նրանց ընդդիմությունը թեմա չէ: Որովհետև օրենքի «հեղինակները» նրանք են: Ինչպես ծխախոտի դեմ պայքարի «հեղինակներն» են ծխողները: Ինչպես մահապատժի դեմ պայքարի «հեղինակներն» են մեռնողները: Ինչպես Կարմիր գրքի «հեղինակներն» են որսորդները: Ուրեմն օրենքին նրանց ընդդիմանալը թեմա չէ: Օրենքը կընդունվի: Եվ փառք Աստծո:

Օրենքում ոչ մի տառ չկա ընդդիմացողների մտահոգության մասին՝ երեխային ծնողից խլել, ընտանիք քայքայել և այլն: Մի շարք պատճառներով ինձ զվարճացնում են այս օրինագծի դեմ ընդդիմացողները: Նախ` ընտանեկան բռնությունն անխուսափելի է, հետևաբար անխուսափելի է դրա դեմ պայքարը: Անխուսափելի է, որովհետև մարդն անգրագետ լինելու մեծ «ներաշխարհ» ունի, իսկ օրենքը հաստատ գրագետների համար չէ:

Անգրագետ մարդը հակում ունի բռնության, որովհետև բռնանալը հեշտ է:

Եթե անգրագետ էլ չէ, կարող է, չէ՞, հարբած մտնել տուն ու հարձակվել կնոջ ու երեխայի վրա: Եթե անգրագետ էլ չէ, համենայնդեպս, կարող է, չէ՞, մտածել, որ մի քիչ ավելի տղամարդ է իր տան մեջ: Ընտանեկան բռնությունը հարբեցողի կամ «տղամարդու» դեմ չէ, նա պաշտպանում է կնոջը և երեխային, որոնք մինչև այս օրենքը հարբեցողից կամ «տղամարդուց» պաշտպանվելու հող չեն ունեցել:

Հիմա նրանք հանձին օրենքի ունեն ապաստարան: Ընտանեկան բռնության մասին օրենքը այն հոր դեմ է, որը բնական է համարել բռնությունը, այսինքն, դրա անունը բռնություն չի դրել: Այս օրենքից հետո հայրը կգրագիտանա իր հակումների մեջ, նա կհասկանա, որ կնոջը և դուստրերին ծեծելը բնական իրավունք չէ, որ բնական իրավունքը խնամքն է, և «իմ երեխան ու իմ կինն են, ինչ ուզեմ` կանեմ» արտահայտությունը բռնություն ծնող արտահայտություն է, դրա համար կա ինքնապաշտպանությունը, որը գոնե վաղուց օրինական է: Ընտանեկան բռնության դեմ օրենքը կնոջն ազատում է բռնությունից ելքը տեսնել անպայման կացնով ամուսնու գլուխը ջարդելու մեջ: Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը պարզապես ինքնապաշտպանությանը հավելյալ բովանդակություն է տալիս:

Բայց ընդդիմացողների ուզածն ի՞նչ է. որ շարունակեն ծեծե՞լ իրենց կանանց և երեխաներին: Ընտանիքը նրանց իշխանության վերջին ամրո՞ցն է: Ո´չ, ընկերնե´ր: Նրանց իշխանությունը հակափաստարկ չունենալը բռունցքներով լրացնելն է, հակափաստարկի բացակայությունից է ծնվում բռնությունը, ու օրենքի դեմ ընդվզողները կարծում են, թե իրենց բռունցքը պարապ է մնալու, մինչդեռ իրենց փաստարկները չեն ավելանալու:

Բոլոր օրենքները ծնվում են մարդու հակումներից: Մեկը ծեծելու հակում ունի, մյուսը՝ նվաստացնելու, որպեսզի երեխան կամ կինը իրենց տեղն իմանան: Ես կնոջ եմ ճանաչում, որը նորածնին կրծքով կերակրում էր բառի բուն իմաստով բռնությամբ: Պատճառաբանությունը,- ինչպես ասում են` մատներդ հետը կլիզես այդպիսի պատճառաբանությունից՝ չափազանց չեխովյան է,- ոնց ինքն է ինձ տանջում (հիշե´ք` նորածնի մասին է խոսքը), էնպես էլ ես իրան կտանջեմ:

Սակայն ընտանեկան բռնության մասին օրենքը մի նրբություն ունի. այն բռնության քրեական բովանդակությունը փոքր-ինչ մեղմում է, այսինքն` բռնությունն այս դեպքում պարտադիր չէ, որ քրեական հետևանք ունենա: Այս օրենքն ասում է՝ գուցե բռնացողը բժշկական օգնության կարի՞ք ունի, գուցե նա այցելի հոգեբույժի՞:

Գուցե էդ մարդն էնպիսի ապտակով է մեծացել, որը հետագայում կասեցրել է «ճշտի» բոլոր մյուս փաստարկնե՞րը: Այսինքն` դեռ պետք է ուրախանալ այս օրենքի գոյության համար, որովհետև ինքնին քրեական համարվող բռնությունը մի քիչ ազատվում է քրեականացումից: Եթե, իհարկե, բռնության մյուս զոհից ինչ-որ մի բան մնացել է: Բռնացողը որոշ դեպքերում դադարում է դիտարկվել որպես հանցագործ: Բռնացողն ինքն էլ ընկալվում է որպես զոհ, ինքը դառնում է իր զոհը: Որովհետև ինքն իր անգրագիտության զոհն է:

«Օրենքի չիմացությունը հանցագործին չի ազատում պատասխանատվությունից» հայտնի թեզը փոքր-ինչ քրիստոնեականացվում է այս օրենքում՝ օրենքի չիմացությունը քեզ դարձնում է զոհ: Այդ չիմացության համար նա, սակայն, պետք է վճարի «ռեաբիլիտացիայով»: Եթե, իհարկե, չի ուզում նստել: Պարզապես այս օրենքը քեզ խանգարում է պնդել քո իրավացիությունը: Որովհետև քո անհատական իրավացիության դիմաց կա ինչ-որ մեկի աչքի կապտուկը, դեռ ուրախ եղիր, որ ճաղերի հետևում չես:

Իսկ օրենքին ընդդիմանալը բոլոր դեպքերում խելամիտ չէ, խորհրդարանում Հանրապետականն այն ընդունելու է առանց աչքը թարթելու. ի դեպ` նույնպես դեմ լինելով այս օրենքին:

Մհեր Արշակյան

MediaLab.am