ԱԺ հանձնաժողովի աշխատանքային նիստում քննարկվել է համացանցում ատելության խոսքի կարգավորման հարցը

Մարտի 30-ին Անի Սամսոնյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային նիստը՝ «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» խորագրով:

Քննարկմանը մասնակցեցին համացանցային տիրույթի կարգավորմամբ եւ կառավարմամբ զբաղվող անձինք, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի պատվերով համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման ուսումնասիրություններ են կատարել փորձագետներ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը: Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:

 Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ սա թեմայի վերաբերյալ երրորդ քննարկումն է: Նախորդ անգամ ներկայացվել են փորձագետների զեկույց-առաջարկները եւ քննարկվել վիրտուալ տիրույթի ինքնակարգավորման հնարավորությունները:

Փորձագետներն առաջարկում են  հեռահաղորդակցության եւ սոցիալական ցանցերի օպերատորներին իրենց պայմանագրերում ամրագրել ատելության խոսքի վերաբերյալ դրույթ, ինչը պարտավորություն կստեղծի օգտատերերի մոտ՝ հետեւելու սեփական վարքագծին: Դա կզարգացնի նաեւ մեդիագրագիտությունը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցչի համար առաջարկն ընդունելի է: Նա նաեւ կարծում է, որ ինֆորմատիկա առարկայով կարելի է մեդիագրագիտություն ուսանել:

Ոլորտի մասնագետների կարծիքով՝ նշյալ առաջարկը խնդիրներ կստեղծի օպերատորների համար, քանի որ վերջիններս պատասխանատու չեն բովանդակության համար. նրանք ապահովում են միայն անխափան կապը:

Փորձագետներն ընդգծեցին, որ գործող պայմանագրերում առկա է ցանցային էթիկետ դրույթը, որը կարելի է վերաձեւակերպել: Գործող դրույթի վերաձեւակերպմանը համաձայնություն տվեցին ոլորտի մասնագետներն այն պայմանով, որ օպերատորների վրա այլ պատասխանատվություն չի դրվելու եւ ապագայում մշտադիտարկում չեն իրականացնելու: Դրույթը պայմանագրում ամրագրվելու է միայն որպես տեղեկատվություն:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։